ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը ս/թ նոյեմբերի 6-ին Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ աշխատանքային այց է կատարել Ծառայության Արարատի մարզային բաժին: Հերթական մարզային այցելության ընթացքում կառույցի ղեկավարը շրջել է նաև Ծառայության Արարատի մարզային բաժնի Մասիսի և Վեդու տարածաշրջանների բաժանմունքներում:
Արտաշատում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում Արարատի մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Ալեքսանդր Համբարձումյանը ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին է զեկուցել մարզային բաժնի կողմից կատարված աշխատանքների, գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների ընթացքի մասին: Քննարկվել են նաև ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների շրջանակներում ի հայտ եկող հարցերը:
Հակոբ Հակոբյանն անդրադարձել է մարզային բաժնի խնդիրներին, լսել բաժնի աշխատակիցների բարձրաձայնած հարցադրումները: Կառույցի ղեկավարն առանձնակի ուշադրություն է հրավիրել աշխատանքային բարձր կարգապահության պահպանմանը՝ նշելով, որ Ծառայության ղեկավարության ուշադրության կենտրոնում է հարկադիր կատարողի աշխատանքային պայմաններն էլ ավելի բարելավելու առաջնահերթությունը: Միաժամանակ պահանջել է աշխատակիցներից սրտացավ մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուր քաղաքացու և օպերատիվ արձագանքել դիմում-գրություններին:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամանով ծառայողական պարտականությունները պաշտաճ կատարելու կապակցությամբ Արարատի մարզային բաժնի հարկադիր կատարող, արդարադատության ավագ լեյտենանտ Արմեն Հովհաննիսյանը նշանակել է նույն բաժնի ավագ հարկադիր կատարողի պաշտոնին:
Աշխատանքային այցի շրջանակներում Հակոբ Հակոբյանը հանդիպել է նաև մարզում գործունեություն ծավալող փաստաբաններին և քննարկել կատարողական վարույթներին առնչվող տարաբնույթ հարցեր: