Վաղարշակ Հարությունյանի մասին որոշումն իրավաչա՞փ չէր․ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2002 թվականի հուլիսի 18-ին հրամանագիր էր ստորագրել «Զինվորական ծառայության անցնելու» մասին օրենքը, որն ուժի մեջ էր մտել հուլիսի 20-ին: Եվ արդեն հուլիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանին զրկել էր կոչումից: Դեռ այն ժամանակ այս որոշման սահմանադրականության հետ կապված խնդիրներ էին առաջ քաշվում, եւ հիմա էլ սա ավելի շատ բնորոշվում է ոչ թե որպես իրավական, այլ քաղաքական որոշում:

Եվ ոչ իրավական լինելու հանգամանքի առումով մի քանի ապացույցներ են առկա: Նախ այն ժամանակ գործող Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետը սահմանում էր նախագահի կողմից կոչումներ ու շքանշաններ շնորհելու իրավունքը: Իսկ ահա կոչումներից ու շքանշաններից զրկելու դրույթ ո՛չ այն ժամանակ գործող Սահմանադրությունը, ո՛չ էլ օրենսդրությունը չէր նախատեսում: Սահմանադրության 116-րդ հոդվածի երրորդ կետի համաձայն` հանրապետության նախագահն իրականացնում է միայն Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները: Ըստ այդմ, Սահմանադրությունը նախագահին զինվորական կոչումից զրկելու լիազորություն չէր վերապահում: Ինչ վերաբերում է «Զինվորական ծառայության անցնելու» մասին օրենքին, ապա այն հետադարձ ուժ չունր եւ չէր կարող ազդել մինչ այդ տեղի ունեցած դեպքերի վրա: Ասել է թե` 2002թ. օրենքի ընդունումից երկու օր անց է տրվել Վ.Հարությունյանին գեներալի կոչումից զրկելու մասին հրամանը: Ստացվում է, որ այդ 2 օրվա ընթացքում պետք է տեղի ունեցած լիներ խիստ դատապարտելի ու գեներալի կոչումն արատավորող արարք, ինչը, սակայն, չի եղել:
Բացի այդ, «Զինվորական ծառայության անցնելու մասին» օրենքը վերաբերում է միայն զինծառայողներին, իսկ Վաղարշակ Հարությունյանը 2000 թվականի հուլիսից չէր ծառայում ՀՀ զինված ուժերում, բնականաբար օրենքը չի կարող վերաբերել քաղաքացիական մարդուն:

Հիշեցնենք, որ Վաղարշակ Հարությունյանը պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացվել էր 2000 թվականի մայիսին՝ վարչապետ Արամ Սարգսյանի պաշտոնանկությունից հետո: Իսկ գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումը ստացել է 1996 թվականին` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիներին: Եվ, ըստ էության, Ռոբերտ Քոչարյանի կողմից այդպիսի որոշում կայացնելու պատճառը Վաղարշակ Հարությունյանի քաղաքական ընդդիմադիր գործունեությունն էր, հատկապես, երբ վերջինս սկսել էր քաղաքական գնահատականներ տալ Ռոբերտ Քոչարյանի գործելակերպին:

Հ.Գ. Հետաքրքիր է` ժամանակին ինչու չի բողոքարկվել հարցը Սահմանադրական դատարանում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս