Նոյեմբերի 8-ն էլ անցավ, բայց Հայաստանը ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղար չունեցավ. մտահոգիչ է, եղբա՛յր. Շարմազանովը` Փաշինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը հայտարարություն է տարածել.

«Փաստորեն նոյեմբերի 8-ն էլ անցավ, բայց Հայաստանը ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղար չունեցավ: Մի բան է պարզ դառնում. Փաշինյանի կառավարման շրջանում Հայաստանը հետևողական զիջում է իր անվտանգության դիրքերը: Ավելին, բացահայտ նշվում է, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը Բելառուսին է տրվելու: Սա Փաշինյանի կառավարության հերթական բացահայտ ձախողումն է:

Իսկ ի՞նչ է լինելու: Ասեմ, սեփական ձախողումը քողարկելու համար կարծում եմ՝ մենք ականատես կլինենք, այսպես ասած, կոռուպցիայի դեմ պայքարի, նոր բացահայտումների կամ սևերի ու սպիտակների հերթական բաժանման:

Պարոն վարչապետ, կոռուպցիայի ու ցանկացած ապօրինության դեմ էլի պայքարեք, բայց ոչ ի հաշիվ Հայաստանի ու Արցախի անվտանգության:

Հա, մեկ էլ մի բան՝ էդ նորմալ ու կիրթ տպավորություն թողած Ալիևը հերթական անգամ խոսել է ինչ-որ տարածքներ վերադարձնելու, Արցախը ադրբեջանական հող լինելու, Հայաստանից զիջումներ կորզելու մասին: Ես սպասում էի Ձեր արձագանքին, բայց Ձեր խրոխտ ու վճռական խոսքի փոխարեն ստացա լռություն: Մտահոգիչ է, եղբա՛յր:

Հայաստանի թիվ մեկ մարտահրավերը եղել և մնում է ՀՀ անվտանգության ամրապնդումն ու Արցախի հարցի արդար և հայանպաստ լուծումը»:




Լրահոս