«Գազպրոմ Արմենիա»-ն զիջել է դիրքերը. ուշագրավ վերադասավորումներ խոշոր հարկատուների ցանկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով` հազար խոշոր հարկատուների ցանկը հետաքրքիր փոփոխությունների է ենթարկվել: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկից տեղեկացավ, որ ցանկի հիմնական առաջատարները նահանջել են` նվազեցնելով հարկերը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված հազար խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը պետական բյուջե կատարել է 32 մլրդ 795 մլն 663 հազար դրամի հարկային վճարումներ: Իսկ ահա նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հանքարդյունաբերող ընկերությունը պետական բյուջե կատարել է 13 մլրդ 137 մլն դրամի հարկային վճարում: Ստացվում է, որ մեկ տարում ընկերությունը մոտ 19.7 մլրդ դրամով ավելացրել է հարկերը: Կոմբինատը նախորդ տարվա 9 ամիսներին զբաղեցրել էր ցանկի 5-րդ տեղը, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում գլխավորում է ցուցակը:
Բայց «Գազպրոմ Արմենիա»-ի դեպքում պատկերը հակառակն է: Ընկերությունը բավականին զիջել է իր դիրքերը: Պարզվում է` նվազեցրել է նաեւ հարկային վճարումները: Անցած տարվա հունվար-սեպտեմբերին ընկերությունը ցանկի առաջին հորիզոնականում է տեղ գտել, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում երկրորդն է: Այսպես, Հայաստանի երկրորդ խոշոր հարկատուն պետական բյուջե այս տարվա հունվար-սեպտեմբերին վճարել է 30 մլրդ 371 մլն 579 հազար դրամ հարկ ու տուրք, իսկ ահա 2017 թվականի 9 ամիսների ընթացքում ընկերությունը վճարել է ավելի քան 32 մլրդ 254 մլն դրամ:

Ծխախոտի տեղական արտադրող «Գրանդ տոբակո» ընկերությունը, այս տարվա հունվար-սեպտեմբերին հայտնվելով հազար խոշոր հարկատուների ցանկի երրորդ տեղում, զգալի ավելացրել է հարկային վճարումները: Ընկերությունը պետական բյուջե վճարել է 27 մլրդ 680 մլն դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 22 մլրդ 192 մլն դրամի դիմաց (ընկերությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զբաղեցրել է ցանկի 2-րդ տեղը): Ըստ մասնագետների` ընկերության հարկերի ավելացման պատճառներից մեկը եւ հիմնականը ծխախոտի արտահանման ծավալների աճն է:
Ծխախոտ արտադրողին հաջորդում է «Ալեքս հոլդինգ»-ը, որը պետական բյուջե այս տարվա հունվար սեպտեմբերին կատարել է ավելի քան 13 մլրդ 965 մլն դրամ հարկային վճարում: Բայց մյուս կողմից` «Ալեքս հոլդինգ»-ը մեկ տարվա ընթացքում նվազեցրել է հարկային վճարումները. այս դեպքում 2017 թվականի հունվար-սեպտեմբերին հարկային վճարումները կազմել են 16 մլրդ 175 մլն դրամ:
«Ժողովուրդ» օրաթերթը հազար խոշոր հարկատուների ցանկից տեղեկացավ, որ 5-րդ տեղում է բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող «Սի Փի Էս օիլ Քորփորեյշն» ընկերությունը, որի հարկային վճարումները կազմել են 13 մլրդ 175 մլն դրամ:
ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը այս տարվա երրորդ եռամսյակում զբաղեցրել է ցանկի 6-րդ տեղը` վճարելով 12 մլրդ 363 մլն 484 հազար դրամ: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վճարել է 10 մլրդ 224 մլն դրամ հարկ ու տուրք:

Հազար խոշոր հարկատուների ցանկի 7-րդ տեղը գլխավորում է «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունը, որն այս տարվա երրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զգալի ավելացրել է հարկերը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերության կատարած հարկային վճարումները այս տարվա երրորդ եռամսյակում կազմել են 10 մլրդ 101 մլն դրամ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 7 մլրդ 673 մլն դրամ:
Ամենաուշագրավն այն է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն է զգալի նվազեցրել հարկերը: Եթե այս տարվա երրորդ եռամսյակում ընկերությունը զբաղեցրել է հազար խոշոր հարկատուների ցանկի 8-րդ տեղը, ապա նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին այն 3-րդ տեղում էր վճարած 18 մլրդ 840 մլն դրամով: Իսկ այս տարվա երրորդ եռամսյակում ընկերությունը պետբյուջե վճարել է 9 մլրդ 866 մլն դրամ հարկ ու տուրք:

«Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունը եւս նվազեցրել է հարկային վճարումները: Այս հունվար-սեպտեմբերին ընկերությունը պետական բյուջե վճարել է 9 մլրդ 279 մլն` գտնվելով ցանկի 9-րդ տեղում, իսկ նախորդ տարվա երրորդ եռամսյակում պետական բյուջե ընկերությունը վճարել է 7 մլրդ 935 մլն դրամ հարկ ու տուրք:
Հազար խոշոր հարկատուների ցանկի 10-րդ հորիզոնականը գլխավորում է «Ջեյ Թի այ Արմենիա» ընկերությունը` կատարելով 8 մլրդ 748 մլն դրամի հարկային վճարումներ: Իսկ ահա նախորդ տարվա երրորդ եռամսյակում ընկերությունը պետբյուջե վճարել է 7 մլրդ 890 մլն դրամ հարկ ու տուրք:
Բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող «Ֆլեշը» ցանկի տասնյակում չէ. չնայած սրան`այս տարվա երրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընկերությունը ավելի քան 750 մլն դրամով ավելացրել է հարկերը: Եթե այս տարվա հունվար-սեպտեմբերին պետբյուջե կատարել է 8 մլրդ 674 մլն դրամ հարկային վճարում, ապա նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 7 մլրդ 924 մլն դրամ: Ուշագրավ է, որ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերությունը անցած տարվա երրորդ եռամսյակում պետբյուջե վճարել է 2 մլրդ 912 մլն դրամ հարկ: Իսկ ահա այս տարվա երրորդ եռամսյակում հարկային վճարումները կազմել են 5 մլրդ 874 մլն դրամ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս