Որպեսզի մի օր Նիկոլ Փաշինյանը ստիպված չլինի հայտարարել` ես սխալ էի, նա ճիշտ էր. Դեմոկրատական կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը չի մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին հետևյալ պատճառներով:

Մենք դեմ ենք եղել 2015թ. առաջարկված Սահմանադրության նախագծին և կոչ ենք արել դեմ քվեարկել հանրաքվեի ժամանակ: Սահմանադրությունն ընդունվել է կեղծիքների և հավելյալ, երկրից բացակայող քաղաքացիների <<քվեների>> հաշվին:

Այդ նույն Սահմանադրության պահանջով ստեղծվել և ընդունվել է ընտրական օրենսգիրք, որի հիմնական սկզբունքներն ու հոդվածներն անընդունելի են եղել մեր կուսակցության համար և մի շարք քաղաքական ուժեր դատապարտել են նախկին ռեժիմի մտադրությունն իրենց վրայով ձևված օրենքով ընտրությունների անցկացման որոշումը:

Այս տարվա գարնանը կայացած մեր ժողովրդի զարթոնքը՝ թավշյա, ոչ բռնի իշխանափոխության փաստը, մեծ հույսեր է արթնացրել բոլոր նրանց մոտ, ովքեր պայքարել են հանուն երեք ռեժիմների ժամանակ երկրում ստեղծված անարդար, ապօրինի ձեռք բերված հարստության հիմքի վրա խարսխված մենաշնորհային, օլիգարխիկ համակարգը ամբողջովին կազմաքանդելու նպատակի:

Նոր վարչակազմը սկսել է այս գործընթացը: Տրվել են հստակ խոստումներ, նախանշվել են որոշակի գործողություններ: Սակայն, համակարգային նշանակություն ունեցող երևույթը մնում է անփոփոխ: Արտահերթ ընտրություններն անց են կացվելու հին ընտրական օրենսգրքով, ինչը բացառում է ժողովրդավարական ընտրության կատարումը: Այսպիսով, նոր իշխանությունները չեն կատարել իրենց խոստումը՝ ընտրություններն անցկացնել նոր ընտրական օրենսգրքով, համապատասխան փոփոխություններ կատարել <<Կուսակցությունների մասին>> օրենքում՝ հավասար պայմաններ ստեղծելով ընրություններին մասնակցող քաղաքական ուժերի համար, բացառելով ընտրակաշառքի բաժանման հնարավորությունը, որպես սկզբունք հաստատելով գաղափարական ծրագրերի, այլ ոչ թե փողի մրցակցությունը:

Մենք դեմ կգնայինք մեր սկզբունքներին, եթե մասնակցեինք նախորդ ռեժիմի հիմքը վերարտադրող քաղաքական միջոցառմանը:

Հետևաբար, նոր իշխանություններից պահանջում ենք կատարել իրենց իսկ տված խոստումը՝ մեկ տարվա ընթացքում բարեփոխել ընտրական օրենսգիրքը, մի շարք այլ օրենքներ և 2020թ. գարնանն անցկացնել Ազգային Ժողովի նոր, ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան ընտրություններ:

Որպեսզի չգա ևս մի օր, երբ Նիկոլ Փաշինյանը ստիպված լինի հայտարարել. <<Ես սխալ էի, նա ճիշտ էր>>:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության

Հանրապետական Խորհուրդ




Լրահոս