Երևանը դարձյալ աղբի մեջ է. ինչու է «Սանիտեք»-ը մատնվել անգործության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանը դարձյալ աղբի մեջ է, իսկ աղբահանությամբ զբաղվող «Սանիտեք»-ը` ընդհատակում:

Երեւանի համար կարեւորագույն` աղբահանության հետ կապված խնդիրը դեռեւս լուծում չի ստանում: Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների բնակիչները առիթը բաց չեն թողնում ընկերության աշխատանքի վերաբերյալ իրենց վրդովմունքը, զայրույթը արտահայտելու: «Ժողովուրդ» օրաթերթը չի դադարում բազմաթիվ երեւանցիներից դժգոհություն ստանալ:

Նրանց պատմելով` «Սանիտեք»-ը օրերով չի դատարկում աղբամանները, իսկ աղբի հսկայական կուտակումների, գարշահոտության մասին ավելորդ է խոսել: Երեւանի տարբեր վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի աղբամանները կենցաղային աղբով լի են: Եւ արդեն մի քանի ամիս է, ինչ «Սանիտեք»-ը ուղղակի անգործության է մատնված: Սա անգամ այն բանից հետո, երբ ՏԻՄ նախկին ներկայացուցիչները երկու անգամ տուգանեցին «Սանիտեք»-ին պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Երեւանի որոշ վարչական շրջաններում աղբի մաքրման ծառայություն իրականացվում են թաղապետարաններին պատկանող աղբի մեքենաներով, այն դեպքում, երբ սեպտեմբերի վերջին «Սանիտեք»-ի երկար սպասված աղբի մեքենաները Հայաստան հասան: «Ժողովուրդ» օրաթերթը տեւական ժամանակ է, ինչ չի կարողանում կապ հաստատել ընկերության հետ, քանի որ ոչ ոք չի բարեհաճում պատասխանել մեր հեռախոսազանգերին:

Նշենք, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հոկտեմբերի 22-ի աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ «Սանիթեք» ընկերության կողմից իրականացվող աղբահանության եւ սանմաքրման աշխատանքները գնահատում է անբավարար: Նա նաեւ նշել էր, որ այս ուղղությամբ պետք է վերանայվի ընկերության աշխատանքների կազմակերպման մեխանիզմը եւ է՛լ ավելի խստացվի վերահսկողությունը: Բայց, կարծես թե, «Սանիտեք»-ի աշխատանքը այդպես էլ չի «վերահսկվում»: Հակառակը, ընկերությունը շարունակում է չկատարել պայմանագրով նախատեսված աշխատանքային պարտականությունները:

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ այս պահին Երեւանում գործող օպերատորը «Սանիտեք» ընկերությունն է: Ապա ավելացրեց, որ քաղաքապետարանը ընկերության հետ ինտենսիվ համագործակցում է: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին` հնարավո՞ր է առաջիկայում քաղաքապետարանը լուծարի «Սանիտեք»-ի հետ կնքված պայմանագիրը, մամուլի խոսնակն արձագանքեց` նշելով, որ քաղաքապետարանը այլ լուծումների մասին հանրությանը անպայման կտեղեկացնի:

Մնում է հուսալ, որ այդ լուծումներն արագ կգտնվեն, ու խնդրին արագ լուծում կտրվի:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս