Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի անունը պաշտոնապես հայտնի կլինի արդեն այս շաբաթ: Նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի է ունենալու ՀԱՊԿ գագաթնաժողովը, որի օրակարգի հիմնական հարցերից մեկն էլ նոր քարտուղարի ընտրությունն է լինելու:
Ինչպես հայտնի է, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը մինչեւ վերջերս զբաղեցնում էր Յուրի Խաչատուրովը, որ 2008-ին մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ Երեւանի կայազորի պետն էր, եւ մարտի 1-ի գործի շրջանակներում նրան Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել: «Մարտի 1»-ի գործով նա, դատարանի որոշմամբ, 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել եւ օգոստոսի սկզբից Մոսկվայում շարունակում էր կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները, սակայն օրեր առաջ նա հետ կանչվեց իր պաշտոնից: ՀԱՊԿ նախագահությունը մինչեւ 2020թ. պատկանում է ՀՀ-ին, հետեւաբար ՀՀ իշխանությունները նոր թեկնածու են առաջադրելու:
Եվ նախօրեին ArmLur.am-ին ու «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայաստանը կառաջադրի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը: Քաղաքական որոշումն այս հարցի շուրջ արդեն կայացված է: Եւ ՀՀ-ն մտադիր է անել ամեն ինչ ՀԱՊԿ-ում նախագահությունը մինչեւ 2020թ. շարունակելու համար: Սակայն դեռ վերջնականապես հստակ չէ` Հայաստանը կպահպանի՞ այն, թե՞ ոչ: Կազմակերպության կայքում այսպիսի ձեւակերպում է տրված. «Ըստ հաստատված կարգի` ավարտին է հասցվել Հայաստանի կողմից նախաձեռնված գործընթացը վաղաժամ դադարեցնելու Յուրի Խաչատուրովի լիազորությունները»:
Սակայն կազմակերպության կանոնակարգում հստակ նշված չէ, թե հետ կանչելու դեպքում ինչպե՞ս է կարգավորվում նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցը, կարո՞ղ է արդյոք նոր քարտուղարը լինել նույն երկրի ներկայացուցիչը։ Ամեն դեպքում, հիմա Բելառուսը, որ ըստ կարգի հաջորդն է ստանձնելու ՀԱՊԿ նախագահությունը, ցանկանում է իրենով անել այդ պաշտոնը: Երեկ արդեն «Կոմերսանտ»-ն էլ «ՀԱՊԿ-ի համար նոր գլխավոր քարտուղար են գտել» վերնագրով հոդված էր հրապարակել, որում նշված է, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը կարող է զբաղեցնել Բելառուսի անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասը։ Եվ այստեղ հետաքրքիր է, որ Ստանիսլավ Զասը 2015 թվականի նոյեմբերի 4-ից զբաղեցնում է Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովը նույնպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից առաջ զբաղեցնում էր հենց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ ՀԱՊԿ կանոնների համաձայն` ՀՀ-ից հետո այդ պաշտոնը պետք է անցներ հենց Բելառուսի թեկնածուին` այբբենական կարգով։
ՀԱՊԿ քարտուղարության մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դժվարացավ պատասխանել Զասի թեկնածության շուրջ հարցերին: Նա միայն նշեց, թե կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցը «հավանաբար կքննարկվի ՀԱՊԿ նոյեմբերի 8-ի գագաթնաժողովի ընթացքում»: Իսկ Բելառուսի արտգործնախարարության մամուլի քարտուղար Անատոլի Գլազը, երեկ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Զասի թեկնածության առաջադրմանը, նշել է, որ նման տեղեկություն չունեն՝ հավելելով, որ այս պահին անգամ հայտնի չէ, թե որ երկրից է լինելու թեկնածուն:
Հետաքրքիր է, որ անգամ ՀՀ ԱԳՆ-ն չի կարողացել հստակ պատասխանել` քարտուղարը կլինի Հայաստանից, թե ոչ. «ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը գտնվում է կոնսուլտացիաների փուլում: Այս քննարկումները որոշակի կոնֆիդենցիալ բնույթ ունեն եւ չեն ընթանում հրապարակային դաշտում: Հարգելով այդ սկբզունքը՝ հավելյալ տեղեկություն չենք կարող տրամադրել չվնասելու համար այդ քննարկումներին», – երեկ նշել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
Իսկ ահա ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը կարծում է, որ Հայաստանն այլեւս չպետք է շարունակի նախագահությունն այդ կառույցում, քանի որ կորցրել է այն, եւ ռոտացիոն կարգով այն պետք է փոխանցվի Բելառուսի ներկայացուցչին: Կոլերովն, ամեն դեպքում, չբացառեց, որ կարող է կրկին Հայաստանի ներկայացուցիչը լինել, սակայն նրա խոսքով` դա կլինի այն պարագայում, եթե Հայաստանը քաղաքական խոստումներ տված լինի կառույցին: Նրա խոսքով` այստեղ էական չէ, թե ով է Հայաստանի ներկայացուցիչը, եւ եթե որոշվի, որ այն պետք է այլ երկրի ներկայացուցիչ զբաղեցնի, անձն այստեղ դերակատարում չի ունենալու: «Յուրի Խաչատուրովի հետ տեղի ունեցած դեպքից հետո պետք է հստակ երաշխիքներ տրված լինեն կառույցին, քանի որ Հայաստանը լավ չվարվեց, եւ այդ առումով Ղազախստանն ու Բելառուսն այնքան էլ լավ տրամադրված չեն: Եվ այստեղ Հայաստանի թեկնածուի ով լինելը ոչինչ չի կարող փոխել»,- նշեց նա:
Ամեն դեպքում, Հայաստանի իշխանությունները տրամադրված են անել ամեն ինչ, որպեսզի պահպանեն նախագահությունը ՀԱՊԿ-ում: Ըստ նախնական տեղեկությունների` դա նրանց հաջողվելու է, մանավանդ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ՀՀ թեկնածուն վայելում է ռուսական զինվորական շրջանակների հարգանքն ու վստահությունը: Բայց մյուս կողմից «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀԱՊԿ ներսում Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը ոչ միանշանակ է ընդունվել: Նրա թեկնածությունը մերժելու համար որպես փաստարկ բերվում է այն հանգամանքը, որ դեռ 2002թ. Հարությունյանն աստիճանազրկվել է:
Հիշեցնենք` Վաղարշակ Հարությունյանը պաշտոնից ազատվելուց հետո երկար տարիներ Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցության անդամ էր` հանդես գալով արմատական ընդդիմության դիրքերից, պայքարելով Քոչարյանի իշխանության դեմ: Եւ այն ժամանակ նախագահ Քոչարյանը չներեց Հարությունյանի ընդդիմադիր կեցվածքը. 2002թ. հուլիսի 18-ին նա հրամանագիր էր ստորագրել Հարությունյանին գեներալ-լեյտենանտի կոչումից զրկելու մասին: Ասել է թե` կատարվածը բացառապես քաղաքական դրդապատճառ ուներ, քաղաքական հալածանքի դրսեւորում էր:
Բայց ՀԱՊԿ-ում հիմա շահարկում են այդ հանգամանքը: Ու պետք է նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լուրջ անելիք ունի. նախ պետք է ՀԱՊԿ ներսում բացատրի կատարվածը (պետք է արդեն արած լինեին), իսկ մինչ այդ վերականգնի Հարությունյանի զինվորական կոչումները, որ խլել էին հանիրավի: Այս դեպքում հնարավոր է կանխել շահարկումները:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ