Ով է ՀԱՊԿ-ում Ադրբեջանի և Բելառուսի միջև ռազմական գործարքի «մեղավորը»․ ուշագրավ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, դեկտեմբերին վերջնականապես կորոշվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը, եւ պարզ կդառնա, թե որ երկրի ներկայացուցիչը կզբաղեցնի այն: Այս պահին թեկնածուները երեքն են` Հայաստանի ներկայացուցիչ Վաղարշակ Հարությունյանը, ներկայումս ՀԱՊԿ պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը եւ Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը: Ընդ որում, վերջինիս կենսագրության մեջ կան այնպիսի դրվագներ, որոնք այնքան էլ Հայաստանի սրտով չեն:

Մասնավորապես, Զասն այն առանցքային դերակատարներից է, որի շնորհիվ Ադրբեջանի եւ Բելառուսի միջեւ տեղի է ունեցել ռազմական գործարք: Խոսքը վերաբերում է 2018թ.-ի ապրիլի 18-ին հայտնի դարձած գործարքին. Բելառուսն Ադրբեջանին է վաճառել եւ վաճառում 301 մմ տրամաչափի «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

Նշենք, որ ռուսական լրատվամիջոցները հետաքրքիր տեղեկություններ են հրապարակել ՀԱՊԿ նիստի մասին: Մասնավորապես, հիմնական բանավեճը եղել է Ղազախստանի եւ Հայաստանի ղեկավարներ Նուրսուլթան Նազարբաեւի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ, քանի որ վերջինս կտրականապես դեմ է եղել քվոտան Բելառուսին հանձնելուն:

Իսկ ահա ՌԴ-ն առաջարկել էր միջանկյալ տարբերակ, որ հենց այսօրվա պաշտոնակատարը շարունակի լինել մինչեւ 2020 թվական, սակայն այս տարբերակին էլ դեմ է եղել Բելառուսը: Ամեն դեպքում, հաշվի առնելով Զասի անցյալն ու այդ նիստին Ադրբեջանի նախագահին կանչելու պատրաստակամությունը` քվոտայի փոխանցման պարագայում Հայաստանի համար այնքան էլ լավ չի լինի:




Լրահոս