Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ այսօր՝ նոյեմբերի 13-ին, կույրերի միջազգային օրն է նշվում (International Day of the Blind):
Իսկ ինչո՞ւ հենց նոյեմբերի 13-ին: Բանն այն է, որ 1745թ.-ին այդ օրը ֆրանսիացի մանկավարժ Վալենտին Հայուին (Valentin Haüy) է ծնվել, ով 1784թ.-ին սեփական միջոցներով կույրերի համար աշխարհում առաջին դպրոցն է բացել. մինչ 18-րդ դարը գոյություն չունեին այնիպիսի հաստատություններ, որտեղ չտեսնողները կարող էին կրթություն ստանալ:
«Աշխատավոր կույրերի արհեստանոց» անվանումը ստացած կրթօջախի առաջին աշակերտը Ֆրանսուա դե Լեզյուեր անվամբ տղան է դարձել. այնուհետեւ դպրոցականների շարքերը եւս 11 թափառական կույրեր են լրացրել: Նրանց կրթությունը կազմակերպելու համար Հայուին հատուկ՝ «ունցիալ» անվանումը ստացած ռելիեֆագծային տառատեսակ է հորինել: Այնուհետեւ էլ տպարան է հիմնել եւ չտեսնողների համար՝ վերը հիշատակված տառատեսակով տպված մի քանի գրքեր հրատարակել: Մինչ Բրայլի՝ վեց կետանոց տառատեսակի հայտնագործումը (1829թ.) բոլոր կույրերը Հայուիի գրքերով էին կրթություն ստանում:
Ներկայումս աշխարհի՝ տեսողությունից զրկված բնակիչների թիվը շուրջ 124 մլն է կազմում: Ընդ որում, ԱՀԿ մասնագետների եզրահանգմամբ, մինչ 2020թ.-ը ցուցանիշի կրկնապատկում կարող է գրանցվել:
Կույրերի միջազգային օրվա հիմնական նպատակը չտեսնող մարդկանց խնդիրների նկատմամբ հանրության ուշադրության գրավումն է, նրանց՝ կրթություն ձեռք բերելու հնարավորությունների ընդլայնումը եւ զբաղվածության մակարդակի ավելացումը: