Վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է նոյեմբերի 8-ին ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը: Քննարկումների հիմնական թեման ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցն է, ինչի շուրջ կոնսեսնուս առայժմ չկա: Հայաստանը փորձում է Խաչատուրովի փոխարեն նշանակել նոր թեկնածուի, մինչդեռ Ռուսաստանը կարծես ցանկանում է փոխանցել քարտուղարությունը Բելառուսին կամ Ղազախստանին: Հայաստանում էլ հարցը թերեւս վերածվի ներքաղաքական բանավեճի առարկայի, եթե Հայաստանը կորցնի պաշտոնը:
Առայժմ որեւիցե մեկը հստակորեն չի պատասխանել, թե ինչ է տալիս Հայաստանին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում սեփական ներկայացուցիչ ունենալը: Բացի արարողակարգային ու ցուցադրական նշանակությունից առայժմ այլ առարկայական դրսեւորում կարծես չկա: Երբ 2016թ. Հայաստանին անցավ ՀԱՊԿ-ի նախագահությունը, Ռուսաստանը այնքան էլ պատրաստակամ չէր այդ պաշտոնը զիջել Հայաստանին: Ավելին` այդ նույն շրջանում Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ենթարկվեցին ռազմական ագրեսիայի, սակայն ՀԱՊԿ-ի կողմից որեւէ գործնական աջակցություն այդպես էլ չհնչեց: Մեկ տարի եւ ավելի տեւած բանակցություններից հետո, ի վերջո, Սերժ Սարգսյանին հաջողվեց այդ կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանալ, որի համար դիտարկվում էին Սեյրան Օհանյանի, Վաղարշակ Հարությունյանի ու Յուրի Խաչատուրովի թեկնածությունները: Ինչ-ինչ պատճառներով Սարգսյանն ընտրեց Խաչատուրովին, որի վերաբերյալ, ըստ Լուկաշենկոյի խոստովանության, Բելառուսն ուներ վերապահումներ:
Ի դեպ, այնժամ տեղեկատվական արտահոսքեր կային, որ Բելառուսը փորձում էր գլխավոր քարտուղարի պաշտոնում իր ներկայացուցչին նշանակել, եւ փորձը տապալվեց ՀՀ նախկին իշխանությունների ջանքերի արդյունքում: Սա նաեւ ժամանակին օգտագործվում էր որպես քարոզչական հնարք ու վերլուծաբանների կողմից մատուցվում որպես իշխանությունների հերթական հաջողություն:
Սակայն հստակ է, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանին թողնելու հարցում վճռորոշը ռուսական գործոնն է, մասնավորապես` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տրամադրվածությունը: Վերջինս ամեն կերպ փորձում է ՀԱՊԿ-ը դարձնել ՆԱՏՕ-ին հակակշիռ միջազգային կազմակերպություն եւ գլխավոր քարտուղարի պաշտոնի ռոտացիան անդամ-պետությունների միջեւ դրա շրջանակներում պետք է դիտարկել: Պուտինը գիտակցում է, որ միջազգային կազմակերպությունների համար խիստ կարեւոր է ավանդույթների ձեւավորումը, որոնք կարող են տարիների ընթացքում ինստիտուցիոնալ նշանակություն ստանալ: Այս տեսնակյունից տրամաբանական էր, որ Բելառուսի սաբոտաժը մարվեց նաեւ Ռուսաստանի նախագահի հստակ կեցվածքով: Այժմ Պուտինը կարծես նոր դիլեմայի առաջ է, քանի որ Բելառուսը ձգտում է յուրացնել այդ պաշտոնը` օգտվելով ստեղծված իրավիճակից, երբ նոր քարտուղարի ընտրության հարցը ոչ թե իրավական լուծում է ենթադրում, այլ քաղաքական ու աշխարհաքաղաքական:
Տրամաբանորեն, եթե կանոնադրությամբ որեւէ պետության ներկայացուցչի համար սահմանվում է պաշտոնավարման կոնկրետ ժամանակահատված, դա տրվում է պետությանը, այլ ոչ թե անձին, այլապես կանոնադրությամբ կխոսվեր մեկ անձի մասին, եւ ոչ թե կշեշտվեր պետության պարագան: Սակայն ներկայումս ծագած խնդիրը ոչ միայն տարընթերցումների արդյունք է, այլ թերեւս հայ-ռուսական հարաբերությունների նոր դրության` առաջին հերթին Թավշյա հեղափոխությամբ պայմանավորված: Ռուսաստանը շարունակում է Հայաստանին նայել խեթ հայացքով, ինչը բնական է` հաշվի առնելով նախկին իշխանությունների հետ կասկածելի հարաբերությունները: Ռուսաստանը բավականին դժվար է ադապտանում նոր իրողություններին, ինչը պայմանավորված է թե՛ ցարականության ավանդույթներով, թե՛ խորհրդային իրողություններով: Ռուսաստանը փորձում է տարբեր առիթներով Հայաստանի իշխանություններին դնել այնպիսի իրավիճակներում, որոնցից կարող է զիջումներ կորզել կամ, այսպես ասած, «լավություն» անել` հետագայում փոխհատուցման ակնկալությամբ: Եթե Հայաստանի հետ հնարավոր չլինի այդօրինակ «փոխհատուցման» հարցով համաձայնության գալ, դա կարելի կլինի կազմակեպրել Բելառուսի կամ Ղազախստանի հետ:
Այս տեսանկյունից Ռուսաստանի որոշումը լինելու է վճռական, միաժամանակ երկարաժամկետ նշանակությամբ: Խնդիրն այն է, որ եթե այդ պաշտոնը վերցվի Հայաստանից, դա տխուր ավանդույթ կդառնա` լրջորեն խաթարելով ՀԱՊԿ-ի կայացման հեռանկարները: Թեպետ, հանուն արդարության, հարկ է նկատել, որ ՀԱՊԿ-ը որեւէ համեմատության աղերս չունի իր ենթադրյալ մրցակցի` ՆԱՏՕ-ի հետ: Ավելին` ՀԱՊԿ-ը նույնիսկ չի կարողանում արձագանքել հետխորհրդային տարածքի անվտանգային մարտահրավերներին: Իսկ անդամ-պետությունների հավաքական անվտանգությունը միացյալ ուժերով չի ապահովվում` էլ չխոսած միասնական դիրքորոշման մասին: Այս համատեքստում Հայաստանի իշխանությունները խնդիր ունեն կա՛մ ջանք չխնայելով ինչ-ինչ զիջումների արդյունքում պահպանել այդ արարողակարգային պաշտոնը, կա՛մ հարցին վերաբերվել սառնասրտորեն եւ ցույց տալ, որ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ սակարկությունների մեջ ներքաշվել նման հարցերով:
իսկ ի՞նչ պետք է անի ՀՀ ղեկավարությունը: Կարող է ընդամենը փորձել բացատրել ՀԱՊԿ «դաշնակիցներին», որ ՀՀ թեկնածուի նշանակումն առաջին հերթին բխում է կառույցի ու նրանց հավաքական շահերից, քանի որ գործնական առումով այն ոչինչ չի տալիս Հայաստանին, բայց պահպանում է կազմակերպության ինստիտուցիոնալ բնույթը: Առավել եւս, որ Հայաստանի հավանական թեկնածու համարվող Վաղարշակ Հարությունյանը թեեւ աստիճանազրկված է, բայց հետխորհրդային տարածքում հեղինակություն է վայելում եւ, ըստ էության, լիովին ընդունելի է ռուսական առանձին շրջանակների համար: Իսկ եթե դաշնակիցները առաջնորդվեն իրավիճակային շահերով, հազիվ թե արժե դրանից ողբերգություն սարքել, հատկապես, որ ՀԱՊԿ-ում «կենսեսուս մինուս Հայաստան» ավանդույթն ավելի կարծրացած է թվում, քան փոխգործակցության գիտակցությունը:
Ն. Հովսեփյան