ՁԳՏՈՒՄ ԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱԼ ՓՈՓՈԽՎԱԾ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ վարչապետին կից ընտրական փոփոխությունների հանձնաժողովի անդամները` փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, հանդիպեցին խորհրդարանական երեք ուժերի` ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Ծառուկյան» դաշինքի հետ: Եվ չնայած Ընտրական օրենսգրքի փոփոխված տարբերակն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողովին, սակայն, ըստ էության, չի բացառվում, որ եզրակացություն չլինի: Երեկ այս առնչությամբ առաջին փոխվարչապետը լրագրողների հետ զրույցում նկատեց. «Մենք ե՛ւ հայեցակարգը շատ ավելի վաղ, ե՛ւ օրենքի նախագիծը Վենետիկի հանձնաժողով ուղարկել ենք, պաշտոնապես վերջին տարբերակն այսօր է ուղարկվել։ Վենետիկի հանձնաժողովի հետ կոնտակտները շարունակվելու են, հուսամ՝ որոշակի փոխըմբռնում կլինի»։

«Ժողովուրդ» օրաթերթն այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել է ՀՀ արդարադատության նախարար, վարչապետին կից ընտրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Արտակ Զեյնալյանի հետ:
-Պարո՛ն Զեյնալյան, երեկ հանդիպումներ ընթացան խորհրդարանական խմբակցությունների հետ` կապված ընտրական օրենսգրքի բարեփոխումների հետ: Հանրապետական խմբակցության անդամներն, օրինակ, նշում են, որ արդեն ուշ է նման քննարկումների համար, եւ ի սկզբանե պետք է հաշվի առնվեր խորհրդարանական ուժերի կարծիքը: Համաձա՞յն եք, որ իրենց կարծիքը հաշվի չի առնվել, եւ այս քննարկումներն, ըստ էության, ուշացած են:
-Երկրում ֆորսմաժորային, հակասահմանադրական իրավիճակ է: Բացակայում է սահմանադրությամբ նախատեսված խորհրդարանական կայուն մեծամասնությունը, եւ պետք է արագ քայլեր ձեռնարկել դա վերականգնելու համար: Բնականաբար, այս իրավիճակում լինում են սկզբունքներից որոշակի շեղումներ: Կառավարությունը հայտարարել է, որ սա ամենաօպտիմալ լուծումն է վերականգնելու սահմանադրական կարգը:
-Այդ իրավիճակո՞վ է պայմանավորված, որ նույնիսկ առանց Վենետիկի հանձնաժողովի եզրակացության կարող են անցկացվել ընտրությունները:
-Մենք ամեն ինչ պետք է անենք, որ այդ եզրակացությունը լինի: Բոլոր դեպքերում, դա խորհրդատվական բնույթ է կրում եւ վճռորոշը ժողովրդի որոշումն է:
-Արդյոք չի՞ ստացվում, որ անտեսվում է միջազգային հանրության կարծիքը:
-Բոլորովին: Եվրոպական կառույցների այն դիտողությունները, որոնք եղել են 2017 թվականի ընտրությունների հիմքում ընկած ընտրական օրենսգրքի վերաբերյալ, դրանք ներառված են, այսինքն` եվրոպական, միջազգային կառույցների եզրակացությունները, առաջարկներն ու դիտողությունները այս ընտրական օրենսգրքի նախագծում:
-Գործող օրենսգրքով հնարավոր չէ՞ արտահերթ ընտրությունների գնալ:
-Հնարավոր է: Այսօրվա կառավարություն ձեւավորած քաղաքական ուժի համար սա ձեռնտու է: Սակայն քաղաքական ուժը նպատակահարմար է գտնում գնալ ժողովրդավարական ճանապարհով, նախապատրաստել ընտրական օրենսգիրքը ավելի ներառական Ազգային ժողով ունենալու:
-Սակայն քաղաքական ուժերն էլ բարձրաձայնում են, թե սա ժողովրդավարական չէ, եւ ուժերի համար երկու ամիսը քիչ է նախապատրաստվելու, սերտելու համար ընտրական օրենսգրքի փոփոխությունները:
-Սա այն անհարմարություններից է, որը ստացվում է հավասարակշռման արդյունքում:
-Դուք խոսեցիք կայուն մեծամասնության դրույթի մասին եւ ասացիք, որ այժմ իրավիճակը ճգնաժամային է: Օրեր առաջ Գագիկ Հարությունյանը նշեց, որ կարելի է օրենք բերել եւ փոխել այդ դրույթը, ամրագրել, որ եթե կայուն մեծամասնություն չկա, ԱԺ-ն կարող է գնալ ինքնալուծարման: Համակարծի՞ք եք այս տարբերակի հետ:
-Կարող են լինել տարբեր ճանապարհներ դրան հասնելու: Կառավարությունը իր հայեցողության շրջանականերում այս ճանապարհն է ընտրել:
-Դուք կարծում եք, որ ընտրությունները անպայման պետք է նոր օրենսգրքով լինե՞ն:
-Շատ ցանկալի է, որ այդպես լինի: Ոչ թե նոր, այլ փոփոխված օրենսգրքով: Չափազանց ցանկալի է, որ լինեն զարգացումներ, որ ընտրությունները շատ մեծ վստահություն վայելեն քաղաքական ուժերի, արտախորհրդարանական ուժերի եւ ժողովրդի կողմից:
-Ասվում է, որ ընտրությունները պետք է տեղի ունենան, այլընտրանք չկա: Այսինքն` կարեւոր է, որ դրանք տեղի ունենան, բայց կապ չունի՞, թե որ ընտրական օրենսգրքով:
-Շատ կարեւոր է, որ լինի փոփոխված ընտրական օրենսգրքով, եւ ընտրությունների նկատմամբ վստահությունը ավելի մեծ լինի, լինի հավասարակշռված ԱԺ: Սա դոմինանտ ուժի քաղաքական կամքի դրսեւորումն է:
-Ներկայիս օրենսգիրքը թույլ չի՞ տալիս այդպիսի ընտրություններ ունենալ:
-Տալիս է նման հնարավորություն, բայց շատ ավելի լավ կլինի, որ փոփոխված օրենսգրքով լինի:

Զրուցեցին՝ ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

ԳԼՈՒԽԸ ՊԱՏԻՆ Է ՏՎԵԼ ԴԵՍՊԱՆԸ

Նախօրեին Հայաստանում իր առաքելությունն ավարտած ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող կարգավորվել «առանց գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի»:

Նրա խոսքով` Հայաստանի ժողովուրդը պետք է որոշումներ կայացնի այն մասին, թե ինչն է ընդունելի իր համար: «Ինձ զարմացնում է այն փաստը, որ Հայաստանում գրեթե քննարկում չկա ընդունելի լուծման կամ հնարավոր փոխզիջումների մասին»- ասել է նա:
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը, անդրադառնալով դեսպանի հայտարարություններին, ասաց, որ դրսից ինչ-որ մեկը չի կարող խոսել այդ հարցի մասին, լինի նա ամերիկացի, թե այլ ազգի ներկայացուցիչ:
«Գլուխը պատին ա տվել, թե նման հայտարարություն ա արել: Ինքը իրավունք չունի նման բան ասելու: Մենք ազատագրել ենք մեր տարածքները: Այսօր դրսից որեւէ մեկը իրավունք չունի այդ մասին խոսելու: Սա միայն մեր ժողովրդի խնդիրն ու որոշելիքն է: Վարչապետ Փաշինյանը շատ հստակ հայտարարեց, որ բանակցային կողմը Ղարաբաղն է լինելու: Մենք հանդես ենք գալու որպես միջնորդ երկիր: Այսինքն` այս հարցում որոշողը Ղարաբաղի իշխանություններն են: Բայց միանշանակ կարող եմ ասել, որ եթե Ղարաբաղի կամ Հայաստանի ղեկավարներից մեկը նման որոշում կայացնի, նա կհամարվի ազգի դավաճան»,-մեզ հետ զրույցում ասաց նա:
Դեսպան Ռիչարդ Միլսը, խոսելով Հայաստանի ժողովրդի մեծ մասի դիրքորոշման մասին այս հարցի շուրջ, նշեց, որ իր համար դա հետքայլ է:
«Այն, ինչ լսել եմ, փոքր-ինչ անհանգստացնող է, քանի որ թվում է, որ մենք հետքայլ ենք կատարել: Երբ նոր էի Հայաստան ժամանել, հայտնաբերեցի, որ իմ հանդիպած հայերի մեծ մասը միանշանակ դեմ էին գրավյալ տարածքների վերադարձին բանակցային կարգավորման շրջանակում: Իմ կառավարության երկար տարիների ընկալումն այն էր, որ այդ տարածքներն ի սկզբանե վերցվել էին հետագայում «հող` խաղաղության դիմաց» բանաձեւում օգտագործվելու համար: Իսկապես շատ զարմացած էի հայտնաբերել, որ այդ տարբերակն այլեւս որեւէ աջակցություն չունի»,-մասնավորապես նշել է նա:
Անդրադառնալով հայտարարության այս մասին` Ռուստամ Գասպարյանը վրդովվեց.
«Ի՞նչ հետ քայլի մասին է խոսքը: Նորից եմ ասում` վարչապետը շատ ճիշտ որոշում է կայացրել: Իսկ Ղարաբաղի իշխանությունները նման բան անել չեն կարող: Սա նշանակում է` մենք ոչինչ չունենք տալու»:
Հարցին` ըստ նրա` Ղարաբաղի հարցի հետ կապված Հայաստանի դիրքորոշումը պա՞րզ է միջազգային հանրության համար, պարոն Գասպարյանը պատասխանեց, որ մեզ հարգող երկրների կողմից հասկանալի եւ ընդունելի է:
«Վարչապետը նոր բան մտցրեց բանակցային գործընթացի մեջ: Սա նոր քայլ է: Թե աշխարհը ինչպես կհասկանա սա, չեմ կարող ասել, բայց, ամեն դեպքում, սա մեզ ձեռք է տալիս: Մեզ հարգող ու սիրող երկրների կողմից, կարծում եմ, ընդունելի է: Ովքեր էլ որ Ադրբեջանամետ են, պարզ է` չեն ընդունի»:

ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

ՄԻԼԻՈՆԱՆՈՑ ՏՈՆ
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետարանը հսկայական միլիոններ է ծախսելու Երեւանի հիմնադրման 2800 ամյակին նվիրված տոնակատարության «Գալա» համերգային ծրագրի համար: Խոսքը 178 մլն 110 հազար դրամի մասին է: Նշենք, որ ընկերությունը պայմանագիր է կնքել «ԷյԴիՎի Մեդիա Էս» ՍՊԸ-ի հետ, եւ միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին, երբ հանրապետության մի շարք համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց նաեւ, որ քաղաքապետարանը Երեւանի հիմնադրման 2800 ամյակին նվիրված «Էրեբունի-Երեւան» տոնակատարության շրջանակում մշակութային միջոցառումների անցկացման նպատակով հատկացրել է 138 մլն 480 հազար դրամ գումար: Իսկ պայմանագիր կնքվել է դարձյալ «ԷյԴիվի Մեդիա Էս» ընկերության հետ: Նշենք, որ «Էյդիվի մեդիա Էս» ՍՊԸ-ն պատկանում է երեւանաբնակ Արմեն Աբրահամյանին: Այս ընկերության հիմնադիրներից է եղել վաղամեռիկ Մարկ Սաղաթելյանը: Եւ այս ընկերությանը ժամանակին վստահվել է նաեւ քաղաքի գլխավոր տոնածառի եւ ամանորյա այլ զարդարանքի աշխատանքները:

 

 

ՊԱՇՏՊԱՆԸ ՆԵՐԿԱ ԿԼԻՆԻ
Ինչպես հայտնի է, ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի գաղտնալսման գործի քննությամբ զբաղվող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը որոշել էր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին հրավիրել բոլոր նիստերին: Արման Թաթոյանը հայտնել էր, որ հրավերը ստանալու դեպքում մասնակցության հարցը կքննարկի: Երեկ ՀՀ Մարդու Իրավունքների պաշտպանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ արդյոք ստացե՞լ է քննիչ հանձնաժողովի հրավերը եւ արդյոք ներկա կլինի՞ հանձնաժողովի նիստերին: Ի պատասխան` Արման Թաթոյանն ասաց` ստացել է հրավերը եւ ընդունել է առաջարկը:

 

 

ՊԱՏԵՐԸ ՔԱՆԴԵԼ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոկտեմբերի 13-ին «Հուկման» ակումբում հնչած կրակոցների պատճառով իրավապահները քանդել են ակումբի պատերը, որպեսզի պատերի միջից հանեն կրակված պարկուճները: Սակայն դեռ չեն կարողանում գտնել այն զենքը, որով ակումբում կրակոցներ է արձակել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 38-ամյա Արա Բանդուրյանը իր առավելությունն ընդգծելու համար: Ու թեեւ որեւէ մեկը չի տուժել այդ կրակոցներից, այնուամենայնիվ մեզ հասած տեղեկությունների համաձայն` այդ օրը ակումբում Արա Բանդուրյանի հետ են եղել մոտ 10 այլ երիտասարդներ, որոնք «փախած են»: Նշենք, որ Արա Բանդուրյանը քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի՝ նորատուսցի Ալիկի եղբայրն է, որը այժմ գտնվում է կալանքի տակ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Երեկ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի նրա նկատմամբ կալանքը ընտրվի խափանման միջոց, ինչի արդյունքում երեկոյան` 23:00-ի սահմաններում, դատարանը որոշեց նրան կալանավորել:

 




Լրահոս