Էպոսագետը կազատվի միայն չորս տարի անց. ինչպես է ազդել համաներումը նախագահի նախկին թեկնածուի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ԱԺ-ի կողմից ընդունված համաներումը տարածվել է նաեւ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով 14 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի՝ էպոսագետի վրա:

Հիշեցնենք, որ 2013 թվականին «Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ Պարույր Հայրիկյանի վրա կրակեցին, հետագայում պարզվեց՝ այդ մահափորձը կատարել են Հայրիկյանի տան «կաֆելչիկները»` Խաչիկ Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, որոնց պատվիրել է ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը վերջինիս հարազատներից տեղեկացավ, որ 14 տարվա ազատազրկման դատապարտված էպոսագետի վրա եւս տարածվել է համաներումը, եւ նրա պատժից 3,5 տարի կրճատվել է: Ու քանի որ նա արդեն 5 տարի 8 ամիս է, ինչ կրում է իր պատիժը Արթիկի քրեակատարողական հիմնարկում, ստացվում է, որ 4 տարի 7 ամիս անց ազատ կարձակվի քրեակատարողական հիմնարկից: Թերեւս նա նաեւ կդիմի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով: Իսկ թե ինչ կլինի, սպասենք արդյունքներին:

Իսկ ինչ վերաբերում է գործով անցնող մյուս ամբաստանյալներին, որոնցից մեկը դատապարտվել էր 14, մյուսը՝ 12 տարվա ազատազրկման, նրանց վրա եւս համաներումը տարածվել է, նրանց պատիժները եւս երեք տարով կրճատվել են:




Լրահոս