«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքը պատրաստվում է դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններում իր համամասնական ընտրացուցակի անդամներին առաջադրել նաեւ ռեյտինգային ընտրակարգով:
Ընդ որում, «Իմ քայլը» դաշինքով ռեյտինգային ընտրակարգով իրենց թեկնածությունն են առաջադրելու Փաշինյանի քաղաքական թիմի անդամ նախարարները: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը «Հանրապետություն», Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցություններից են, հետեւաբար նրանք չեն լինի «Իմ քայլը» դաշինքում:
Ռեյտինգային ընտրակարգով չեն առաջադրվի նաեւ պաշտպանության, արտաքին գործերի, ֆինանսների, սպորտի եւ երիտասարդության նախարարները՝ Դավիթ Տոնոյանը, Զոհրաբ Մնացականյանը, Ատոմ Ջանջուղազյանն ու Գաբրիել Ղազարյանը:
Երեկ արդեն նախարարներից երկուսը՝ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ու մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, հայտարարել են ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու մասին:
Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանն ասել է, թե ինքը լինելու է «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակում եւ առաջադրվելու է Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող 3-րդ ընտրատարածքում։ Նշենք, որ Արայիկ Հարությունյանը այդպես էլ չի հստակեցրել` ընտրվելու դեպքում գնալո՞ւ է խորհրդարան, թե՞ շարունակելու է նախարարի աշխատանքը։
«Այս պահին որեւէ որոշում չկա, ըստ արդյունքների եւ թիմի հետ քննարկումների պարզ կդառնա։ Ես լիարժեք շարունակում եմ իմ պարտականությունները»,- մասնավորապես ասել է նա։
«Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրվելու մասին խոսել է նաեւ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը եւ ասել, որ ինքը հստակ որոշել է` մասնակցելու է դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանի արտահերթ ընտրություններին եւ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Աջափնյակ, Արաբկիր եւ Դավթաշեն վարչական շրջաններում։
«Մենք թիմով որոշում կկայացնենք՝ ինչպես ենք վարվելու ընտրություններից հետո։ Մի բան հստակ է՝ մեր որոշումն է ունենալ թե՛ լավ կառավարություն, թե՛ լավ Ազգային ժողով», – ասել է նա։
Ցուցակը միայն այս նախարարներով չի սահմափակվում։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` ռեյտինգային ընտրակարգով միգուցե առաջադրվեն նաեւ ՔՊ-ական փոխնախարարները, նաեւ մարզպետները: Շատ է խոսվում այն մասին, որ «Իմ քայլի» ցուցակներում լինելու են նաեւ Հանրապետական կուսակցության նախկին անդամներ։
Այդ հեռանկարը չէր բացառել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ու այս համատեքստում հետաքրքիր է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը երեկ հարցին, թե իրենց ցուցակում ներառված կլինե՞ն ՀՀԿ ներկայացուցիչներ կամ մարդիկ, որոնք նախկինում եղել են ՀՀԿ կազմում, ասել է. «Մենք որոշում ունենք, որ մեր ցուցակում աշխատելու ենք չներգրավել մարդկանց, որոնք կարող են ստվերել «Լուսավոր Հայաստանի» կամ «Լույսի» 0,1 տոկոսը, որքան էլ ձայն նրանք կարողանան բերել։ Տեղներս այնքան նեղ չի, որ նման քայլերի դիմենք»։ Այլ կերպ ասած` նա անուղղակի կերպով ակնարկներ է հնչեցրել Փաշինյանի թիմի հասցեին:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը պատասխանել է այս թեմային վերաբերող հարցերին:
-Պարո՛ն Կոստանյան, հայտնի է երկու նախարարի անուն, ովքեր լինելու են ձեր ցուցակներում։ Կառավարության բոլո՞ր անդամներն են լինելու այդ ցուցակներում։
-Ըստ էության, քաղաքական թիմի մեծ մասը առաջադրվելու է, այդ թվում են նաեւ կառավարության անդամներ։ Վերջնական որոշում դեռ չկա, բայց, ըստ ամենայնի, բոլոր նախարարներն էլ կլինեն ցուցակներում։
-Սա չի՞ լինի վարչական լծակների կիրառում։
-Այդ տրամաբանությունը հին Հայաստանում է գործել։ Հիմա չի կարող այդպիսի բան լինել։ Նախարարները իրենց լիազորությունները չեն օգտագործի այլ նպատակներով։ Եթե ուզենան քարոզարշավի մասնակցել, արձակուրդ կվերցնեն։
-«Իմ քայլը» դաշինքի ցուցակում լինելու են նաեւ Հանրապետականներ։ Մտավախություն չկա՞, որ սա կարող է լուրջ դժգոհություն առաջացնել ընտրողների մոտ։
-ՀՀԿ ներկայացուցիչներից ընդամենը երկու անուն է շրջանառվում։ Երկուսն են լինելու ցուցակում։ Եթե ընտրողը հիմա մտավախություն ունի, վստահ եմ` քարոզարշավի ընթացքում այդ մտավախությունը կհերքվի։
Լուսինե Մինասյան