Մի քանի օրից կլրանա Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի եւ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խուսակցության գաղտնալսման փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննության 2-րդ ամիսը: Նկատենք, որ մինչ օրս հայտնի չէ, թե ում հրահանգով եւ ովքեր գաղտնալսեցին նախաքննական մարմնի ղեկավարներին: Սակայն գաղտնալսման մեջ կա մի ուշագրավ խոսակցություն, որը ուշադրությունից դուրս մնաց: Այն, ըստ ամենայնի, վերաբերում է ներկայիս ՀՀ Զինված ուժերի ԳՇ պետ Արտակ Դավթյանին:
Ինչպես հայտնի է, 2018 թվականի սեպտեմբերի 11-ին հրապարակվել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունը, որտեղ կոնկրետ թիրախում էին եղել Մարտի 1-ի գործով անցնող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովը: Արդյունքում դեպքի առթիվ նույն օրը հարուցվեց քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի (Անձի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով) հատկանիշներով եւ 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի (համակարգչային համակարգում, ցանցում կամ մեքենայական կրիչների վրա պահվող տեղեկատվությունն առանց թույլտվության պատճենահանելը կամ այլ կերպ դրան ապօրինի տիրանալը կամ համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տեղեկատվությունը որսալը պատժվում է ազատազրկմամբ` չորսից տասը տարի ժամկետով) հատկանիշներով:
Նկատենք, որ աղմկահարույց այս գաղտնալսման մեջ մի ուշագրավ հանգամանք էլ կար, որն այդպես էլ շատերի համար մնաց անհասկանալի:
Մասնավորապես, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հեռախոսային խոսակցության ամենավերջում կոնկրետ հարց է ուղղում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին:
ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Իսկ էն բանին էլ մի բան արեք, էլի… էն Խաչատուրովի տեղակալին:
ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ – Հա, էն որ ասի՞ր:
ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Հա…
ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ – Ցավդ տանեմ, մի հատ հասկանամ, էլի…
ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Հա, տեղակալն ա օպերատիվ գծով:
ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ – Լավ, մի հատ հասկանամ, կխոսանք, ընգեր:
Այդպես էլ նախաքննական մարմնի ղեկավարները մինչ օրս չեն մանրամասնել, թե ով էր մարտյան իրադարձությունների ժամանակ ԳՇ օպերատիվ գծով տեղակալը եւ, առհասարակ, ինչ էին ցանկանում անել վերոնշյալ անձի հետ:
Վարկած առաջին
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` այս խոսակցության շուրջ հայտնի նախկին պաշտոնյաների, ինչպես նաեւ պաշտպանության նախարարությունում ներքին խոսակցություններ են սկսվել, թե ում են նկատի ունեցել նախաքննական մարմնի ղեկավարները: ՊՆ-ում ենթադրել են, որ միգուցե ԱԱԾ տնօրենը ու ՀՔԾ պետը նկատի են ունեցել ներկայումս Գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնող Կամո Քոչունցին: Յուրի Խաչատուրովի մտերիմ շրջապատում եւս եզրակացրել են, որ Արթուր Վանեցյանը եւ Սասուն Խաչատրյանը նկատի են ունեցել Կամո Քոչունցին:
Սակայն ուսումնասիրելով Կամո Քոչունցի կենսագրությունը` նկատեցինք, որ 2007 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նա նշանակվել է ՀՀ զինվորական կոմիսար եւ այդ պաշտոնը զբաղեցրել է մինչեւ 2009 թվականը:
Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ Կամո Քոչունցի հետ հասկանալու համար, թե արդյոք նա մարտյան իրադարձությունների ժամանակ իրականացրե՞լ է ԳՇ օպերատիվ գծով տեղակալի գործառույթները:
-Պարո՛ն Քոչունց, Դուք մարտյան իրադարձությունների ժամանակ եղել եք ԳՇ օպերատիվ գծով տեղակալը:
– Ես չեմ եղել:
-Իսկ ո՞վ է եղել:
-Ես կարող եմ ասել, որ ես եղել եմ հանրապետության գլխավոր կոմիսարը:
-Դուք այդ ժամանակ բավականին լուրջ պաշտոն եք զբաղեցրել, եւ հիմա բանակի ներգրավվածության մասով ՀՔԾ-ում լուրջ քննություն է ընթանում: Ձեզ կանչե՞լ են հարցաքննության:
– Ինչո՞ւ է դա Ձեզ հետաքրքրում: Ես եղել եմ հանրապետության գլխավոր կոմիսարը, այսքանը: Մնացածն ինձ չի վերաբերում:
Վարկած երկրորդ
«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով Յուրի Խաչատուրովի տեղակալների կենսագրությունները, նկատեց, որ 2008 թվականին ԳՇ օպերատիվ գծով տեղեկալ չի եղել, այլ եղել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչություն: Եւ օպերատիվ գծով վարչության պետը եղել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ներկայիս պետ Արտակ Դավթյանը: Ու դատելով իրավիճակից` Արտակ Դավթյանին նկատի ունեն գաղտնալսված պաշտոնյաները, եւ գուցե հենց նա է եղել մարտյան իրադարձությունների կիզակետում:
Ի՞նչ է արել ՀՔԾ-ն
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանից փորձեց հետաքրքրվել եւ հստակեցնել, թե, ի վերջո, ով է եղել 2008 թվականին Գլխավոր Շտաբի պետի օպերատիվ գծով տեղակալը, արդյոք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյա՞նը, որը նշանակվել է 2009-ին միայն, Գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ Կամո Քոչո՞ւնցը, թե՞ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Ու եթե պարզել եք, թե ով է նա, ի՞նչ է արվել այդ ուղղությամբ: Կանչե՞լ եք հարցաքննության, մեղադրանք առաջադրե՞լ եք, թե՞ ոչ: Եթե այո, ապա ի՞նչ հիմքով:
Ի պատասխան մեր գրավոր հարցման` ՀՔԾ լրատվականից հայտնեցին, որ «Ձեր կողմից պահանջվող տեղեկատվությունը չենք կարող տրամադրել` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունից ելնելով»:
Այսպիսով, այդպես էլ անհասկանալի մնաց, թե ում մասին էին խոսում եւ ինչ ճակատագիր է սպասվում ԳՇ օպերատիվ գծով նախկին տեղակալին:
Քնար Մանուկյան