Կարևոր հանգամանքների մասին դատախազներին տեղյակ չեն պահում. նոր իրավիճակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թավշյա հեղափոխությունից հետո իրավապահ մարմինները մեկը մյուսի հետեւից աղմկահարույց բացահայտումներ արեցին` կապված նախկին պաշտոնատար անձանց գործունեության հետ: Ավելին` նախաքննական մարմինները կամ դրանց ղեկավարները քննության ընթացքի վերաբերյալ ուշագրավ հայտարարություններ են անում:

Սակայն այս ֆոնին բավականին զարմանալի է ՀՀ գլխավոր դատախազության գործելաոճը: Նրանք պարբերաբար պաշտոնական տեղեկություններ են հրապարակում, թե, օրինակ, 2018թ. 9 ամիսների ընթացքում բացահայտված հանցագործությունների դեպքերով ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցված քրեական գործերով հանցագործությամբ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 64.130.144.343 դրամ, կամ Տավուշի մարզային իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են ապօրինի ծառահատման 327 դեպք: 9 ամիսների ընթացքում արձանագրված ապօրինի ծառահատման դեպքերով նախապատրաստված նյութերով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 12.872.346 ՀՀ դրամ:
Ասել է թե` ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայացնում է վիճակագրություն, թե ինչ արդյունքներ ունի, բայց աղմկահարույց գործերով որեւէ հայտարարություն ՀՀ գլխավոր դատախազության կողմից չի իրականացվում:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` այս իրավիճակը բավականին խորը արմատներ ունի: Բանն այն է, որ նախաքննական մարմինները` ի դեմս քննիչների, տարբեր քրեական գործերով քննության կարեւոր հանգամանքների մասին գործը հսկող դատախազներին չեն հայտնում. նրանք ընդհանուր հայտնում են, թե ինչ են արել, բայց շատ կարեւոր հանգամանքների, հետագա պլանների մասին տեղյակ չեն պահում:
Տեղեկությունը պարզելու նպատակով դիմեցինք ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից ի պատասխան հայտնեցին. «Նման տեղեկությունների տարածումը դատախազության եւ նախաքննական մարմինների միջեւ անվստահություն սերմանելու կամ առնվազն հանրության մոտ նման իրավիճակի առկայության պատրանք ստեղծելու շարքից է: Նման բան չի կարող լինել այն պարզ պատճառով, որ դատախազներն ունեն քրեադատավարական բավարար լիազորություններ ու գործիքակազմ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության եւ դատավարական ղեկավարման իրենց գործառույթները կատարելու համար: Չնշելու համար այդ լիազորությունների ամբողջ ցանկը թերեւս բավական է միայն ասել, որ ցանկացած պահի դատախազը կարող է պահանջել քրեական գործը կամ վերջինիս նյութերին ծանոթանալ հենց քննիչի մոտ»:

Քնար Մանուկյան




Լրահոս