Մեր երգարվեստում հեղափոխությունից հետո կտրուկ փոփոխություն չկա. Գոհար Հովհաննիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը այս անգամ զրուցել է ժողովրդական երգիչ Գոհար Հովհաննիսյանի հետ:

-Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում երիտասարդներն են իշխում, հետեւաբար ժամանակակից տեխնիկայի` այֆոնների ու այփադների կիառումն ավելի մեծ է: Արդյոք ժողովրդական ազգային երգը պահանջարկ ունի՞, ինչպես նախկինում էր:

-Շատ լրատվամիջոցներ, հեռուստաընկերություններ պետք է ավելի շատ պրոպագանդեն ժողովրդական երգը, որովհետեւ միայն երգչի ներկայացնելով հնարավոր չէ տարածել այն: Պետք է բոլորը, այդ թվում հեռուստաընկերություններն ու լրատվամիջոցները մեծ ջանքեր ունենան, որպեսզի երբեք դա չմոռացվի: Ժողովրդական երգարվեստը դարերից է եկել, եւ դրանք պահպանողները երիտասարդ սերունդ են, այսինքն ոչ միայն կատարողները, այլ լսարանը նույնպես պետք է երիտասարդները պահպանեն:

Ես օրինակ բերեմ մեր անցկացրած համերգներից. վստահ կարող եմ ասել, որ (թող գովազդ չհնչի) երբ քո աշխատանքը, քո գործը լինում է համոզիչ, ապա գոհ է լինում նաեւ քո լսարանը: Ընկերներիս անունից էլ կարող եմ ասել, որ մենք գոհ ենք մեր լսարանից:

Այսինքն` մեր երգը պահաջարկ ունի, պարզապես մի քիչ աղբը շատ է տարածած: Օրինակ` ոչ ժողովրդական երգ է գրվում, սակայն շահարկվում են մեր ազգային գործիքները` դհոլ, զուռնա, եւ հանդիսատեսը երբեմն շփոթմունքի մեջ է ընկնում` մտածելով, որ դա ժողովրդական երգ է: Ոչ,ժողովրդական երգը դարերից է եկել, դա մեր պատմությունն է, եւ յուրաքանչյուր երգիչ նման երգեր կատարելիս պետք է մեծ պատասխանատվություն կրի: Իհարկե, պետք է նորովի մատուցել, նոր շունչ հաղորդել` պահպանելով մեր հինը:

-Հեղափոխությունից հետո ի՞նչ փոփոխություն եք զգացել Ձեր, ապա Ձեր ոլորտի` երգարվեստի վրա: Ի՞նչ դրական կամ բացասական փոփոխություն է եղել Ձեր կյանքում:

-Էական ոչ մի փոփոխություն չի եղել: Կոնկրետ ես փոփոխություն չեմ տեսել, որ լավ կամ վատ առումով ազդած լինի երգարվեստի վրա: Հուսով ենք, որ ամեն ինչ լավ կլինի, եւ մի օր կլինի իսկապես հավասարություն: Այսինքն` յուրաքանչյուր մարդ կկարողանա իր իրավունքը պաշտպանել:

-Ձեր կարծիքով չկա՞ հավասարություն:

-Ամեն դեպքում, մեր երգարվեստում հեղափոխությունից հետո կտրուկ փոփոխություն չկա. մենք էլի երգում ենք, ինչպես նախկինում ենք երգել, մասնակցում ենք կորպորատիվ միջոցառումներ: Միայն ցանկալի կլինի`ավելի շատ պետական համերգներ կազմակեպվեն թե՛ մարզերում, թե՛ Երեւանում։

-Գոհա՛ր, նախկինում երգարվեստի ներկայացուցիչները նեղսրտում էին, որ իրենց հեռուստաեթերներ չեն հրավիրում, իրենց անտեսում են: Հիմա նույնպե՞ս կա նման խնդիր:

-Ես ինքս սիրում եմ` երբ եթերի են հրավիրում, ապա դա թեմատիկորեն կապ ունենա երգչի հետ: Ես շոուների սիրահար չեմ, որ մասնակցեմ ուղղակի եթերների: Կարծում եմ` եթերին մասնակցելու համար երգիչը նույնպես պետք է իր ասելիքն ու խոսքն ունենա:

-Հայաստանում ինչքան շատանում են լրատվամիջոցերը, որոնք լրատվության հետ կապ չունեն, այդպես էլ շատանում են երգիչ-երգչուհիները, որոնք երգավեստի հետ կապ չունեն: Ըստ Ձեզ`ինչպե՞ս կարելի է դաշտը մաքրել:

-Տա Աստված, որ մի օր իսկապես այս խնդրին լուծում տրվի: Իհարկե, լավ է, երբ մարդ երգում է, նա կարող է իրենց տան որեւէ խնջույքին երգել: Ես դեմ եմ, երբ, հատկապես վերջերս, ժողովրդական երգը ծառայեցնում են` փորձելով ճանաչում ունենալ: Լավ կլինի, որ իսկապես Հայաստանն այնքան վերելք ունենա, որ ամեն ոք իր գործով զբաղվի, այլ ոչ թե երգելով գումար վատակեն ու հանկարծ որոշեն, որ երգիչ են: Յուրաքանչյուր արվեստագետ, երբ ինքն իր առջեւ պատասխանատվություն ունենա,կարծում եմ` այդ հարցը կլուծվի: Ես 5-6 տարեկանից առանց գիտակցելու սկսել եմ երգել, այլ ոճում ինձ չեմ պատկերացրել:

Իմ կարծիքով`յուրաքանչյուր երգիչ ինքը պետք է ծառայի երգին, ոչ թե երգը ծառայեցնի իրեն: Երգիչը պետք է հենց իր քննադատը լինի: Ես չեմ ընդունում, որ երբեմն երգիչներն ասում են` այս կամ այն քննադատությունը ինձ հետաքրքիր չէ: Ոչ, այդպես չէ, եթե քո գործը հանրությանն ես ներկայացնում, ապա նույն հանրության կարծիքը կարող է քեզ ցավեցնել, վշտացնել, ոգեւորել: Անհնար է հանրության կարծիքը թերթել:

-Տարին գրեթե ավարտվում է. գո՞հ եք անցնող տարուց: Ի՞նչ կիսատ գործեր եք թողել:

-Քանի որ ունեմ երկու բալիկ, ինձ համար մի քիչ ավելի դժվար է հասցնել ամեն ինչ` ձայնագրություններ, տեսահոլովակներ: Ժամանակի առումով չեմ հասցնում: Սակայն ունենք նախագիծ, թերեւս առաջին անգամ խոսեմ այս մասին. հիմա աշխատաքներ են տարվում իմ երրորդ ձայնասկավառակի վրա, որը կոչվում է «Գաթա Բենդ» եւ Գոհար Հովհաննիսյան: Վերցրել ենք հին երգերը եւ նորովի, նոր գործիքավորմամբ, նոր շնչով ներկայացնում ենք հանդիսատեսին: Նշեմ, որ կլինի նաեւ դուետշատ սիրելի Անդրանիկ Սարկավագի հետ:

Զրուցեց Նատալյա Պողոսյանը




Լրահոս