Հայաստանի կառավարությունը մտադիր է հատուցել դատավորի գործուղման ծախսերը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իր մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս կամ արտագնա նիստ անցկացնելիս դատավորի ծախսերը կհատուցվեն:
Ըստ այդմ, արտագնա նիստ անցկացնելիս իր պաշտոնավարման վայրից մինչեւ 30 կիլոմետր հեռավորությամբ արտագնա նիստի վայր մեկնելիս դատավորին կտրամադրվի արտագնա նիստի վայր մեկնելու եւ վերադառնալու ճանապարհածախսը: Իսկ պաշտոնավարման վայրից 30 կիլոմետրից ավելի հեռավորությամբ արտագնա նիստի վայր մեկնելիս նրան կվճարվի արտագնա նիստի վայր մեկնելու, վերադառնալու ճանապարհածախսը, օրապահիկը:
Եթե նույն օրը դատավորը հնարավորություն չունենա վերադառնալ, ապա կփոխհատուցվի նաեւ գիշերավարձը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց նաեւ, որ դատավորին հատուցման ենթակա բեռնափոխադրման ծախսերի առավելագույն չափ կհամարվի մինչեւ 100 կիլոմետր հեռավորությունը, որի դեպքում կվճարվի 20 հազար դրամ: Իսկ 100 կիլոմետրից ավելի յուրաքանչյուր մինչեւ 50 կիլոմետրի համար` 5000 դրամ: Նշենք նաեւ, որ դատավորին հատուցման ենթակա գիշերավարձի առավելագույն չափ կհամարվի Երեւանում` 25 հազար, իսկ մարզերում` 20 հազար դրամը: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ դատավորին օրապահիկի համար կվճարվի 3000 դրամ: Ի դեպ, դատավորի գործուղման ծախսերի հատուցման մասին որոշումը ուժի մեջ կմտնի հաջորդ տարվա հունվարի 1-ից:
Լուծարում են
ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Ագրոսպասարկում» ընկերությունը կլուծարվի: Պատճառն այն է, որ ընկերությունը երկար տարիներ չի գործել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը բացի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարից ու հաշվապահից այլ աշխատողներ չունի: Նաեւ օրեցօր ավելանում են ընկերության պարտավորությունները:
Նշենք, որ «Ագրոսպասարկում» ընկերության կրեդիտորական պարտավորությունները կազմում են 2 մլն 310 հազար դրամ, որից գույքահարկի գծով պարտքը 2 մլն 219 հազար դրամ է, իսկ աշխատավարձի գծով պարտքը` 91 հազար դրամ: Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունն ունի 886.2 քմ տարածք, 2 հատ ավտոմեքենա եւ 1998-2000 թվականներին ձեռք բերված, բայց արդեն մաշված պահեստամասեր: Բացի այս, 9 հատ գրասենյակային գույք, այդ թվում 2 հատ բջջային հեռախոս, 1 հատ բազկաթոռ, 2 հատ բազմացնող սարք, 1 հատ ցուցանակ, 1 հատ մետաղյա դուռ տեղադրված եւ այլն:
Ս.Հ.