Առաջիկա ամիսներին թանկացման նոր ալիք կսկսվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կյանքը շարունակում է թանկանալ: Ընդ որում, բարձրանում են բոլոր ապրանքատեսակների գները` բացառությամբ, իհարկե, բանանից, որ ընդհակառակը, էժանացել է, ու լուցկուց, որ արդեն երկու տասնամյակ նույն գինն է: Բայց ըստ մասնագետների`թանկացումների նոր ալիքը դեռ առջեւում է:

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով`Հայաստանի սպառողական շուկայում հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 0.1 տոկոսի գնաճ:

Մսամթերքի շուկայում այս հոկտեմբերին թանկացումներ են արձանագրվել: Ի դեպ, մսամթերքը թանկացել է հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ 1.3 տոկոսով: Ըստ վիճակագրական կոմիտեի`հանրապետության բոլոր քաղաքներում այս հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.1-2 տոկոսով: Իսկ գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Հրազդան քաղաքում: Նշենք, որ երեւանյան խանութներում եւ սուպերմարկետներում մսամթերքի գներն աճել են 1.3 տոկոսով: Ի դեպ, տավարի տեղական մսի մեկ կիլոգրամը այսօր վաճառվում է 3700-3800 դրամով, խոզի մսի մեկ կիլոգրամը`3600-3800 դրամ, իսկ ահա բելառուսական ծագման տավարի մսի մեկ կիլոգրամը վաճառվում է 2700 դրամով:

Բայց ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` տավարի մսի մեկ կիլոգրամի մանրածախ միջին գինը այս տարվա երրորդ եռամսյակում կազմել է 3090 դրամ, խոզի մսինը`3440 դրամ, ոչխարի միսը`3560 դրամ, թռչնամիսը`1430 դրամ: Պարզվում է` այս տարվա գյուղատնտեսական տարին ազդել է իրավիճակի վրա եւ 2017 հոկտեմբերի համեմատ` այս հոկտեմբերին մսամթերքի ոլորտում գները 10.8 տոկոսով են ավելացել: Այս թանկացումը պայմանավորված է ե՛ւ անասնագլխաքանակի նվազման, ե՛ւ կերի թանկացման հետ: Ֆերմերները, չկարողանալով կեր ձեռք բերել, անասունները մասսայաբար մորթում են: Իսկ այս տարվա գարնանը նման իրավիճակ էր: Ըստ տնտեսագետների` առաջիկա ամիսներին ոչ միայն տավարի, խոզի, այլեւ գառան միսը կթանկանա:

Թանկացումից անմասն չեն մնացել կաթնամթերքի, պանրի եւ հավկիթի շուկաները: Օրինակ` կաթնամթերքի, այդ թվում եւ պանրի շուկայում այս հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ արձանագրված գնաճը կազմել է 1.1 տոկոս: Իսկ ահա անցած տարվա հոկտեմբերի համեմատ թանկացումը 3 տոկոս է եղել: Պաշտոնական տվյալներով` կաթնամթերքի թանկացմանը նպաստել է ձվի 4.5 տոկոս գնաճը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջին 3 ամիսներին ձվի ընդհանուր գնաճը կազմել է 39.7 տոկոս: Հավկիթի 10 հատանոց տուփը մոտ 600 դրամից դարձել է 650-700 դրամ: Ըստ որոշ տեղեկությունների` ձվի գնի թանկացումը պայմանավորված է վերջին շրջանում հավերի մասայական անկման դեպքերի հետ:

Վիճակագրական կոմիտեն եւս չի թաքցնում, որ Հայաստանում պարենային մթերքները թանկացել են: Ընդ որում`ըստ մասնագետների` դրանք դեռ կշարունակեն թանկանալ, քանի որ առջեւում արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Իսկ ինչպես հայտնի է, մեր հանրապետությունում սովորաբար ընտրություններից հետո ամեն ինչ թանկանում է: Թե այս ընտրությունները նախորդից ինչով կտարբերվեն, ցույց կտա ժամանակը: Բայց, ամեն դեպքում, թանկացումներն անխուսափելի են, քանի որ բացի արտահերթ խորհրդարանական ընտրություններից ամանորյա օրերն էլ են մոտենում: Եւ բազմաթիվ տնտեսվարողներ, առիթից օգտվելով, զգալի կթանկացնեն իրենց արտադրանքը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ձկնամթերքը թանկացել է 0.8 տոկոսով: Իսկ ահա անցած տարվա հոկտեմբերի համեմատ ձկնամթերքի շուկայում արձանագրված գնաճը կազմել է 5.7 տոկոս: Ըստ վիճակագրական կոմիտեի`ձկան մեկ կգ-ի մանրածախ միջին գինը այս տարեսկզբից մինչեւ հուլիս կազմել է 2690 դրամ, իսկ ահա սեպտեմբերին այն թանկացել է` դառնալով 2720 դրամ: Իսկ «Իշխան» տեսակի ձկան մեկ կգ-ն 1900 դրամից դարձել է 2000 դրամ: Ի դեպ, մեկ ամսվա ընթացքում թանկացել է նաեւ ալկոհոլային խմիչքն ու ծխախոտային արտադրատեսակները`0.1 տոկոսով: Հացաբուլկեղենն ու ձավարեղենը թանկացել են 0.2 տոկոսով:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս