Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի 2-րդ հատվածի հիմնանորոգումը սկսվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներում նոր շրջափուլ է սկսվել։ 2016թ. սեպտեմբերին մեկնարկած շինարարության առաջին փուլով Վանաձոր–Ալավերդի 38.45 կմ հատվածում նախատեսված աշխատանքները հիմնականում ավարտվել են և շուտով կհանձնվի շահագործման: Այս տարի սկսվել է նաև ավտոճանապարհի 2-րդ՝ 51.74 կմ հատվածի հիմնանորոգումը, որը մեկնարկել է ճանապարհի երկու ծայրերից՝ առաջին փուլով նորոգված 38.45-րդ կմ-ից դեպի «Թումանյան» կայարանից դեպի Ալավերդի և 90.191-րդ կմ-ից՝ Բագրատաշենի սահմանային անցակետից դեպի Ալավերդի:

Թե ինչո՞ւ է երկրորդ փուլը մեկնարկել ճանապարհի երկու ծայրերից, այլ ոչ թե առավել վթարված հատվածներից, ունի իր բացատրությունը։

Խնդիրն այն է, որ հիմնանորոգվող ճանապարհահատվածն անցնում է բազմաթիվ բնակավայրերով, որտեղ ճանապարհի շինարարությանը զուգընթաց իրականացվում է հողերի օտարման գործընթաց։ Ճանապարհաշինական աշխատանքները սկսվել են այն տեղամասերում, որտեղ հողերի օտարման և տարաբնակեցման խնդիրներն արդեն լուծված են։

Կա մեկ այլ պատճառ ևս։ Բագրատաշենի սահմանային անցակետից մինչև Նոյեմբերյանի խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում բավական ինտենսիվ երթևեկություն է և, քանի որ Մ6 ճանապարհի մյուս հատվածների շինարարության ընթացքում դեպի Վրաստանի սահման երթևեկությունը կազմակերպվելու է Մ16 (Մ4-Ոսկեպար-Նոյեմբարյան-Մ6) մայրուղով, նպատակահարմար է, որպեսզի այդ հատվածի ճանապարհաշինական աշխատանքներն ավարտվեն հնարավորին շուտ։

Ներկայում ավտոճանապարհի 90.191-րդ կմ-ից՝ Բագրատաշենի անցակետից դեպի Ալավերդի 13.94 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածում կատարվում է ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորում։

Մայրուղու այլ հատվածներում շարունակվում է հողերի օտարման գործընթացը, որի ավարտից հետո այդ ճանապարհահատվածները ևս կհանձնվեն կապալառու կազմակերպություններին՝ շինարարական աշխատանքներ իրականացնելու համար։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն




Լրահոս