ԱՆԱՍՆԱԳՈՄ՝ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը ստացել է նամակ, որի բովանդակությունը որոշակի խմբագրումներով ներկայացնում ենք ստորեւ:

«ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի գիտությամբ եւ թույլտվությամբ վերջինիս առաջին տեղակալ Մանուկ Միքայելյանը եւ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Գայանե Վարդանյանը նշված քրեակատարողական հիմնարկի վարչական տարածքում զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ` խոզաբուծությամբ եւ թռչնաբուծությամբ: Նշված անասնագոմերը տեղակայված են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հատուկ պահպանվող տարածքում` մուտքի հսկիչ անցագրային կետից ներս, դրա ձախակողմյան հատվածում` Մանուկ Միքայելյանին պատկանող եւ տարիներ շարունակ գործողը, իսկ աջակողմյան հատվածում ՔԿ հիմնարկի պետի պաշտոնը ստանձնելուց հետո չդիմանալով գայթակղությանը` հիմնել է Գայանե Վարդանյանը, փոխարենը պայքարեր նման երեւույթների դեմ: Աջակողմյան հատվածում անասնագոմ ստեղծելու գործում Գայանե Վարդանյանին օգնել եւ դրա «փայատեր» է դարձել նաեւ վերջինիս տնտեսական գծով տեղակալ Մհեր Սանամյանը, որը հանդիսանում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության նախկին պետ Սամվել Սանամյանի հարազատ եղբոր որդին: Այդտեղ պահվող կենդանիները կերակրվում են դատապարտյալների համար նախատեսված սննդամթերքով, որը պատրաստվում է սարսափելի վատ որակով, որպեսզի օգտվողները քիչ լինեն, իսկ անխնա ծախսված էլ.էներգիայի եւ ջրի համար փաստացի վճարում է ՔԿ հիմնարկը, խնամքն ապահովում են բաց տիպի դատապարտյալները:
Ըստ մեկ այլ հավաստի տեղեկությունների` «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Գայանե Վարդանյանն իրեն տրամադրված ծառայողական ավտոմեքենայի վրա տեղադրել է գազաբալոնային համակարգ, ամեն ամիս ստանում է պետության կողմից տրամադրվող 600-700 լիտր բենզինը: Հարկ է նաեւ նշել, որ Գ. Վարդանյանը որպես վարորդ է ձեւակերպել իր փեսային: Նրա մի դուստրը իր հետ աշխատում է նույն ՔԿՀ-ում, իսկ մյուսը` մեկ այլ քրեակատարողական հիմնարկում:
Հավաստի տեղեկությունների համաձայն` ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանը, չբավարարվելով մեկ ծառայողական մեքենայով, ծառայողներից մեկի համար բարձր աշխատավարձ ապահովելու նպատակով նրան սպայի կոչում է շնորհել, նշանակել հատուկ նշանակության բաժին, ապա գործուղել քրեակատարողական ծառայության տնտեսական ապահովման բաժին, տվել պետական «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենա, որպեսզի նա որպես վարորդ ծառայություն մատուցի միայն իր ընտանիքի անդամներին: Հարկ է նշել, որ քրեակատարողական ծառայության պետի պաշտոնը ստանձնելուց հետո Արտյոմ Մխոյանը ձեռնամուխ է եղել վարչական շենքում առկա ճաշարանը շահագործելուն, որի աշխատանքը կազմակերպելու համար պարբերաբար օգտագործվում են պետության կողմից դատապարտյալների համար հատկացվող սննդամթերքը, իսկ պատրաստված ուտեստները բնականաբար վաճառվում են ծառայողներին եւ եկամուտներ ապահովում ծառայության պետի համար: Նման «օրինական» ճանապարհներով տարիներ շարունակ աշխատելու արդյունքում Արտյոմ Մխոյանը Արթիկում ունի սեփական գազալցակայան:
Ըստ մյուս հավաստի տեղեկությունների` ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի եւ վերջինիս առաջին տեղակալ Մանուկ Միքայելյանի սերտ կապերը ունեն տարիների վաղեմություն, քանի որ երբ Մանուկ Միքայելյանը դեռեւս զբաղեցրել է ՔԿՀ-ի ներքին անվտանգության բաժնի պետի պաշտոնը, վերջինս կոծկել է այն ժամանակ ՔԿՀ պետ եղած Արտյոմ Մխոյանի կողմից «Վանաձոր» ՔԿ հիմնարկից դատապարտյալների համար նախատեսված սննդամթերքների բեռնատարով գողանալու դեպքը, որի համար էլ ներկայումս արժանացել է ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնին:
Ներկայումս Մանուկ Միքայելյանի վարորդը, որը նույնպես կոչումով սպա է, իր ծառայողական մեքենայով աշխատանքի հասնելուց հետո ուղեւորվում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, որպեսզի տեղում դիմավորի «Հրազդան» քրեակատարողական հիմնարկից բերվող եւ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից վերցվող դատապարտյալների սնվելու համար նախատեսված, սակայն լափի վերածված սննդամթերքները: Դրանք կոորդինացվում են խոզերի ու թռչունների կերակրման ուղղությամբ»:
Այս նամակի բովանդակության իսկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՔԿ ծառայություն հետեւյալ հարցադրումներով.
1. Արդյոք «Աբովյան» ՔԿՀ մուտքի հսկիչ անցագրային կետից ներս անասնաֆերմա ու թռչնաֆաբրիկա կա՞, եւ ի՞նչ կապ ունեն դրա հետ Գայանե Վարդանյանը եւ տնտեսական գծով տեղակալ Մհեր Սանամյանը:
2. Արդյոք Գայանե Վարդանյանի ծառայողական ավտոմեքենայի վրա կա՞ տեղադրված գազաբալոն:
3. Արտյոմ Մխոյանն ի՞նչ առնչություն ունի վարչական շենքում առկա ճաշարանի շահագործման հետ:
4. Ճի՞շտ են տեղեկությունները, որ Արտյոմ Մխոյանը Արթիկում սեփական գազալցակայան ունի` թեկուզ ոչ իր անունով ձեւակերպված:
5. Ի՞նչ կապ ունի առաջին տեղակալ Մանուկ Միքայելյանը «Վանաձոր» ՔԿՀ-ից դատապարտյալների համար նախատեսված բեռնատարը գողանալու դեպքի քննության կոծկման հետ:
6. Ի՞նչ առնչություն ունի Մանուկ Միքայելյանը «Հրազդան» եւ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկների դատապարտյալների սնվելու համար նախատեսված սննդամթերքների տեղափոխման կորդինացիայի հետ, որը դառնում է խոզերի ու թռչունների կեր:
ՀՀ ԱՆ ՔԿ ծառայությունից մեզ պատասխանեցին, որ առկա է անասնագոմ, որը շահագործվում է «Աջակցություն դատապատյալներին» հիմնադրամի կողմից, Գայանե Վարդանյանն ու Մհեր Սանամյանը որեւէ կապ չունեն, թռչնաֆաբրիկա առկա չէ: Գայանե Վարդանյանի ծառայողական ավտոմեքենայի վրա գազաբալոն տեղադրված չէ: Վարչական շենքում ճաշարան չի շահագործվում: Արտյոմ Մխոյանը Արթիկում գազալցակայան չունի, նա իր հայտարարագրում ինչ կա, լրացրել է: Բեռնատարը գողանալու դեպք չի արձանագրվել, հետեւաբար չէր կարող կոծկվել: Ինչ վերաբերում է «Հրազդան» եւ «Աբովյան» ՔԿՀ-ներում սննդամթերքին, ապա նշենք, որ դա նախատեսված է հատուկ քանակակազմի համար եւ այլ վայր չի տեղափոխվում:
Հ. Գ. «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում նամակի բովանդակության համար:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

 

 

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՎՈՅԱԺՆԵՐԸ
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տիեզերքը գրավելու փորձեր է անում: Ասել է թե` նախարարության աշխատողների երազանքները հասնում են մինչեւ տիեզերք: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ թեեւ թափուր է նախարարության տիեզերական քաղաքականության բաժնի պետի պաշտոնը, բայց նախարարությունը փնտրում է տիեզերական քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ: Այստեղ հարց է առաջանում` արդյոք նախարարությունը ունի մշակած տիեզերական քաղաքականություն: Եթե այս տեմպով շարունակվի, ապա նախարարությունը հնարավոր է առաջիկայում տիեզերանավեր էլ կառուցի:
Իսկ ո՞վ կարող է դառնալ այդ պատասխանատու բաժնի գլխավոր մասնագետը: Նրա հիմնական գործառույթներից պետք է լինի տիեզերական տրանսպորտի օգտագործման սահմանափակումների եւ նորմերի մշակումը, տիեզերական տրանսպորտի բնագավառում ՀՀ միջազգային պայմանագրերի նախագծերի նախապատրաստումը: Նաեւ պետք է իրականացնի տիեզերական տրանսպորտի ծառայությունների մատուցման քաղաքականության ծրագրերի մշակում: Իսկ տիեզերական քաղաքականության գլխավոր մասնագետի պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն: Իսկ աշխատավարձի չափը կկազմի 175 հազար 932 դրամ:
Հուսանք, որ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն ամբողջությամբ չի տարվի տիեզերական քաղաքականությամբ եւ չի մոռանա ոլորտի մյուս կարեւոր խնդիրների մասին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՇԻՐԱԿՈՒՄ ԱՆՈՐԱԿ ՋՈՒՐ ԵՆ ԽՄՈՒՄ

Շիրակի մարզում 30-ից ավելի գյուղ խմում է ոչ պիտանի ջուր: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում է խնդիրը գլուխ բարձրացրել: Արթիկի տարածաշրջանի բոլոր գյուղերի բնակիչներն են բողոքում:

Ըստ բնակիչների` վերջին օրերին ջրի համն ու գույնը կտրուկ փոխվել է: Արթիկի տարածաշրջանի Նահապետավան համայնքի ղեկավար Գոռ Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում հաստատեց տարածված լուրերը. «Մեր գյուղը, ինչպես նաեւ հարեւան բոլոր բնակավայրերը օգտվում են Մանթաշի ջրամբարից: Արդեն երկու շաբաթ ջրի որակն իսկապես ընկել է: Բնակիչները չէին անհանգստանա, եթե այդքան ինֆեկցիաներ չտարածվեին: Գյուղի բնակչության մեծ մասը աղիքային խնդիրներ ունի, ու դա զուգադիպեց ջրի որակի վատացման հետ»:
Հառիճ, Նահապետավան, Վարդաքար համայնքների բնակիչները նույն բանն են վստահեցնում՝ ջուրն անորակ է ու խմելու համար վտանգավոր. «Կանաչ մամուռ է դառել ջուրը, մի քանի րոպե կդնենք, նստվածք կառաջանա: Սկզբից չէինք նկատել ու խմում էինք, մի քանի օրից ամբողջ ընտանիքով հիվանդացանք: Երեխաների փորիկները ցավում էր, աղիքային վիրուսներով վարակվանք: Բժիշկն էլ մեզ ասաց, որ հնարավոր է` ջրից լինի»,-ասաց Նահապետավանի բնակիչներից մեկը:
Նույն հիվանդությունները նույն ժամանակահատվածում գլուխ են բարձրացրել նաեւ հարեւան Վարդաքարում. «Ամբողջ ջրամբարը բաց է, բազմիցս ահազանգել ենք, որ գան ու միջոցներ ձեռնարկեն: Ինչ կենդանիներ ասես գալիս են ծորակից: Հիմա համընդհանուր աղիքային ինֆեկցիաներ են տարածված: Ստիպված եռացնում, նոր ենք տալիս երեխաներին»,-ավելացրեց Վարդաքարի բնակիչներից մեկը:
Նահապետավանի գյուղապետ Գոռ Պետրոսյանն ավելացրեց, որ ջուրը բազմաթիվ անգամ է նմուշառվել, շեղումներ էլ հայտանաբերվել են, բայց ոչ մի արձագանք չի եղել. «Այս երկու օրը մի քիչ կանաչ գույնն անցավ: Կարծես սկսում է մաքրվել ջուրը: Բայց, միեւնույնն է, բազմաթիվ շեղումներ կան: Այս հարցը բազմիցս բարձրաձայնել ենք»:
Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային մարզային կենտրոնում խնդրին քաջատեղյակ են: Ջրից նմուշառում արել են ու արձանագրել, որ ջուրը ոչ պիտանի է: Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Շիրակի մարզի տարածքային կենտրոնի տնօրեն Վարդան Ուռուտյանի փոխանցմամբ` շեղումներ առկա են, նրանք երկու անգամ ուսումնասիրություն են կատարել ու տեղեկացրել բնակչությանը, որ ջուրն անորակ է:
Պարզվում է` քլորացումն ու վարակազերծումը պատշաճ չի կատարվում, դա է ջրի որակի անկման պատճառը: Գյուղացիներն էլ պատճառը կապում են ջրամբարի վատ վիճակի հետ՝ պնդելով, որ վերակառուցման անհրաժեշտություն կա: Խնդիրը գյուղապետերը բարձրացնում են, բայց ֆինանսական միջոցների բացակայությամբ պայմանավորված` տեղաշարժ չկա:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանին, որը տեղյակ է խնդրից: Մարզպետի փոխանցմամբ` երեւույթը նոր չէ, քայլեր այդ ուղղությամբ արդեն ձեռնարկվում են. «Արդեն ուսումնասիրություններ կատարվել են: Ջուրն էլ անձամբ եմ տեսել: Արդեն երկար ժամանակ բնակիչներն այդ ջրից են օգտվում: Հիմա էլ վճարումներ չեն ուզում անեն: Սպասարկող ընկերության ներկայացուցիչների հետ էլ խոսել եմ: Հիմա արդեն մաքրման պրոցեսներն են ընթացքի մեջ: Չեն կարող ասել` ինչ արդյունք կլինի: Խնդիրը նոր չի ծագել»:
Հ. Գ. Նկատեցի՞ք` անգամ մարզպետը իր խոսքում խնդրի լուծման ուղիների ու ժամկետների մասին ոչինչ չի ասում: Միայն արդարանում է, թե խնդիրը նոր չէ: Այո, նոր չէ, իսկ այժմ դրա լուծման պատասխանատուն նաեւ հենց մարզպետ Սարուխանյանն է:

ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Շիրակ




Լրահոս