Ինչպես հայտնի է, 2018 հուլիսի 25-ին ՀՔԾ-ն քրեական գործ էր հարուցել Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարական գործընթացում տեղ գտած չարաշահումների եւ հափշտակությունների առնչությամբ: Իսկ այդ ուսումնական կենտրոնը, ինչպես հիշում եք, կառուցվել է էր 2011թ-ից, երբ ՊԵԿ նախագահը, հետո ՀՀ ֆինանսների նախարարը Գագիկ Խաչատրյանն էր:
Իսկ ավելի ճիշտ` այդ ուսումնական կենտրոնը պետական միջոցների հաշվին հենց Գագիկ Խաչատրյանն էր կառուցում այն որպես բարձրակարգ հյուրանոց դարձնելու հեռահար նպատակով: Թավշյա հեղափոխությունից հետո ՊԵԿ-ը հանդես էր եկել հաղորդագրությամբ` տեղեկացնելով, որ ՀՀ ֆինանսների նախարարության եւ ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավասու պաշտոնատար անձինք առանց գնման պայմանագրեր կնքելու, առանց որեւէ փաստաթղթային ձեւակերպման «Սահակյանշին» ՓԲԸ միջոցով կազմակերպել եւ իրականացրել են Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարական աշխատանքները:
Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաեւ մի շարք այլ հանցավոր արարքների առկայության վերաբերյալ. խոսքը միլիոնավոր դոլարների յուրացման ու հափշտակման մասին է: Ու հիմա ՊԵԿ հետաքննության վարչությունում հարուցվել է քրեական գործ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, ինչպես նաեւ պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափի յուրացում եւ վատնում կատարելու համար:
Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարության մասին բազմիցս է մամուլում հրապարակում եղել, սակայն գործին իրավապահները որեւէ ընթացք չեն տվել, սակայն թավշյա հեղափոխությունից հետո կենտրոնի շինարարության մասով քրեական գործ հարուցվեց եւ ենթադրվում էր , որ նման տեմպերով ընթանալու դեպքում չի բացառվում, որ կարճ ժամանակ անց հարցաքննվի, միգուցե ձերբակալվի նաեւ Գագիկ Խաչատրյանը:
Անցել է շուրջ 4 ամիս, եւ մինչ օրս հայտնի չէ, թե ինչ է արել ՀՔԾ այս գործով: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել` արդյոք հարցաքննության հրավիրվե՞լ է Գագիկ Խաչատրյանը, արդյոք նրան մեղադրանք առաջադրվե՞լ է, թե՞ ոչ, եւ դեռ ավելին` միգուցե իրավապահները նրան հարցաքննության են հրավիրել եւ պարզվել է, որ նա երկրում չէ եւ նրա նկատմամբ հետախուզում է հայատարարվել: Ի պատասխան մեր հարցման` ՀՔԾ-ից հայտնեցին, որ գործի շահերից ելնելով` մանրամասներ չեն կարող հայտնել:
Քնար Մանուկյան