hetq.am-ը գրում է.
Հայաստանից դուրս եկող միլիոնավոր դոլարներն արտերկրում դառնում են ներդրում, մասնավորապես, անշարժ գույքի տեսքով: Հայ պաշտոնյաները, օլիգարխներն ու տարբեր գործարարներ մեծածավալ գույք են ձեռք բերել բազմաթիվ երկրներում: Նրանց շրջանում ամենամեծ պահանջարկ ունեցող վայրերից մեկը Դուբայն է:
Արաբական Միացյալ Էմիրությունների խոշորագույն քաղաքը, որն իր շքեղությամբ Արեւելքի մարգարիտ կոչվելու բոլոր իրավունքներն ունի, օր-օրի ավելի ու ավելի շատ մարդկանց է գրավում: Դրանք ոչ միայն միլիոնավոր զբոսաշրջիկներ են աշխարհի տարբեր ծայրերից, այլեւ մեծահարուստներ, ովքեր նախեւառաջ անշարժ գույք են գնում այստեղ:
Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP, այս ցանցի անդամ է նաեւ «Հետքը») մեր գործընկերներից տվյալներ ենք ստացել Դուբայում անշարժ գույքի հայ սեփականատերերի մասին:
OCCRP-ն, մեջբերելով «Tax Justice Network» միջազգային անկախ փաստաբանական խմբին, հայտնում է, որ աշխարհի ոչ թափանցիկ իրավասությունների շարքում Դուբայը 9-րդն է: Այս քաղաքի եւ համանուն էմիրության առանձնահատկություններից են թափանցիկության բացակայությունը, իշխանությունների կողմից թույլ կարգավորումները եւ ներդրվող հսկայածավալ փողերի ծագումնաբանության հանդեպ անտարբերությունը, ինչը Դուբայը դարձրել է դրախտ քրեական խմբավորումների, ահաբեկիչների, դիկտատորների ու բոլոր նրանց համար, ովքեր ապրում են հանցագործություններով եւ կոռուպցիայով: Դուբայը դարձել է վայր, որտեղ աշխարհի ուժեղները կարող են խուսափել հարկերից եւ պատժամիջոցներից, իրենց երկրների իրավապահների աչքից հեռու զբաղվել փողերի լվացմամբ ու ակտիվներ թաքցնելով:
«C4ADS» շահույթ չհետապնդող կազմակերպությունն OCCRP-ին տրամադրել է տվյալներ, որոնք հավաքվել են անշարժ գույքի ոլորտի տարբեր մասնագետների կողմից: Տվյալների բազայում առկա է մոտ 54 հազար հասցե եւ 129 հազար սեփականատեր աշխարհի 181 երկրից: Այս մարդկանցից շատերը որեւէ իրավախախտման մեջ չեն մեղադրվում, սակայն քաղաքական գործիչների եւ մեծահարուստ անձանց անունները հարցեր են առաջացնում: Կան նաեւ պատժամիջոցների ցուցակներում ներառված անձինք, արդարադատությունից խուսափող դեմքեր եւ այլ անհատներ, որոնց բոլորի ներկայությունը Դուբայում ցույց է տալիս, թե կասկածելի անձանց որքան գրկաբաց է ընդունում այս քաղաքը:
Այս ֆոնին արժե հիշեցնել, որ Վաշինգտոնում գործող «Global Financial Integrity» հետազոտական եւ խորհրդատվական կազմակերպությունը, որը պարբերաբար զեկույցներ է հրապարակում զարգացող երկրներից ապօրինի ֆինանսական հոսքերի մասին, 2015-ին նշել էր, որ 2004-2013 թթ. Հայաստանից ապօրինի ճանապարհով դուրս է բերվել 9,8 մլրդ դոլար: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ մեր երկրի արտաքին պարտքն այդ նույն հատվածում 1,2 մլրդ դոլարից հասել էր 3,8 մլրդ-ի, իսկ արդեն այս տարվա սեպտեմբերին այն կազմել է 5,4 մլրդ դոլար:
«Հետքի» ձեռքի տակ գտնվող ցուցակում առկա են նախկին ու ներկա հայ պաշտոնյաների, գործարարների, նրանց հարազատների անուններ: Ճիշտ է, նույն գործարարներից ոչ բոլորն են հայտնի ու հանրության համար հետաքրքրություն ներկայացնող, սակայն կան անուններ, որոնք ժամանակին կարեւոր դերակատարում են ունեցել Հայաստանի տնտեսության մեջ (չենք ասում ՝ դրական կամ բացասական): Մենք չենք պնդում, որ ստորեւ ներկայացվող անձինք Դուբայում անշարժ գույք են գնել «կեղտոտ» փողերով, սակայն նրանց ունեցվածքը (հատկապես՝ պետական պաշտոնյաների) մտածելու տեղ է տալիս:
Ավելի մանրամասն` սկզբնաղբյուրում: