Իրականացվում են կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված գործողությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փարիզյան համաձայնագրի ներքո Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերության (NDC Partnership) նախնական գնահատման առաքելության այցի շրջանակներում Բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել բարձրաստիճան մակարդակով կլոր սեղան-քննարկում։ Հանդիպմանը մասնակցել են Բնապահպանության նախարարության ղեկավար կազմը, Գործընկերության պատվիրակության անդամներ, նախարարությունների համապատասխան ոլորտները համակարգող փոխնախարարներ, միջազգային ծրագրերի ներկայացուցիչներ։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը կարևորել է քննարկումները, որոնք միտված են Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի ստանձնած պարտավորությունների շրջանակի հստակեցմանը։ Կլիմայական գործընթացները չեն սահմանափակվում միայն բնապահպանական ոլորտով, այլ անմիջական ազդեցություն ունեն առողջապահության, գյուղատնտեսության, էներգետիկայի և այլ ոլորտների վրա։

Հետևաբար՝ կլիմայական հարմարվողականանության շրջանակներում ազգային գործողությունների ծրագրի մշակման և արդյունավետ իրականացման համար համատեղ աշխատանքը շատ կարևոր է, ինչի արդյունքում կունենանք բավարար կարողություններ, մոտեցումներ և կամք, որպեսզի երկրում գործողություններն ուղղված լինեն ցածրածխածնային տնտեսության զարգացմանը և միջազգային հարթակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարմանը,- ընդգծել է բնապահպանության նախարարը։

Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերության աջակցման միության երկրի ներգրավվածության գծով փոխտնօրեն Ռոմեո Բերտոլինին կարևորել է համաձայնագիրը ստորագրած երկրների արդյունավետ համագործակցությունը Կլիմայական փոփոխությունների մեղմման և հարմարվողականության ծրագրերի իրականացման գործընթացներում։

Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը իր զեկույցում անդրադարձել է ազգային մակարդակով սահմանված ներդրումների իրականացմանը, առաջխաղացմանը և մարտահրավերների ներկայիս վիճակին, օրենսդրության և ինստիտուցիոնալ հնարավոր կարգավորումներին։ Նախարարի տեղակալը թյուր է համարել այն կարծիքները, թե բնապահպանական միջոցառումները խոչընդոտում են տնտեսական ցուցանիշների ապահովմանը։ Որպես հակափաստարկ նշվել է, որ համաձայնագրի ներքո իրականացվող բնապահպանական գործողությունները նպաստելու են և՛ աշխատատեղերի ստեղծմանը, և՛ տնտեսական աճին։

Բարձրաստիճան մակարդակով հանդիպմանը քննարկվել է Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերության գործընթացի ներկա վիճակը և հետագա քայլերը։ Աշխատանքային քննարկումները կշարունակվեն նաև նոյեմբերի 14-ին՝ Անի Պլազա հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում։




Լրահոս