ՀՔԾ նախկին պետին` երեք մատի կոմբինացիա. Անդրանիկ Միրզոյանը` Մարտի 1-ի գործի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը օրերս հարցաքննության է հրավիրել ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանին: Մեզ հետ զրույցում Անդրանիկ Միրզոյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ հարցաքննվել է վկայի կարգավիճակով:
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 31-ին Հատուկ քննչական ծառայությունը «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ է ներգրավել գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին: Ըստ ՀՔԾ-ի` մարտյան իրադարձությունների ժամանակ զինված ուժերի կողմից կրակված շուրջ 1000 պարկուճները փոխարինվել են Ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տեսակի այլ հրազեններից կրակված պարկուճներով հենց Հարությունյանի ցուցումով: Ըստ նախաքննական մարմնի` Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել՝առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելու համար: Սակայն Վահագն Հարությունյանը ապօրինի եւ շինծու է համարում իրեն առաջադրված մեղադրանքը:

-Պարո՛ն Միրզոյան, Դուք եղել եք ՀՔԾ նախկին պետ, տեղեկություններ ունենք, որ օրերս Ձեզ հարցաքննել են Մարտի 1-ի գործով: Այդպե՞ս է:

-Իհարկե կանչել են, սիրով գնացել եմ, սիրով ցուցմունքներ եմ տվել, հարցաքննվել եմ վկայի կարգավիճակով:

-Ձեզ մեղադրանք առաջադրվե՞լ է, թե՞ ոչ:

-Ինչո՞ւ համար մեղադրանք առաջադրեն, ի՞նչ ենք արել, գիշեր-ցերեկ աշխատել ենք, ինչպես որ այսօր տղաներն են աշխատում:

-Ի՞նչ հարցեր են Ձեզ ուղղել, ի՞նչ ցուցմունք եք տվել:

-Այդ հարցը ուղղե՛ք քննչական մարմիներին:

-Դուք եք եղել հարցաքննվողը: Ըստ ՀՔԾ-ի` մարտյան իրադարձությունների ժամանակ զինված ուժերի կողմից կրակված շուրջ 1000 պարկուճները փոխարինվել են Ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տեսակի այլ հրազեններից կրակված պարկուճներով, ու նախաքննական մարմինը պարզել է, որ դա արվել է հենց Վահագն Հարությունյանի ցուցումով: Այս մասով Ձեզ հարց տվե՞լ են, տեղյա՞կ եք եղել, թե՞ ոչ: Արդյոք դո՞ւք եք հրահանգել իրականացնել փամփուշտների փոփոխությունը:

-Իմ պատասխանը սուբյեկտիվ կլինի, եւ ինչ-որ տեղ կխոչընդոտեմ քննության օբյեկտիվ իրականացմանը, ավելի է լավ է` այդ հարցը ուղղեք քննչական մարմիններին: Ես այլ բան կարող եմ ասել. երբ 2007 թվականին հիմնադրվել էր Հատուկ քննչական ծառայությունը, նոյեմբեր-դեկտեմբերին, լավ գիտեք , որ այն գործում էր ՀՀ գլխավոր դատախազության շենքում, ու դա ընկալվում էր դատախազության կցորդ: Աշխատասենյակներ չկային, համազգեստի, հաստիքների պակասություն, անընդհատ գրավոր դիմել եմ այստեղ, այնտեղ, ՀՀ կառավարությանը, որ հարցը լուծեն, բայց այդպես էլ հարցը չլուծվեց: Եւ այդպես դարձա բոլորի թշնամին: 2013 թվականին արդեն պարոն Կուտոյանի հորդորով դիմում գրեցի եւ դուրս եկա ու սկսեցին իմ նկատմամբ անհիմն հետապնդումները: Լավ գիտեք, անհիմն խուզարկություններ, եղբորս տղուն կալանավորեցին, հետո բաց թողեցին, տղայիս առաջխաղացումը կանխեցին եւ հատուկ հայտարարեցին, որ այս իշխանության օրոք մի՛ սպասեք ոչ մի բանի: Գիտությունների թեկնածու տղաս Ազգային անվտանգության ծառայությունից դուրս եկավ, էլի Կուտոյանի հրամանով: Ոչ կառավարության նիստերին են հրավիրել, նույնիսկ նախագահի ինագուրացիային չէին հրավիրում: Ես իրենց համար ուրիշ մարդ էի: Հիմա իշխանություն է փոխվել, նոր իշխանությանը ես ողջունում եմ հենց առաջին օրվանից, այսօր էլ եմ ողջունում եւ պատրաստ եմ ցանկացած բանի համար գնալ, պատասխան տալ, եթե ինչ-որ տեղ ես կամ: Ըստ Ձեզ` եթե ես հրահանգեի, ինձ դուրս կհանեի՞ն համակարգից կամ իմ տղային դուրս կշպրտեի՞ն, գիտությունների թեկնածուին: Իսկ ահա նոր ԱԱԾ Տնօրենը եկավ եւ վերականգնեց տղայիս գործը, ես Արթուր Վանեցյանին չեմ ճանաչել, բայց նա եկավ եւ տղայիս վերականգնեց աշխատանքում: Ես վերջին 10 տարիների ընթացքում ստացել եմ երեք մատի կոմբինացիա:

-Հիմա փաստ է մեկ բան, որ Վահագն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել: Պարզվել է, որ նա կոնկրետ կրակված շուրջ 1000 պարկուճները փոխարինել է Ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տեսակի այլ հրազեններից կրակված պարկուճներով: Դուք եղել եք ՀՔԾ նախկին պետ, սա Ձեզ համար նորությո՞ւն է, թե՞ գիտեիք:

-Կրկին ասեմ, որ չեմ ցանկանում որեւէ բան ասել, կրկնում եմ, կդառնամ շատ խոցելի մարդ, քանի որ չգիտեմ` Վահագն ինչ պատասխաններ ունի, քննչական մարմինը ինչ ապացույցներ ունի, տեղյակ չեմ, բայց մարդկայնորեն կարող եմ ասել, որ Վահագնը այդ աստիճան անգրագետ մարդ չի, նա շատ գրագետ քննիչ է եւ չի կարող գնալ նման կեղծիքների: Նույնիսկ ուղեղիս մեջ չի տեղավորվում, ինչպես դա կարող է լինել, սա իմ կարծիքն է:

-Դուք եղել եք իր ղեկավարը: ՀՔԾ նախկին պետ, Վահագն Հարությունյանը Ձեզ հետ չի՞ համաձայնեցրել, թե գործը ինչ ընթացք ունի, ինչ է պատրաստվում անել:

-Հատուկ քննչական ծառայության պետի լիազորությունները ուրիշ են, քննչական խմբի ղեկավարինը ուրիշ են: Քննչական խմբինը շատ ավելի շատ էր, ես զբաղվել եմ այն գործերով, որոնք ամենօրյա հնչեղություն ունեցող գործեր էին, ծանր գործեր էին:

-Այսինքն` Մարտի 1-ը Ձեզ համար ծանր գործ չէ՞ր:

-Չէ, այդպես չի, պարզապես ես այլ գործերով էի զբաղվում` հարցաքննություններ, տուժողներ, փորձաքննություններ, տեսագրություններ:

-Այսինքն` ինքը մարտի 1-ի գործի ընթացքի մասին Ձեզ տեղյակ չի՞ պահել:

-Ինքը պարտավոր չէր ինձ տեղյակ պահեր կամ զեկուցեր:

-Եթե ՀՔԾ-ի կողմից ներկայացված մեղադրանքը հիմնավոր է, անմեղության կանխավարկածը չխախտենք, Ըստ Ձեզ` ով կարող է իրեն հրահանգել:

-Ես չեմ պատկերացնում, որ Վահագնը նման բան աներ, հիմա ո՞նց ասեմ, թե ով կարող էր նրան հրահանգել :

-Եթե դատախազությունն ու ՀՔԾ նույն շենքում էին, Ըստ Ձեզ` ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը կարո՞ղ էր նրան հրահանգել:

-Որեւէ բան չեմ կարող, ոչ էլ իրավունք ունեմ: Մեկ բան կասեմ, որ որոշ ընկերներ չթողեցին, որ այդ կառույցը կայանա, առանձին շենք ունենա, այլ բան չեմ ասում:

Քնար Մանուկյան




Լրահոս