ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարծիքների բախում Դավիթ Տոնոյանի և Նիկոլ Փաշինյանի միջև. Փաշինյանը «հաղթել է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ կառավարության նիստում հավանության արժանացավ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի ներկայացրած «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը: Մասնավորապես, նա առաջարկում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափած եւ 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու նպատակով երկարաձգել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի գործողության ժամկետը:

Մասնավորպես, այս փոփոխությունը հնարավորություն է տալիս մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը, վերադառնալ Հայրենիք եւ ազատվել քրեական հետապնդումից: Առաջարկվում է ժամկետը երկարաձգել մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը:

Սակայն հետաքրքիր է, որ ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը նախկինում վերապահումներ է ունեցել անընդհատ երկարացման հետ կապված: Դեռ 2018թ. հունիսին նա նշել էր. «Ինչ-որ մի պահի այդ գործընթացը պետք է կանգնի, թե չէ ստացվում է, որ մենք անընդհատ խրախուսում ենք՝ գնացեք, քսանյոթ տարին կլրանա, կվերադառնաք եւ հնարավորություն կունենաք որոշ մուծումներ անելով ազատվել բանակային ծառայությունից, այսինքն պետք է կանգնել: Այդ գործընթացը ինչ-որ պահի պետք է կանգ առնի, որովհետեւ դա ստացվում է խրախուսում բանակից խուսափելու համար»:

Եվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս դրույթի շուրջ Պաշտպանության նախարարությունում երկար ժամանակ քննարկումներ են եղել, եւ Տոնոյանը կրկին դեմ է արտահայտվել այդ դրույթի երկարաձգմանը: Միեւնույն ժամանակ այս դրույթի երկարաձգմանը կողմ է եղել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, եւ ի վերջո նախագիծը կառավարության կողմից հավանության է արժանացել:




Լրահոս