ԱՄԵՆ ԻՆՉ ՍԿՍՎՈՒՄ Է ՆՈՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ 16-րդ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացրեց վարչապետի պաշտոնից, նախագահ Արմեն Սարգսյանն էլ Սահմանադրության համաձայն ընդունեց կառավարության հրաժարականը: Արդեն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ իր ելույթում ընդգծեց հրաժարական ներկայացնելու պատճառները եւ խոսեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին հասնելու իր տեսլականի մասին:

«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասնելու ճանապարհային քարտեզը հետեւյալն է. իմ հրաժարականից հետո հանրապետության նախագահն անհապաղ ընդունում է կառավարության հրաժարականը, առաջիկա 14 օրերի ընթացքում երկու անգամ Ազգային ժողովում վարչապետ չի ընտրվում, ինչի բերումով Ազգային ժողովը արձակվում է, եւ Հանրապետության նախագահի կողմից նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ», – նշեց նա:
Եվ չնայած Սահմանադրության 158-րդ հոդվածում ասվում է, որ Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր Կառավարության կազմավորումը, եւ Փաշինյանն էլ հանդիսանալու է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ մինչեւ դեկտեմբերի 9-ը եւ դրանից հետո մինչ նոր խորհրդարանի եւ կառավարության ձեւավորումը Հայաստանը գտնվելու է ոչ շահեկան վիճակում հատկապես արտաքին քաղաքականության առումով: Եվ առաջին ապացույցն էլ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ վեհաժողովի լիագումար նիստերի անցկացման վայրի տեղափոխությունն էր, որին ռուսական կողմը հենց այդ պատճառաբանությունն էր տվել, թե պաշտոնակատարի հետ բանակցելն անլուրջ է, եւ նաեւ երբ Հայաստանում այսպիսի ներքաղաքական զարգացումներ են:
Իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ առջեւում այդպիսի իրավիճակներ եւս կարող են լինել: Այստեղ հետաքրքիր է նաեւ խորհրդարանի ձեւաչափով անցկացվող գործընթացները: Նախ նշենք, որ նույնիսկ արձակվելուց հետո այս խորհրդարանը դեռ լիազորություններ է ունենալու: Այս առումով Սահմանադրության 90-րդ հոդվածն ասում է. «Ազգային ժողովն իրավունքի ուժով արձակվելուց հետո պահպանում է իր լիազորություններն ամբողջ ծավալով մինչեւ արտահերթ ընտրությունների միջոցով նոր կազմավորված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահը։ Նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին»:
Եվ սա նշանակում է, որ կրկին մինչ արտահերթ ընտրությունները խորհրդարանը պետք է բնականոն գործի, նախագծեր քննարկի: Ավելին, հոկտեմբերի 29-ից խորհրդարանում մեկնարկելու են 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները, որն ավանդաբար տեղի է ունենում կառավարության անդամների ներկայությամբ, մեծամասամբ պատգամավորներ-կառավարության անդամներ բանավեճերով: Եվ այս անգամ տեղի ունեցող քննարկումները փաստորեն անցնելու են իրավունքի ուժով արձակված խորհրդարանի պատգամավորների եւ պաշտոնակատարների մասնակցությամբ: Հատկապես հետաքրքրական կլինի դեռեւս խորհրդարանում մեծամասնություն համարվող ՀՀԿ խմբակցության պատգամավորների զգացողությունները, որոնցից շատերը, ըստ էության, այլեւս չեն լինի հաջորդ խորհրդարանում: Եվ չնայած դրան` Սահմանադրության համաձայն` խորհրդարանը պետք է գործի թեկուզ վերջին շնչով:
Հավելենք, որ ՀՀԿ-ականները մինչեւ վերջ չեն էլ որոշել` կմասնակցեն դեկտեմբերին կայանալիք արտահերթ ընտրություններին, թե ոչ: Այս առումով կուսակցության ներսում կարծես հակասություն է առկա, եւ մի մասը կողմ է մասնակցելուն եւ թեկուզ փոքր ներկայացվածությամբ ընդդիմություն լինելու, մյուս մասն էլ կտրականապես դեմ է: Եվ մինչ այս եւ մյուս ուժերը վերջին քննարկումները կիրականացնեն իրենց ճակատագրերի շուրջ, այժմ խորհրդարանում ներկայացված պատգամավորները կվայելեն իրենց մանդատի վերջին րոպեները:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԱՌԱՆՑ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ
ՀՅԴ-ն առաջիկայում ընդհանուր ժողով է հրավիրելու, եւ շրջանառվող տեղեկությունների համաձայն` ներսում բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին փոխելու տրամադրություններ են հասունացել: Սակայն ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանը, անդրադառնալով այս լուրին, ասաց, որ ընդհանուր ժողովը խնդիր ունի քննարկելու շատ հարցեր եւ միասնական որոշում կայացնելու: «Նման տրամադրություններ չկան: Ամեն ժողովից առաջ այդպիսի բաներ են հայտնվում լրատվամիջոցներում: Դա աբսուրդ է»,- ասաց նա: «Ժողովուրդ» օրաթերթը պատգամավորից հետաքրքրվեց` ճի՞շտ է, որ սփյուռքի «Դաշնակցությունը» գոհ չէ հայաստանյան կառույցի` գործադիր մարմնի գործելաոճից, տիկին Կյուրեղյանը պատասխանեց, որ նման բան չկա, եւ ընդամենը կարող են լինել մոտեցումների տարբերություններ: Պատգամավորից նաեւ հետաքրքրվեցինք` «Դաշնակցությունը» հստակ որոշում ո՞ւնի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հետ կապված, եւ եթե մասնակցելու է, ապա հնարավոր է` քաղաքական որեւէ ուժի հետ դաշինքով հանդես գա: Տիկին Կյուրեղյանն ասաց, որ իրենք անպայման մասնակցելու են ընտրություններին միայնակ, առանց դաշինքների:

 

 

ՆՈՐ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԸ
Կառավարության կազմում թափուր մնացած պաշտոնները համալրված են: Երեկ կառավարության նիստում մարզպետներ նշանակվեցին, իսկ ավելի ուշ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով նշանակվեցին նաեւ նախարարներ: Իսկ ովքե՞ր են նրանք. Արագածոտնի նորանշանակ մարզպետը Տարածքային կառավարման եւ զարգացման նախկին փոխնախարար անկուսակցական Դավիթ Գեւորգյանն է։ Նա դեռեւս 2012թ. հիմնել է «Բիզնես Քալչր» ՍՊԸ-ն, որը զբաղվում է մարքեթինգային գործունեությամբ, գովազդով: Եվ կենսագրական տվյալներից դատելով` տարբեր ոլորտներում է աշխատել, նաեւ զբաղեցրել է շուկայի ուսումնասիրության մասնագետի պաշտոնը: Ընդ որում, մինչ այժմ անկուսակցական Գեւորգյանը երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, թե պատրաստվում է անդամակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:
Իսկ Արմավիրի մարզպետ, անկուսակցական Համբարձում Մաթեւոսյանին երեկ Նիկոլ Փաշինյանը բնութագրեց որպես «քաղաքական նախընտրություններ չունեցող կամ, ըստ էության, քաղաքական չեզոք միջավայրից եկող» անձնավորություն: Նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն էլ նշանակվեց Սյունիքի մարզպետ: Արծվիկ Մինասյանի փոխարեն ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար նշանակվեց Տիգրան Խաչատրյանը, ով մինչ այդ փոխնախարար է եղել, այսինքն աշխատել է ՀՀԿ տարիներին: Իսկ գյուղատնտեսության նախարար էլ նշանակվեց ՀՀ ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի տնօրեն Գեղամ Գեւորգյանը, ով նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի սանիկն է: Օրեր առաջ էլ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար նշանակվեց Գարեգին Բաղրամյանը, ով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի բաջանաղն է:

 

 

ՀՆԱՐԱՎՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ
ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթի խոսքով` ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընթացքում կարծարծվի Փաշինյան-Թրամփ առաջիկա հնարավոր հանդիպմանը վերաբերող հարցեր: Նա վստահեցրել է, որ ՀՀ վարչապետի եւ ԱՄՆ նախագահի միջեւ հանդիպում կլինի, սակայն չի կարող ասել` երբ եւ որտեղ: «Որպես դիվանագետներ` մենք մշտապես աջակցում ենք մեր առաջնորդների միջեւ հանդիպումների կայացմանը: Կարծում եմ` այդ հարցը վարչապետ Փաշինյանի եւ դեսպան Բոլթոնի քննարկումներում կարծարծվի»,-ասել է նա: Նշենք, որ Ջոն Բոլթոնը տարածաշրջան կայցելի հոկտեմբերի 20-ին:

 

 

ԲԱՐՁՐ ՎԱՐԿԱՆԻՇ
ԱԺ «Ծառուկյան» դաշինքի անդամ Գեւորգ Պետրոսյանը տեսակետ է հայտնել, որ ԲՀԿ-ն կանգնած չէ այն տեսակետի վրա, որ եթե իրենց բոլոր առաջարկությունները չեն ներառվել ԸՕ փոփոխությունների մեջ, ուրեմն իրենք դեմ կքվեարկեն օրենսգրքին: Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջեւ ստորագրված հուշագրին` Պետրոսյանը նշել է, որ այնպես չի, որ հուշագիրը բացարձակապես փոխում է իրենց հայացքները: Իսկ թե իր կանխատեսումներով ԲՀԿ-ն արտահերթ ընտրություններին քանի տոկոս ձայն կհավաքի, Գ. Պետրոսյանը պատասխանել է. «ԲՀԿ-ն այսօր բարձր վարկանիշ ու վստահություն ունի հասարակության շրջանում, դա հիմք է տալիս ողջամտորեն հուսալու, որ մենք կունենանք բավական պատկառելի ներկայացվածություն»:

 

 

ԱՐՏԱՀԵՐԹ` ԱԺ-ՈՒՄ
Կառավարության նիստին որոշում է կայացվել ԱԺ-ին առաջարկել արտահերթ նիստ գումարել: Որոշման նախագիծը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի հոկտեմբերի 22-ին` ժամը 11:00-ին:

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
ՀՀ փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանն աշխատանքային ճաշի ձեւաչափով հանդիպել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի նորանշանակ փոխտեղակալ Ջորջ Քենթի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններին եւ դրանց զարգացման հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր:

 

 

32 ՄԼՆ 824 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ
Շիրակի մարզի դատախազությունում ամփոփվել են 2018թ. 9 ամիսների ընթացքում պետական շահերի պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքների միջոցով եւ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտմամբ պատճառված վնասի վերականգնման գործընթացների արդյունքները: Մասնավորապես, այս տարվա առաջին ինը ամիսներին պետությանը պատճառված վնասը կազմել է 32.824.052 դրամ, որից 24.567.810 դրամ վերականգնվել է. նախապատրաստվել են 53 նյութեր, որից 45-ով հարուցվել են քրեական գործեր: Նյութերի նախապատրաստման ընթացքում պետությանը պատճառված 1.768.890 ՀՀ դրամ գումարը վերականգնվել է:




Լրահոս