Օրեր առաջ shamshyan.com կայքում նամակ էր հրապարակվել, որով քաղաքացին իր մտահոգությունն էր հայտնել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի քաղաքապետարանի աշխատակից Ռազմիկ Բադեյանի վերաբերյալ։ Նամակում մասնավորապես նշված էր․ «Այս բողոքը ոչ միայն իմ, այլ նաև հարյուրավոր քաղաքացիների կողմից եմ ասում։ Վարդենիսի քաղաքապետարանի աշխատակիցը՝ Ռազմիկ Բադեյանը, ով հարկային բաժնի պատասխանատուն է, տնօրենների միջոցով աշխատակիցներին ստիպելով և վախեցնելով, որ աշխատավարձից պահումներ կանեն, հավաքագրում են աշխատողների ընտանիքի անդամների հողի և գույքի պարտքերը: Նաև ստիպում է մուծում կատարել նախկինում մուծված պարտքերի համար՝ ասելով, թե բազայում առկա չէ անդորրագիրը: Ավելացնեմ նաև, որ Ռազմիկ Բադեյանը քաղաքապետի ամենավստահելի մարդկանցից մեկն է», – նշված էր բաց նամակում։
ArmLur.am-ը կապ է հաստատել Վարդենիսի համայնքապետարանի աշխատակից Ռազմիկ Բադեյանի հետ, ում մասին էլ խոսք է գնում բաց նամակում։ Նա մեզ հետ զրույցում հաստատեց, որ իսկապես աշխատում է Վարդենիսի համայնքապետարանում և զբաղվում է տեղական հարկերի հավաքագրմամբ, ինչպես նաև տեղական հարկերի էլեկտրոնային համակարգում տեղեկատվության մուտքագրմամբ: «Երբեք որևէ քաղաքացուց անհիմն կերպով վճարման անդորրագրեր չեմ պահանջել, ընդհակառակը արդեն մեկ տարի է աշխատում եմ և մինչև օրս իմ աշխատանքի հետ զուգահեռ զբաղված եմ բազայում նախկինում եղած սխալների և թերությունների շտկմամբ:
Իմ պարտականությունները կատարում եմ բացառապես ՀՀ օրենսդրությանը և «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան», – նշեց նա։
Սակայն նա մեզ հետ զրույցում նշեց, թե Վարդենիսի համայնքապետի հետ որևէ ազգակցական կապ չունի և ունի համապատասխան գիտելիքներ իր աշխատանքը պատշաճ կատարելու համար: