ՀԱՄԱՆԵՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԿԱՇԽԱՏԵՆ ՈՒԺԵՂԱՑՎԱԾ ՌԵԺԻՄՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր համաներման մասին: Այս հայտարարությունից հետո ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ասել է, որ Երեւանի պատմության մեջ լինելու է ամենամեծ համաներումը:

Նշենք, որ Հայաստանում վերջին անգամ համաներում հայտարարվել է Սերժ Սարգսյանի առաջարկով 2013 թվականի հոկտեմբերին Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ: Հաշվի առնելով ներկայումս Հայաստանի քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության խնդիրը, ինչպես նաեւ պատիժ կրող անձանց ու նրանց հարազատների` նոր իրողություններով պայմանավորված սպասումները` համաներման անհրաժեշտությունը իսկապես զգացվում էր, սակայն հասարակության շրջանում մեծ է մտահոգությունը, որ համաներման արյունքում որքանով է ապահովված իրենց անվտանգությունը: Ավելին,«Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ հետաքննություն իրականացրեց հասկանալու համար, թե ինչ պատկեր ենք ունեցել 2013 թվականի համաներումից հետո երկրում գրանցված հանցագործությունների մասով:
Այսպիսով, 2012 թվականի հունվարից մինչեւ նոյեմբեր ամիսը ՀՀ-ում գրանցված հանցագործությունների ընդհանուր քանակը եղել է 14 հազար 124-ը:
2013 թվականին` 16 հազար 932, 2014 թվականին` 16 հազար 047, 2015 թվականին` 15 հազար 467, 2016 թվականին` 16 հազար 983, 2017 թվականին` 17 հազար 898, իսկ 2018 թվականի հունվարից մինչեւ օգոստոս ընկած ժամանակահատվածում արդեն ընդհանուր հաշվով եղել է 14 հազար 205 հանցագործություն: Համեմատության համար նշենք, որ 2017 թվականին նույն ժամանակահատվածում հանցագործությունների ընդհանուր թվաքանակը եղել է 12 հազար 484:
Ուսումնասիրելով գրանցված հանցագործությունների թվաքանակը` նկատում ենք, որ 2013 թվականին հայտարարված համաներումից հետո ամեն տարի հանցագործությունների ցուցանիշը գնալով ավելացել է: Հատկապես վերջին տարիներին ակնհայտ է, որ հանցագործությունների աճ կա, ուստի շատ կարեւոր է այս պայմաններում համաներում հայտարարելու եւ դրա հետագա հետեւանքները կանխելու գործընթացը ուշի ուշով հետեւելը:
«Ժողովուրդ» օրաթերթը համաներման դրական ու բացասական կողմերի մասին զրուցեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:
-Պարո՛ն Թաթոյան, որպես մարդու իրավունքների պաշտպան` կնշե՞ք համաներման դրական եւ բացասական կողմերը, հասարակության շրջանում ներքին անհանգստություն կա:
-Մտավախություն կա, եթե այն նախապես հրապարակվի: Բայց եթե համաներումը մտածված քաղաքականության սկզբունքների արդյունք է, դա կարող է ունենալ դրական նշանակություն, եւ այսօր հանրային ակնկալիքը իհարկե կա այդ առումով:
-Դուք ծանոթացե՞լ եք համաներման նախագծին:
-Համաներման նախագծի կոնկրետ տեքստին ես ծանոթ չեմ, երբ լինի տեքստը,նոր կհասկանանք:
-Այսինքն` տեքստին ծանոթանալուց հետո՞ պարզ կլինի, թե ինչ վտանգներ կան եւ ինչ լայնածավալ համաներման մասին են խոսում:
-Իհարկե, այն,որ համաներումը այս իրավիճակում կարող է դրական նշանակություն ունենալ, ես համաձայն եմ այդ կարծիքին, բայց ինչ վերաբերում է այս համաներման կոնկրետ ծավալներին, կարգավորման ենթակա հարցերին, դա հնարավոր կլինի ասել, երբ հրապարակվի տեքստը:

Ազգային Անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյան


-Պարո՛ն Վանեցյան, որպես ԱԱԾ տնօրեն` Ձեզ չի՞ մտահոգում համաներման մեծածավալ լինելու փաստը:
-Ես համաներմանը վերաբերվում եմ դրական, բայց ամեն դեպքում պետք է ոստիկանությունը եւ, ինչու ոչ, Ազգային անվտանգության ծառայությունը աշխատեն շատ ուժեղացված ռեժիմով, քանի որ համաներման ենթարկվող քաղաքացիների մեծամասնությունը շարունակելու են իրենց հանցավոր գործունեությունը: Բայց համաներում պետք է լինի, քանի որ համաներումը շատ կարեւոր գործիք է երկրում:
-Ուժեղացված ռեժիմ ասելով` ի՞նչ եք պատրաստվում անել:
-Մշտապես մեր հսկողությունը ուժեղացված է, այնպես չէ, որ ուժեղացված չէ, մեր աշխատանքը շատանալու է, ուրիշ ոչ մի բան:
-Սերժ Սարգսյանի եղբայրը` Ալեքսանդր Սարգսյանը, դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին իր գույքն ապօրինի արգելանքի տակ պահելու մասով: Սարգսյանի գույքի նկատմամբ ԱԱԾ քննչական վարչության որոշմամբ կալանք է դրվել դեռեւս հուլիսի 9-ին, որից հետո Սարգսյանը հայտարարել էր, որ սահմանված կարգով հաստատվել է՝ իր բանկային հաշվին առկա գումարները ձեռք են բերվել օրինական ճանապարհով: Հիմա ԱԱԾ-ն ուսումնասիրե՞լ է` ինչպես է այդ գումարները նա ձեռք բերել:
-Հիմա ստուգում է իրականացվում, նա պետք է ապացուցի: Մինչ այս պահը ոչ մի բան դեռ չի ապացուցել: 30-ից ավել միլիոն դոլարի մասին է խոսքը, հավատացեք` երկրի, աշխարհի հարուստ մարդիկ բանկում 30 միլիոն դոլար փող մի կողմի վրա չունեն: Ունեն շատ փողեր շրջանառության մեջ, անշարժ գույքի մեջ, ակտիվներում:
-Ամեն դեպքում, դուք ստուգո՞ւմ եք` ինչպես է նա ձեռք բերել` տարիների ընթացքո՞ւմ, թե՞ միանգամից է մուտքագրվել այդ գումարը հաշվին:
-Արդեն ստուգել են, եւ առաջիկայում կհայտնենք:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԱՐԶՊԵՏ
Ինչո՞ւ ՀՀ իշխանությունները հիմա հիշեցին ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին: Ինչպես հայտնի է, երեկ` ՀՀ կառավարության արտահերթ նիստին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սյունիքի մարզպետ է նշանակվում ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:
«Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ նախկին փոխոստիկանապետի նշանակումից առաջ տեղի ունեցած քննարկումներից ու խոսակցություններից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` թավշյա հեղափոխությունից հետո, երբ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ազատվեց պաշտոնից, նորընտիր իշխանությունը ներքին քննարկումներ է ունեցել եւ որոշել է, որ ՀՀ ոստիկանապետ կնշանակվի Վլադիմիր Գասպարյանի տեղակալ Հունան Պողոսյանը: Մայիսի 9-ին` երեկոյան, ոստիկանության համակարգում արդեն հստակ է եղել, որ ոստիկանապետ է նշանակվելու Հունան Պողոսյանը, սակայն մայիսի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միանգամայն այլ որոշում է կայացրել եւ որոշել է, որ ոստիկանապետ պետք է նշանակվի Վալերի Օսիպյանը:
Ինչն է խանգարել ՀՀ վարչապետին ՀՀ ոստիկանապետ նշանակել Հունան Պողոսյանին: Բանն այն է, որ 2017 թվականի հոկտեմբերի 2-ին Հունան Պողոսյանի որդին ամուսնացել էր «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի քրոջ դստեր հետ: Եւ այս հանգամանքը հաշվի առնելով` նախկին իշխանությունների կապը «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ` Նիկոլ Փաշինյանը որոշել էր հետ կանգնել այդ որոշումից: Այս ամենից հետո Հունան Պողոսյանը դիմում գրեց եւ ազատվեց փոխոստիկանապետի պաշտոնից, եւ տեւական ժամանակ է, ինչ Հայաստանում չէր: Սակայն նկատում ենք, որ 6 ամիս անց իշխանությունների ներսում իրավիճակ է փոխվել, եւ ՀՀ վարչապետը, ըստ էության, նկատել է, որ «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի բարեկամ լինելը կարող է առավելություն համարվել, այլ ոչ թերություն:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` երբ քննարկումներ են եղել, թե ում նշանակել Սյունիքի մարզպետ, որոշել են առաջարկել Հունան Պողոսյանին, քանի որ Սյունիքն այն մարզն է, որտեղ ուժայինի կարիք կա: Իսկ Հունան Պողոսյանը ե՛ւ մասսաներին կառավարելու, ե՛ւ կտրուկ որոշումներ կայացնելու փորձառություն ունի, իսկ նախկին մարզպետների կողմից կազմակերպվող ակցիաները «կմաշեն»:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆ ՀԱՅՏՆԻ Է
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանին եւ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանին գաղտնալսելու «պատվիրատուն Հայաստանից է», հանրության շրջանում «լայն ճանաչում ունի», «ԱԱԾ-ի հետ որեւէ կապ չունի», հայտնել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «Պատվիրատուն մեկն է, բայց այդ պատվիրատուի մասնակցությունը փաստաթղթավորելը եւ հիմնավորելը շատ բարդ է, շատ-շատ բարդ, որը, ցավոք սրտի, այս փուլում չի լինում»,-ասել է նա: «Գաղտնալսման ժամանակ գտնվել եմ ռոումինգի տակ: Այդ դեպքում ինտերնետային կապուղին պաշտպանված չէ, այսինքն` չի գաղտնագրվում: Այդ դեպքում ցանկացած միջին որակի մասնագետ կարող էր գաղտնալսումը իրականացնել»,-նշել է Ա. Վանեցյանը:

 

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ԱԺ ընտրություններին ընդառաջ կոչով դիմել է բոլոր քաղաքացիներին. «ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու նախագծով նախատեսվում է ընտրողների ցուցակում չընդգրկել այն անձանց տվյալները, որոնց անձնագրի վավերականության ժամկետը քվեարկության օրվա դրությամբ մեկ եւ ավելի տարի արդեն լրացած է լինում: Անհարմարություններից խուսափելու համար կոչով դիմում ենք մեր հայրենակիցներին, եթե անձնագրի ժամկետը լրացել է, այս պահից սկսած դիմել այն փոխանակելու համար: Եթե բացի անվավեր անձնագրից քաղաքացին ունի նաեւ նույնականացման քարտ, իր տվյալները կընդգրկվեն ընտրողների ցուցակում եւ նույնականացման քարտով անձը կարող է մասնակցել քվեարկությանը»,- տեղեկացրել է Մ. Բիչախչյանը:




Լրահոս