ՀԱՊԿ-ում չի կարող դրվել պաշտոն կորցնելու կամ պաշտպանելու հարցը. կա միայն 2 տարբերակ. ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանը:

-Պարո՛ն Վիրաբյան, նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի ունեցավ ՀԱՊԿ գագաթաժողովը, որի ժամանակ մամուլի հրապարակումների համաձայն, պետք է որոշվեր կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցը։ Սակայն, փաստացի այդ հարցի կարգավորումը հետաձգվեց դեկտեմբերին։ Եվ այդ հանգամանքը տարբեր կերպ մեկնաբանվեց՝ այդ թվում երկրների ղեկավարների միջև անհամաձայնությամբ։ Ի վերջո ինչ է տեղի ունեցել Աստանայում։

Չեմ կարող մեկնաբանել թե ինչու էին մամուլում տեղ գտել հրապարուկումներ, որոնց համաձայն իբր պետք է որոշվեր, այլ ոչ թե՝ քննարկվեր կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցը։ Իրողությունը հետևյալն է․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է լիազորությունների վաղաժամ դադարեցման հետևանքով։ Միաժամանակ, նման դեպքերում ՀԱՊԿ նորմատիվ իրավական փաստաթղթերով կանոնակարգված չէ, թե որ պետության կողմից պետք է ներկայացվի թեկնածու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին նշանակման համար։ Ուստի կարիք կար, որպեսզի բարձրագույն մակարդակով ձեռք բերվեր համաձայնություն նման դեպքերում կիրառվելիք սկզբունքի մասով: Հայկական կողմը ելնում է նրանից, որ նման դեպքերում ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար պետք է նշանակվի միևնույն պետության ներկայացմամբ՝ մինչև եռամյա ժամկետի ավարտը։ Եվ, այս դիրքորոշումն ու համապատասխան փաստարկներն են, որ Հավաքական անվտանգության նստաշրջանի ժամանակ ներկայացվել են գործընկերների ուշադրությանը։ Բնական է, որ հնչել են նաև այլ կարծիքներ՝ այլ հիմնավորումներով։
Ուստի, ի վերջո՝ որոշում է կայացվել հարցին վերստին անդրադառնալ մոտական հարմար առիթով, այն է՝ ընթացիկ տարվա դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսվող ԵԱՏՄ գագաթաժողովի շրջանակներում ՀԱՊԿ ձևաչափով հանդիպման գումարմամբ։

-Ինչու երկրների ղեկավարները չեն կարողացել համաձայնության գալ։ Երեք տարբերակ էր առաջ քաշվել մամուլում՝ ՀՀ, ՌԴ կամ Բելառուսի ներկայացուցիչ։ Այլ տարբերակ քննարկվո՞ւմ է եւ այս պահի դրությամբ որ որոշման կողմն է նախապատվությունը:

-Կարծում եմ, առավել ճիշտ կլինի ասել, որ փոխադարձ լսել են տարբերվող կարծիքներ ու համապատասխան հիմնավորումներ, որոշել են միառժամանակ վերցնել դադար, վերլուծելու և որոշելու համար թե որ տարբերակը լավագույնս կծառայի Կազմակերպությանը։ Ինչ վերաբերում է տարբերակներին, ապա, իրականում դրանք 2-ն են։ Եվ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման դեպքերում նոր գլխավոր քարտուղարի թեկնածություն պետք է ներկայացնի կա՛մ նախորդին ներկայացրած պետությունը, տրամաբանորեն՝ մինչ նախորդի եռամյա ժամկետի ավարտը, կամ՝ ռուսական այբուբենին համապատասխան հաջորդ պետությունը` ռոտացիայի սկզբունքի համաձայն։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարողին, ապա՝ այն, ըստ գործող կարգի, նշանակվել է պաշտոնը թողնող ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կողմից՝ գլխավոր քարտուղարի տեղակալների կազմից։ Եվ այս պարագայում զուգադիպություն է, որ պարտականությունների կատարումը ստանձնած ամենափորձառու տեղակալը նշանակված է իր (խմբ․՝ տեղակալի) պաշտոնին Ռուսաստանի Դաշնության քվոտայով։ Հարկ է նաև նշել, որ Կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնին նշանակման համար Հավաքական անվտանգության խորհրդի ուշադրությանը թեկնածու է ներկայացվում Արտաքին գործերի նախարարների խորհրդի կողմից, ինչը ենթադրում է արտաքին գերատեսչություների միջոցով թեկնածության նախապես համաձայնեցում։ Եվ այս պահի դրությամբ, նման գործընթաց պաշտոնապես չի նախաձեռնվել ո՛չ հայկական, ո՛չ բելառուսական կողմերից։
Այս պահի դրությամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համալրման որևէ այլ տարբերակ չի դիտարկվում։ Խոսել նախապատվության մասին դժվար է, քանզի հնչել են տարբերակներ համապատասխան հիմնավորումներով և այժմ հարկ է գալ համաձայնության, թե որը կհանդիսանա ամենաարդյունավետը Կազմակերպության հետագա զարգացման տեսանկյունից։

Միջանկյալ որեւէ առաջարկ եղե՞լ է Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

Տեղեկացված չեմ, և միաժամանակ՝ հասկանալի չէ թե ինչպիսի միջանկյալ տարբերակ կարող էր լինել։
Ըստ երևույթին դա ինքնաբերաբար առկա տարբերակն է, այն է․ մինչ թեկնածություն ներկայացնող պետության մասով համաձայնության ձեռքբերումը, Կազմակերպության աշխատանքային մարմին հանդիսացող քարտուղարության ղեկավարումը կշարունակվի իրականացվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ՝ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարողի միջոցով։

Անհատապես երկրների ղեկավարներն ինչպիսի դիրքորոշում են հայտնել․ մասնավորապես Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հարցի ինչպիսի լուծման կողմնակից են եղել։ Կարծիքները միատեսա՞կ են եղել, թե բազմազան։

Հավաքական անվտանգության նստաշրջաններն անցկացվում են նեղ կազմով և հաջորդիվ լիագումար նիստերի գումարմամբ։ Ընդ որում՝ նեղ կազմով նիստերի սղագրությունները կրում են գաղտնիության համապատասխան ծածկագրում։ Կոնկրետ այս հարցը քննարկվել է նեղ կազմով նիստի ժամանակ, որին ներկա են գտնվել Հայաստանի Վարչապետի պարտականությունները կատարողը, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի նախագահներն, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարողը։ Ուստի, միակողմանիորեն մանրամասների բացահայտումը հնարավոր չէ՝ ելնելով դիվանագիտական էթիկայի կանոններից։ Սակայն, միաժամանակ, միանգամայն բնական է, որ յուրաքանչյուր պետության կողմից ներկայացվել է ուրույն մոտեցում՝ ելնելով համապատասխան փաստարկներից։

Մասնագետների հավաստմամբ, հարցը գտնվում է իրավական դաշտում եւ խնդիրն այն է, որ ՀԱՊԿ կանոնակարգում կարգավորումներ չկան՝ ինչ է լինում, եթե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հետ է կանչվում։ Ի վերջո զուտ կանոնակարգային առումով առավելությունը Հայաստանի կողմն է, թե ոչ։

Մասնագետները միանգամայն իրավացի են, և ակնհայտ է իրավական տեսակետից առկա է բաց՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման դեպքերում։ Սակայն, առկա է նաև անհրաժեշտություն որոշելու թե ինչպիսի սկզբունքով են իրականացվելու ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակումները գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման պարագայում։ Արդյո՞ք թեկնածություն պետք է ներկայացնի հեռացող քարտուղարին ներկայացրած պետությունը, թե՝ այբենական կարգով հաջորդողը։ Այստեղ կցանկանայի ուշադրություն հրավիրել նաև առ այն, որ հետ են կանչվում պետությունների դեսպանները այլ պետություններում կամ կազմակերպություններում։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի կարող հետ կանչվել, այլ՝ կարող է ներկայացվել լիազորությունների վաղաժամ դադարեցման նախաձեռնություն, որն էլ ձևակերվում է Արտաքին գործերի նախարարների խորհրդի ներկայացմամբ Հավաքական անվտանգության խորհրդի համապատասխան որոշման կայացման տեսքով։
Ինչ վերաբերում է կանոնակարգային առումով առավելություններին, ապա՝ այդպիսիք չեն կարող լինել, քանի որ հարցը որևէ կերպ կանոնակարգված չէ ՀԱՊԿ-ի նորմատիվ իրավական փաստաթղթերով։

Հայաստանում տեսակետներ են հնչում, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցնելու պարագայում, մեր կողմից պետք է բարձրացվի կառույցի հեղինակության եւ այնտեղ գտնվելու արդյունավետության հարցը։ Որպես պաշտոնական ներկայացուցիչ՝ համակարծիք կլինեք այսպիսի որոշմանը։

Կարծում եմ, որ հարցն այլ հարթության վրա պետք է դիտարկվի, և հարկ է զգուշորեն մոտենալ կատեգորիկ պնդումներին։ Նախ պետք է փաստել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, հանդիսանալով Կազմակերպության բարձրագույն վարչական / ադմինիստրատիվ պաշտոնատար անձ, ղեկավարում է Կազմակերպության մշտապես գործող 2 աշխատանքային մարմիններից մեկը՝ քարտուղարությունը, ինչպես նաև համակարգում է Կազմակերպության մշտապես գործող աշխատանքային մարմինների, իմա՝ քարտուղարության և Միացյալ շտաբի գործունեությունը։ Նաև, գլխավոր քարտողւարը համակարգում է Կազմակերպության մարմինների ուշադրությանը ներկայացվելիք փաստաթղթերի նախագծերի մշակումն ու համաձայնեցումը, ներկայացնում է Կազմակերպությունը ՀԱՊԿ անդամ չհանդիսացող պետությունների և միջազգային  կազմակերպությունների, լրատվամիջոցների հետ հարաբերություններում, իրականացնում դրանց հետ աշխատանքային շփումներ։ Հարկ է նշել, որ հիշատակված աշխատանքային մարմիններն, ինչպես նաև գլխավոր քարտուղարը ինքը զուրկ են անդրազգային լիազորություններից ու գործառույթներից և հավասարապես հաշվետու են բոլոր անդամ պետություններին։ Այստեղ կարելի է ավելացնել նաև այն հանգամանքը, որ ՀԱՊԿ քարտուղարությունում և Միացյալ շտաբում առկա են քվոտային ղեկավար պաշտոններ, որոնք համալրվում են եռամյա ժամկետով ռոտացիոն կարգով և փոխկապակցված են անդամավճարներին։ Այդպես, Հայաստանի 10% անդամավճարի դիմաց ՀՀ ներկայացմամբ են համալրվում 1 պաշտոն քարտուղարությունում և 8-ը Միացյալ շտաբում։ Ոչ քվոտային պաշտոնների համալրումն իրականացվում է մրցութային սկզբունքով, և որևէ պետության քաղաքացիների թվաքանակի մասով չկա սահմանափակում։

Ուստի, որքանով է ճիշտ խոսել գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցնելու մասին, երբ մենք փաստում ենք, որ՝

– ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցումը նախաձեռնվել է հենց հայկական կողմից՝ Կազմակերպության հեղինակությունը ներքին իրավական գործընթացների ազդեցությունից զերծ պահելու համար,

– իրավական տեսակետից առկա է բաց․ ամրագրված չէ թե լիազորությունների վաղաժամ դադարեցման պարագայում մինչ եռամյա ժամկետի ավարտը թեկնածություն է ներկայացվելու գնացողին ներկայացրած պետության կողմից, սակայն, միաժամանակ՝ դա նաև որևէ կերպ սահմանափակված չէ։ Ուստի, հարկ է կողմնորոշվել թե որ պետությունը պետք է ներկայացնի թեկնածություն նոր գլխավոր քարտուղարի նշանակման համար։ Այս առումով, կարելի է ասել, որ երկու մոտեցումներն էլ առաջին հայացքից հավասարազոր կենսունակ են, և հարկ է կողմնորոշվել թե որ տարբերակը կարող է լավագույն օգտակար հանդիսանալ Կազմակերպության համար։

Այս առումով կարծում եմ ակնհայտ է, որ հայկական կողմի համար առջնայինը Կազմակերպության արդյունավետ գործունեության ապահովումն է՝ հանուն անդամ պետությունների անվտանգության ապահովման։ Եվ չի կարող դրվել պաշտոն պաշտպանելու կամ կորցնելու հարց։ Ելնելով ասածից, չեմ կարող համաձայնվել այն մտքերի հետ, թե ՀԱՊԿ-ում գտնվելու արդյունավետությունը պետք է պայմանավորել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հետ։ ՀԱՊԿ-ն առաջին հերթին ռազմաքաղաքական համագործակցության հարթակ է, մեր պետության ռազմական անվտանգության ապահովման համակարգի կարևոր բաղադրիչը՝ դրանից բխող բոլոր հանգամանքներով: ՀԱՊԿ-ում նաև համադրվում են դիրքորոշումները արտաքին քաղաքական օրակարգային հարցերի շուրջ։ Եվ կոնկրետ Հայաստանի պարագայում կարելի է առանձնացնել ՀԱՊԿ անդամ պետությունների հետևողական հավաքական մոտեցումը արցախյան հիմնախնդրի վերաբերյալ, որը համահունչ է Մինսկի խմբի համանախագահ երկրների մոտեցումներին։ Եվ այս առումով, պետք է հիշել, որ ՀԱՊԿ-ը պետություն չէ, ոչ էլ՝ անդրազգային մարմին, և որևէ հարցում դիրքորոշման մշակումը, համաձայնեցումն ու հրապարակումը տևում է ժամանակ։ Արագ արձագանք որևէ խնդրի մասով կարող է լինել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մեկնաբանության տեսքով, որը պետք է համահունչ լինի ՀԱՊԿ անդամ պետությունների նախապես համաձայնեցված դիրքորոշումներին։

Ամփոփելով, կցանկանայի նշել, որ ՀԱՊԿ-ը դեռ «երիտասարդ» կառույց է, գտնվում է կայացման փուլում, սակայն՝ արդեն իսկ պետք է պատասխան տա բազմաթիվ մարտահրավերներին ու սպառնալիքներին։ ՀԱՊԿ անդամ պետությունները ևս, ունեն սահմափակ պաշարներ, մյուս կողմից՝ բազմաթիվ խնդիրներ, գտնվում են աշխարհագրորեն տարբեր տարածաշրջաններում և որպես հետևանք ունեն տարբեր առաջնայնություններ։ Այդուհանդերձ, հետևողական աշխատանքի շնորհիվ տարեցտարի նկատվում է առաջընթաց համագործակցության բոլոր ուղղություններով։

Ուստի ՀԱՊԿ արդյունավետության հարցի մասով կառաջարկեի մոտենալ այն դիրքերից, որ ՀԱՊԿ-ը դա նաև մենք ենք, նաև մենք ենք կերտում այն և մենք ինքներս պետք է նախաձեռնենք այն ինչ մեզ հարկավոր է, ինչ հարկավոր է կազմակերպության արդյունավետության բարձրացման ու ամրապնդման համար և դա իրականություն դարձնենք գործընկեների / դաշնակիցների հետ համագործակցաբար։

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս