«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է երգչուհի Նարե Գրիգորյանը: Նա մեզ համար բացահայտվել է բոլորովին նոր ռակուրսից: Նարեն խոսել է իր նախասիրությունների, ինքն իր հետ ներդաշնակ լինելու գրավականի, օպտիմիստ լինելու եւ այլ թեմաների շուրջ:
-Նարե՛, կա՞ մի բան, որի կարիքը ցանկացել եք երբեք չունենալ:
-Միշտ ուզեցել եմ, որ ծնողներիս առողջության համար մտահոգվելու առիթ չունենամ:
-Ըստ Ձեզ՝ մարդիկ կենդանիներից սովորելու ի՞նչ ունեն:
-Ես երկու շուն եմ պահել, եւ նրանք մեզ ավելի շատ էին սիրում, քան իրենք իրենց: Մարդիկ հենց շներից պետք է սովորեն հավատարմություն եւ չափից դուրս նվիրվելու ունակություն:
-Ո՞րն է ինքներդ Ձեզ հետ ներդաշնակ լինելու գրավականը:
-Ներդաշնակ լինելու համար ուղղակի հարկավոր է ապրել առանց խաբեությունների եւ երկմտանքների:
-Երբ զգում եք, որ Ձեր ափսեի մեջ չեք…
-Նյարդայնանում եմ, սկսում եմ ժամին նայել: Կարծում եմ՝ նման դեպքերում քաղաքավարությանը զոհ գնալը սխալ է, եւ եթե որեւէ շրջապատում քեզ լավ չես զգում, պետք է պարզապես լքես այն հնարավորինս արագ:
-Ձեզ համար բաժակը կիսով չափ լի՞քն է, թե՞ կիսով չափ դատարկ:
-Կիսով չափ լիքը: Ես իմ տեսակով օպտիմիստ եմ, ամեն տեղ փորձում եմ լավը տեսնել: Գիտեմ, որ ամեն իրավիճակից լուծում կա, ամեն փակ դուռ ունի բանալի: Երբեք չեմ մտածել, որ ելք չկա: Ելք միշտ կա, չքաղաքականացնել (ծիծաղում է):
-Ո՞ր ժամին եք սիրում նայել հարազատ քաղաքին:
-Միանշանակ գիշերը, երբ լռություն է տիրում, եւ բոլորը քնած են:
-Ըստ Ձեզ՝ կյանքում ո՞վ է հաղթում՝ բարի՞ն, չա՞րը, թե՞ ուժեղը:
-Եթե ռեալ, ապա ուժեղը: Բայց միշտ էլ ուզում ես հավատալ, որ այդ ուժեղը միշտ բարին է:
-Ամեն ինչ կտայիք, միայն թե…
-Հարազատներս կողքիս լինեին հնարավորինս երկար եւ առողջ:
-Սովորաբար գերադասում եք ծախսել ժամանա՞կը, թե՞ փողը:
-Իհարկե, փողը, քանի որ ժամանակն ավելի թանկ է: Նախընտրում եմ փողով գնել կամ, ավելի ճիշտ, շահել ժամանակ:
-Երբ շոկի մեջ եք, ինչպե՞ս եք ինքներդ Ձեզ հանում այդ իրավիճակից:
-Շատ ջուր եմ խմում: Ինձ երկար ժամանակ է պետք լինում, որպեսզի դուրս գամ շոկից. դա կարող է օրեր տեւել:
-Ի՞նչ եք անում, երբ զգում եք, որ Ձեզ շահագործում են:
-Առաջնահերթ արհամարհում եմ նման փորձ անողներին: Գոյություն ունեն ժեստեր, որոնց միջոցով ցույց եմ տալիս, որ ամեն ինչ հասկանում եմ: Հետաքրքիր է, որ ինձ շահագործելու փորձերը շատ շուտ եմ զգում: Դա բնատուր բան է:
-Շո՞ւտ եք հուզվում: Կարո՞ղ եք մի հիմար մելոդրամայից աչքերը լցնել:
-Այո, բայց նախկինում այդպիսին չէի: Վերջին տարիներին էմոցիոնալ եւ դյուրագրգիռ, զգայուն եմ դարձել: Դա շատ է վնասում: Հաճախ արցունքներս զսպել չեմ կարողանում: Ամեն դեպքում, հավասարակշռությունը պետք է պահպանել ցանկացած իրավիճակում:
-Նշեք սոցցանցերի մեկ «հրաշագործ» եւ մեկ կործանարար հատկություն:
-Համարյա ցանկացած ինֆորմացիայի հասանելիությունը վայրկյանների ընթացքում. սա հրաշք է: Բայց այն, որ մենք արդեն կառչած ենք այդ սարդոստայնից, դարձել ենք դրա գերին եւ այլեւս չենք պատկերացնում մեր կյանքն առանց դրա, իսկապես կործանարար է:
-Ձեր մասնագիտության գրավիչ եւ վանող կողմերը:
-Ինքնարտահայտվելու, ինքնադրսեւորվելու մեծ հարթակ է բեմը, այնտեղից կարողանում ես փոխանցել էմոցիաներ, սեր. սա գրավիչ կողմն է: Իսկ վանող կողմը վերաբերում է կոլեգաներին: Կոլեգաների կողմից մեջքիցս հասցրած հարվածները հուսահատեցնող են: Դու այլ կերպ ես պատկերացնում դաշտը, բայց հետո մտնում ես այնտեղ եւ բախվում ես իրականությանը: Ամեն դեպքում, ցանկացած մարդու պետք է հնարավորություն տալ, որպեսզի նա դրսեւորվի, եւ դու տեսնես, թե ինչի է ընդունակ:
-Ստեղծագործելու համար Ձեզ հարկավոր է…
-Լռություն եւ մթություն: Իմ ստեղծած բոլոր երգերն ու բանաստեղծությունները ծնվել են գիշերը:
-Երբ մի փոքր ազատ ժամանակ եք ունենում…
-Անմիջապես վազում եմ շունիկներիս մոտ: Նրանք ծնողներիս տանն են, իսկ ես հիմա արդեն այնտեղ չեմ ապրում, կարոտում եմ:
-Ի՞նչն է կանանց կործանում:
-Հպարտության չափից դուրս մեծ դոզան:
-Իմ ո՞ր հարցը Ձեզ դուր եկավ:
-Մարդկանց եւ կենդանիներին վերաբերող հարցը:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
«ՆԵՐԿԱՅԻՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԽՈՑԵԼԻ ՏԵՂԸ ԿԱԴՐԵՐՆ ԵՆ»
«Ներկայիս իշխանության ամենախոցելի տեղը կադրերն են, սա մասամբ լուծելի խնդիր է: Չեմ կարծում, որ դա պայմանավորված է զուտ սուբյեկտիվ պատճառներով, վճռորոշ են նաեւ օբյեկտիվ պատճառները»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց պրոդյուսեր, մի շարք հեռուստատեսային, երաժշտական, գեղարվեստական նախագծերի, «Մեր բակը» ֆիլմի 3 մասերի սցենարների հեղինակ Սարգիս Մնոյանը:
Նրա համոզմամբ՝ առհասարակ, Հայաստանում առկա է պրոֆեսիոնալ կադրերի պակաս բոլոր ոլորտներում. «Բայց քաղաքական թիմն ամենաշատն է պատասխանատվություն կրում, այն պետք է մասնագիտացված լինի բոլոր ասպարեզներում»,-նկատեց Սարգիսը:
Մենք հարցրինք՝ թավշյա հեղափոխությունից ունեցած իր ակնկալիքներն արդարանու՞մ են, եւ արդյոք Հայաստանում ձեւավորվե՞լ է ընդդիմություն. «Ես մշտապես եղել եմ խնդիրների լուծման էվոլյուցիոն ճանապարհի կողմնակիցը: Բայց Հայաստանում եղավ հեղափոխություն, քանի որ արդեն հասունացել էր դրա պահը: Իսկ ակնկալիքների արդարացման մասին դեռ վաղ է խոսել, իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների մասին եւս»,-պատասխանեց Սարգիսը:
Մենք հետաքրքրվեցինք՝ Սարգիսը հեռուստատեսային ոլորտում փոփոխությունների անհրաժեշտություն տեսնու՞մ է, օրինակ՝ պետական հեռուստաընկերության գործունեության պարագայում իշխանության միջամտել-չմիջամտելու հարցն ինչպե՞ս պետք է կարգավորվի. «Առհասարակ, ես գրաքննությունը լավ բան չեմ համարում, բայց նաեւ որպես սցենարիստ եմ ասում, որ գոյություն ունի ներքին գրաքննություն, որին հետեւելն անհրաժեշտ է: Եթե իշխանությունը ցանկություն ունենա վերահսկելու որեւէ բան, կարող է դրան հասնել, բայց հեռուստատեսությունը վերահսկելու իմաստ այսօր չեմ տեսնում՝ պայմանավորված համաշխարհային այն միտումով, որ մարդիկ լքում են ավանդական այս մեդիան եւ հաճախ նախընտրում են օնլայն տիրույթը»,-պատասխանեց մեր զրուցակիցը:
Նրա համոզմամբ՝ ոչ միայն մեր, այլեւ բոլոր իշխանությունների ամենամեծ գործը պետք է լինի չխանգարելը. «Ես ոչ մի սպասելիք չունեմ եւ չեմ ունեցել իշխանություններից: Այսօր շատերը նույնիսկ ամենավատ պայմաններում կարողանում են դրսեւորվել, պատկերացրեք՝ ինչ լավ կլինի, եթե այդ պայմանները բարելավվեն եւ մարդկանց չխանգարեն դրսեւորվել»,-եզրափակեց Սարգիսը:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ԼԱՎ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ
Լոնդոնի «Չելսի»-ի բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը պատմել է, որ այս ամռանն առաջարկ է ունեցել Մադրիդի «Ռեալ»-ից: ««Չելսի»-ի ներկայացուցիչներն անկեղծ էին ինձ հետ: Նրանք ասացին, որ ես չեմ հեռանա ակումբից: Ես ընդունեցի դա: Չեմ զղջում այդ որոշման համար: Երբեմն որոշ որոշումներ դուր չեն գալիս քեզ, սակայն ես երբեք չեմ վիճի ակումբի ղեկավարության հետ: «Չելսի»-ն շատ բան է տվել ինձ: Ես «Լիլից» հեռացա լավ պայմաններով եւ ցանկանում եմ նույնն անել «Չելսի»-ում: Հունվարին իմ տրանսֆերը հնարավոր չէ»,-ասել է Ազարը:
Հիշեցնենք, որ 27-ամյա Ազարը 2012 թ-ից է խաղում «Չելսի»-ում, որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020 թվականը: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ «Ռեալ»-ում խաղալը եղել է իր մանկական երազանքը:
ԳՈՀ ՉԵՆ
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը դեռեւս կմնա զբաղեցրած պաշտոնում: Գերմանիայի ֆուտբոլի միությունը դժգոհ է Բունդեսթիմի արդյունքներից, սակայն այժմ չի պատրաստվում աշխատանքից հեռացնել Լյովին:
ԳՖՄ-ի այս դիրքորոշումը չի փոխվի, եթե անգամ Գերմանիան Ազգերի լիգայի առաջիկա խաղում պարտվի Ֆրանսիային: ԳՖՄ-ում հասկանում են, որ Յոահիմ Լյովը քիչ ժամանակ է ունեցել հավաքականին Հոլանդիայի հետ խաղին պատրաստելու համար, ուստի չեն ցանկանում այդ խաղի արդյունքով պայմանավորված վերջնական որոշում կայացնել: Ամենայն հավանականությամբ, մինչեւ մարտ Յոահիմ Լյովը կպահպանի աշխատանքը: Բացի այդ, Լյովին զգուշացրել են, որ Ֆրանսիայի հետ առաջիկա խաղի մեկնարկային կազմն ընտրելիս առաջնորդվի բացառապես ֆուտբոլիստների մարզավիճակով, ոչ թե նախկինում գրանցած հաջողություններով:
Հիշեցնենք, որ Ազգերի լիգայում Գերմանիայի հավաքականը դեռ հաղթանակ չի տոնել. Լյովի թիմը նախ գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել Ֆրանսիայի հետ, ապա 0:3 հաշվով պարտվել Հոլանդիային: Ազգերի լիգայի շրջանակում Ֆրանսիայի եւ Գերմանիայի հավաքականների երկրորդ հանդիպումը կկայանա այսօր` հոկտեմբերի 16-ին:
ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏԱՐԵԼ
Կանադան ներկայացնող հայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտով հաղթանակ է տարել կանադացի Ֆրենսի Նտետուի նկատմամբ: Մոնրեալում կայացած չեմպիոնական մենամարտում Բազինյանը մրցակցին նոկաուտի է ենթարկել 6-րդ ռաունդում: Բազինյանը նվաճել է WBA վարկածով Հյուսիսային Ամերիկայի չեմպիոնական գոտին: