ՀՅԴ վերնախավի ռեյտինգային հայտը․  «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՅԴ-ն մոտ օրերս ամբողջական կկազմի եւ կհրապարակի կուսակցության համամասնական եւ վարկանիշային ընտրացուցակները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՅԴ ընտրացուցակը եւ հատկապես վարկանիշային ընտրակարգով առաջադրվողների պարագայում այնքան էլ փոփոխությունների չի ենթարկվելու:

Մասնավորապես, մի քանի անուններ արդեն հայտնի են: Այս անգամ վարկանիշային ընտրակարգով կարող է առաջադրվել նաեւ Արմեն Ռուստամյանը, ով կրկին կղեկավարի ՀՅԴ ընտրացուցակը: Վարկանիշային ընտրակարգով առաջադրվելու են նաեւ նախկին նախարարներ Արծվիկ Մինասյանը, Արթուր Խաչատրյանը, Դավիթ Լոքյանը, ինչպես նաեւ Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Վարդանյանը: Ընդ որում, 2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ ՀՅԴ-ն ստացել էր 103 հազար 48 ձայն: Համեմատության համար նշենք, որ «Ելք» դաշինքը ստացել էր 122 հազար 65 ձայն: Սակայն ՀՅԴ-ի ցուցակում կան թեկնածուներ, ովքեր նախորդ ընտրություններում քիչ ձայներ էին ստացել. օրինակ` պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը, ով ստացել էր 509 ձայն:

Հատկանշական է, որ ԱԺ այս ընտրություններում բոլոր կուսակցությունները կարծես թե մտադիր են վարկանիշային ընտրակարգով առաջադրել նաեւ իրենց քաղաքական դեմքերին, որոնք նախկինում ընդգրկված են եղել միայն համամասնական ընտրացուցակներում: Այս քայլին հետեւում է նաեւ ՀՅԴ-ն: Միայն թե հետաքրքիր է` արդյոք ՀՅԴ-ն, որ այլեւս իշխանության մաս չէ, չի վայելում ՀՀԿ հովանավորչությունը, նախկինի նման չունի ԱԺ-ում հայտնվելու դաբրոներ (ինչպես եւ դաբրոներ չունեն ընտրություններին մասնակից մյուս ուժերը), կկարողանա հաղթահարել անցողիկ շեմն ու հայտնվել խորհրդարանում:

Ավելի մանրամասն՝  «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս