ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ՝ ԹԵԿՈՒԶ ՀԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 19-ին մասնակցելու է Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստին, որտեղ նաեւ ներկայացնելու է ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխված տարբերակը: Սակայն այս նախագիծը Վենետիկի հանձնաժողով ուղարկելն, ըստ էության, խիստ ձեւական բնույթ է կրում, եւ փաստացի այս կառույցը չի կարողանալու ժամկետների մեջ տեղավորվելով ներկայացնել իր կարծիքը փաթեթի մասին: Ընտրական օրենսգրքի բուն նախագիծը միայն վերջերս է ուղարկվել հանձնաժողովին, մինչ այդ պարզապես հայեցակարգն է ուղարկված եղել: Եվ փաստացի այս նախագիծն ուղարկված էլ չէ որեւէ կարծիք ունենալու համար, այլ փորձ է արվում ապահովել գործընթացների հերթականությունը: Ու այս իրավիճակում նկատելի է, որ միջազգային կազմակերպությունների հանդեպ ոչ պատշաճ վարքագիծ է դրսեւորվում: Եվ փաստացի ՀՀ իշխանություններն այնքան են շտապում արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում, որ անգամ Վենետիկի հանձնաժողովի մասնագիտական կարծիքը չի կարող ոչինչ փոխել: Ո՞րն է այս շտապողականության ու միջազգային կազմակերպության հետ հաշվի չնստելու փաստի բացատրությունը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ՀՀ արդարադատության նախարար, ՀՀ վարչապետին կից ընտրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Արտակ Զեյնալյանը պատասխանեց, թե «Հայաստանում առկա է ֆորսմաժորային, հակասահմանադրական իրավիճակ, որը պետք է շտապ հանգուցալուծվի»: Բայց այս շտապողականության պայմաններում չի բացառվում, որ եվրոպական կառույցները նաեւ ոչ լեգիտիմ համարեն սպասվող արտահերթ ընտրությունների արդյունքները` հենվելով քաղաքական ուժերի բողոքների եւ իրենց հետ հաշվի չնստելու կարեւոր փաստի վրա:

 

 

Ազգային անվտանգության ծառայությունն արդեն ստուգել է, թե Սերժ Սարգսյանի եղբայրը` Ալեքսանդր Սարգսյանը, ինչպես է ձեռք բերել իր բանկային հաշվին առկա մոտ 30 մլն դոլարը՝ տարիների ընթացքո՞ւմ, թե՞ միանգամյա փոխանցումով: Այս մասին երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ առաջիկայում տեղեկություն կտրամադրվի: Հիշեցնենք, որ Սարգսյանի կուտակած գումարների մասին Ազգային ժողովի ամբիոնից խոսեց նաեւ այսօր արդեն ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սարգսյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին իր գույքն ապօրինի արգելանքի տակ պահելու մասով: Բանն այն է, որ Սարգսյանի գույքի նկատմամբ ԱԱԾ քննչական վարչության որոշմամբ կալանք էր դրվել դեռեւս հուլիսի 9-ին, որից հետո Սարգսյանը հայտարարել էր, որ սահմանված կարգով հաստատվել է՝ իր բանկային հաշվին առկա գումարները ձեռք են բերվել օրինական ճանապարհով: Եվ ահա ԱԱԾ-ն խոստանում է առաջիկայում այս մասով նոր բացահայտումներ անել:

 

 

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) ընտանիքին պատկանող, Նորակերտ գյուղում գտնվող խաղատունը գրավադրված է «Արդշինբանկ»-ում: Հակոբյանները չեն կարողացել մարել վարկային պարտավորությունները, եւ այն մնացել է բանկին: Խոսքը 73 մլն 863 հազար դրամի մասին է: «Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայի շուրջ զրուցեց Հակոբ Հակոբյանի հետ եւ հետաքրքրվեց վարկը չմարելու պատճառների մասին: Հարցին ի պատասխան` Հակոբյանն ասաց. «Դա իմ եղբոր շենքն է եղել, բայց իր մահից հետո բանկը մարման ժամանակացույց է կազմել եւ կամաց-կամաց վճարում ենք: Ինքը վարկ ուներ վերցրած, բայց ընտանիքի անդամները պայմանագիր կնքեցին բանկի հետ եւ վճարում են: Նախկինում դա խաղատուն է եղել, այդ շենքում հիմա գործունեություն չի ծավալվում: Հիմա խնդիր չկա բանկի հետ: Պարզապես դժբախտ պատահար եղավ, մահացավ»: Հիշեցնենք՝ նրա եղբայրը մահացավ գազալցակայանում պայթյունի հետեւանքով:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը դժգոհություններ է ստանում քաղաքացիներից այն մասին, որ մարդիկ, ունենալով քրոնիկ հիվանդություն եւ հաշմանդամության կարգ, ստանում են թոշակ, ինչը հետագայում փաստացի խանգարում է կենսաթոշակ ստանալու գործին: Պարզվում է՝ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձն ունի մեկ կենսաթոշակ ստանալու իրավունք իր ընտրությամբ: Այսինքն` եթե ՀՀ քաղաքացին ստանում է հաշմանդամության թոշակ, ապա կենսաթոշակային տարիքը լրանալու ժամանակ նա պետք է ընտրի` հաշմանդամությա՞ն թոշակը շարունակի ստանալ եւ դեղեր գնել, թե՞ տարիքային թոշակ՝ ապրելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը քաղաքացիների այս դժգոհությունները փոխանցեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանին, ով տարօրինակ պատասխան տվեց. «Մարդ միաժամանակ մի քանի կարգավիճակում չի կարող լինել` կինը կա՛մ հղի է, կա՛մ ոչ: Երկու կենսաթոշակ տալը տրամաբանական չէ»: Բայց, ի վերջո, պետական ապարատում պետք է տարբերակեն, որ հիվանդության համար տրվող գումարը մարդու վաստակած հանգստի թոշակի հետ առնչություն չունի: Նոր Հայաստանում խնդիրը պետք է քննարկվի ու լուծում ստանա:

 

 

 

ՈՒՇ, ԲԱՅՑ ՈՉ ՈՒՇԱՑԱԾ
Հայաստանում տեղի ունեցած ապրիլյան թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետ նշանակված Նիկոլ Փաշինյանը, որն այսօր արդեն վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է, անհաշտ պայքար սկսեց նախկին իշխանությունների դեմ ու թեեւ խոստացել էր, որ վենդետա չի լինելու, այնուամենայնիվ շատ ՀՀԿ-ականներ ու նախկին իշխանության հետ մերձ հարաբերություններ ունեցող մարդիկ հայտնվեցին իշխանությունների թիրախում: Ակնհայտ թշնամանք կար նախկինների նկատմամբ իշխանական բուրգի վերեւում, որը սրընթաց իջավ նաեւ ՀՀ քաղաքացիների մոտ: Մի երեւույթ, որն անընդունելի է բոլոր դեպքերում՝ անկախ վերամբարձ հիմնավորումներից:
Տեւական ժամանակ է, ինչ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ պետք է հեղափոխությունից հետո լայն համախմբում ապահովել եւ բոլոր ոլորտներում գիտակ մարդկանց ներգրավել պետականաշինության գործում: Սակայն ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, հակառակն էր անում. թեեւ խոսում էր հանդուրժողականության մասին, սակայն իրականում վենդետային բնորոշ քայլեր էին իրականացվում նրա իշխանության կողմից, իսկ ինքն էլ անձամբ շարունակեց հասարակությանը սեւերի եւ սպիտակների բաժանել (Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավին): Բայց Երեւանի քաղաքապետի երդմնակալության օրը վերջապես սառույցը տեղից շարժվեց, եւ Փաշինյանը խոսեց քաղաքական նացիզմի անթույլատրելիության մասին: Իսկ երեկ էլ, երբ Սյունիքի մարզպետ նշանակվեց Հունան Պողոսյանը, Փաշինյանը անհրաժեշտ համարեց հայտարարել. «Կարեւոր եմ համարում, որ հեղափոխության արդյունքում որեւէ մեկն իր կյանքն ավարտված չհամարի ՀՀ-ում, ու այս տրամաբանության մեջ չպետք է թույլ տանք, որ զարգանա մի երեւույթ, որը պայմանականորեն կարելի է կոչել քաղաքական ռասիզմ: Գալիս է լիարժեք համախմբման ժամանակը: Սա չի նշանակում նաեւ, որ փակում ենք կադրային փոփոխությունների օպտիմալացման ու ավելի արդյունավետ համակարգ ունենալու տրամաբանությունը…. գալիս է լիարժեք համախմբման ժամանակը: Կա բարիկադներ կառուցելու ժամանակը, կա բարիկադներն ապամոնտաժելու ժամանակը»,- հայտարարեց Փաշինյանը:
Սա նշանակում է, որ այլեւս բարիկադներ չեն լինելու, եւ հնարավոր է, որ հետագայում եւս պաշտոնների նշանակվեն նախկին իշխանությունների օրոք աշխատած մարդիկ: Իհարկե, նմանօրինակ որոշումը շատ լավ է ու կարելի է ասել՝ վարչապետը ճիշտ ուղու վրա է: Եվ սխալված չենք լինի, եթե ասենք, որ հայտարարություն ուշ արվեց, բայց բարեբախտաբար ոչ ուշացած: Ի վերջո, ճիշտ կլիներ, եթե ի սկզբանե լիներ իրապես սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտ եւ գիծ քաշվեր անցյալի ու ներկայի միջեւ՝ սահմանելով խաղի նոր կանոններ:




Լրահոս