Որն է դայակի աշխատավարձը և ինչ արտոնություններ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից ուշագրավ նախագիծ է մշակվել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախագծով առաջարկվում է «Մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող, աշխատանք փնտրող անձանց` մինչեւ երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում» ծրագրով նախատեսել որոշակի հարկային արտոնություններ երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ առավել արդյունավետ կազմակերպելու հնարավորություն տալու նպատակով:

Ըստ սոցապ նախարարության` նախատեսված աջակցությունից օգտվող անձի երեխայի խնամքի հետ կապված` դայակի կողմից կատարվող աշխատանքները կհամարվեն նվազեցվող եկամուտներ: Եթե օրինակ վերցնենք դայակին վճարվող 110 հազար դրամ աշխատավարձը, ապա կստացվի, որ ծրագրի շրջանակներում 55 հազար դրամը սահմանված կարգով ծնողին կփոխհատուցի պետությունը:

Մինչդեռ հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասով` մինչեւ 150 հազար դրամի դեպքում 23 տոկոս սահմանված է որպես եկամտային հարկ, ինչի արդյունքում դայակի աշխատավարձից կհարկվի 25 հազար 300 դրամ: Հաշվի առնելով նաեւ նպատակային սոցիալական վճարն ու դրոշմանիշային վճարը` պարզ է դառնում, որ պետությունն իրականում ավելի քիչ գումար է փաստացի հատկացնում անձին որպես աջակցություն:

Նշենք, որ դայակների աշխատավարձը համաֆինանսավորելու կառավարության նախաձեռնությունը օրենքով ուժի մեջ է մտել հուլիս 7-ին, ինչից հետո սկսվել է ծրագրի իրականացումը: Ի դեպ, ծրագիրը մշակվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանի օրոք, բայց սկսել է կիրառվել Մանե Թանդիլյանի պաշտոնավարման ժամանակ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ծրագրի շնորհիվ մինչեւ երկու տարեկան յուրաքանչյուր երեխայի խնամքի համար դայակին կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատությանը վճարվում է աշխատանքային պայմանագրով սահմանված ամսական վարձատրության 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը: Ավելին, այս ծրագրի արդյունքում մեծանում են մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց աշխատանքի վերադառնալու հնարավորությունները:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս