ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՅԴ-ն առանց ՀՀԿ-ի չունի խորհրդարանում հայտնվելու «դաբրոներ». որքան են շանսերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ-ն մոտ օրերս ամբողջական կկազմի եւ կհրապարակի կուսակցության համամասնական եւ վարկանիշային ընտրացուցակները: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց ԱԺ ՀԿԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը: Նա մեզ հետ զրույցում նշեց, թե վերջին շտկումներն են արվում, սակայն ցուցակն, ըստ էության, պատրաստ է:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՅԴ ընտրացուցակը, հատկապես վարկանիշային ընտրակարգով առաջադրվողների պարագայում, այնքան էլ մեծ փոփոխությունների չի ենթարկվելու: Հիմնականում ցուցակը բաղկացած է լինելու հին դեմքերից, ովքեր եղել են նաեւ նախորդ ընտրություններում:

2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ ՀՅԴ-ն ստացել էր 103 հազար 48 ձայն: Համեմատության համար նշենք, որ «Ելք» դաշինքը ստացել էր 122 հազար 065 ձայն: Ըստ էության, երկու ուժերի միջեւ ձայներն այնքան էլ չէին տարբերվում: Եվ մի քանի ընտրատեղամասերում, այդ թվում մարզերում ՀՅԴ-ն ավելի շատ ձայներ էր ստացել, քան «Ելք» խմբակցությունը:

Օրինակ` թիվ 1 ընտրատարածքում ՀՅԴ-ի վարկանիշային թեկնածուներից է եղել Սերգեյ Լոքյանը, ով էլ այս ընտրատարածքում կուսակցությունից ամենից շատ թվով ձայներն էր ստացել` 2524 ձայն: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս անգամ Սերգեյ Լոքյանը չի առաջադրվելու: Իսկ այս ընտրատարածքից որպես վարկանիշային թենածու կարող է առաջադրվել Արմեն Ռուստամյանը, ով նախկինում գլխավորում էր կուսակցության համամասնական ցուցակը: Այս ընտրատարածքում ՀՅԴ-ն ստացել էր 7220 ձայն, իսկ «Ելք» խմբակցությունը` 16 հազար 034 ձայն:

Թիվ 2 ընտրատարածքում ՀՅԴ-ն ստացել էր 6254 ձայն, որից 1000-ից ավելի ձայնը ստացել է Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Վարդանյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս անգամ եւս նա կլինի ցուցակում եւ կրկին կառաջադրվի վարկանիշային ընտրակարգով: Այս ընտրատարածքում կառաջադրվի նաեւ Միքայել Մանուկյանը, ով Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում այս կուսակցության վարկանիշային թեկնածուն էր: Նա նախորդ ընտրություններում ստացել էր 917 ձայն:

Թիվ երեք ընտրատարածքում` ՀՅԴ-ն ամենաքիչ ձայնն էր ստացել` 5 հազար 409 ձայն: Շենգավիթ եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններն ընդգրկող այս ընտրատարածքի շուրջ ՀՅԴ-ում դեռեւս ակտիվ քննարկումներ են: Նախորդ ընտրություններում այստեղ առաջադրված է եղել Սամվել Սարգսյանը, սակայն այժմ վերջնական որոշում կայացված չէ:

Թիվ չորս ընտրատարածքում նախորդ ընտրություններին ՀՅԴ-ն ստացել էր 5674 ձայն: Այս ընտրատարածքի շուրջ եւս վերջնական որոշում կայացված չէ: Սակայն չի բացառվում, որ առաջադրեն Սպարտակ Սեյրանյանի թեկնածությունը: Այս կուսակցությունը կարող է լուրջ խնդիրներ ունենալ Արմավիրի մարզում, քանի որ նախորդ ընտրություններում 3064 ձայն ստացած եւ վեցերորդ ընտրատարածքից պատգամավոր դարձած Անդրանիկ Կարապետյանն այս անգամ հնարավոր է` չառաջադրվի վարկանիշային ընտրակարգով:

Չնայած վերջինս կողմ էր այս համակարգի պահպանմանը, սակայն վերջին շրջանում այնքան էլ հարթ չեն նրա եւ ՀՅԴ-ականների հարաբերությունները. Կարապետյանն անկուսակցական է եւ բազմաթիվ հարցերում կուսակցությունից առանձին դիրքորոշում էր արտահայտում: Այս անգամ Արմավիրի մարզից կառաջադրվի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախկին նախարար Արծվիկ Մինասյանը: Ընդ որում, այս ընտրատարածքում ՀՅԴ-ն ստացել էր 11 հազար 579 ձայն, իսկ, օրինակ, «Ելք»-ը` 6218 ձայն:

Օրինակ` թիվ 7 ընտրատարածքում (Արագածոտնի մարզ) «Ելք»-ը ստացել էր ընդամենը 1757 ձայն, իսկ ՀՅԴ-ն` 8557 ձայն: Այստեղ կուսակցության վարկանիշային թեկնածուն նախկինում Տարոն Տոնոյանն էր, սակայն այս ընտրություններում Արագածոտնի մարզից որպես վարկանիշային թեկնածու կառաջադրվի ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախկին նախարար Դավիթ Լոքյանը:

Թիվ 8 ընտրատարածքում (Գեղարքունիքի մարզ) ՀՅԴ-ն կողմնորոշվել է իր թեկնածուի հարցում եւ կրկին, ինչպես նախկին անգամ, առաջադրվելու է նախկին մարզպետ Իշխան Սաղաթելյանը: Այս ընտրատարածքում ՀՅԴ-ն ստացել էր 9107 ձայն, որից 3458-ը հենց Սաղաթելյանի ստացած ձայներն են եղել:

Թիվ 9 ընտրատարածքում (Լոռու մարզ) վարկանիշային ընտրակարգով առաջադրվելու է պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը: Նա նախորդ ընտրություններում 509 ձայն էր ստացել, իսկ կուսակցությունն էլ` 5 հազար 547 ձայն:

Թիվ 11 ընտրատարածքն ընդգրկող Շիրակի մարզի պարագայում եւս որոշումը կայացված է: Թեկնածուն, ինչպես եւ նախկինում, կլինի Ռոմիկ Մանուկյանը: Նախորդ տարի նա կուսակցության հավաքած 12 հազար 354 ձայներից հավաքել էր 3123 ձայն: Այստեղով կառաջադրվի նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար, Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանը:

Նկատենք, որ այսօր ՀՅԴ-ն այլեւս իշխանության չէ, չունի ՀՀԿ-ի նման «հզոր» հովանավոր, որ կերաշխավորի ներկայությունը խորհրդարանում: Ուստի ԱԺ այս ընտրություններն ավանդական հայկական կուսակցության համար բավական լուրջ փորձաքար են լինելու: Եւ այս առումով ՀՅԴ-ում իսկապես միանշանակ չէր որոշում կայացնելը` գնալ հին կադրերով, թե նոր:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս