Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների արտակարգ և լիազոր դեսպաններին՝ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գլխավորությամբ:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Եվրոպական միության հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկն է և ընդգծել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևությունը, որն ապահովում է արդյունավետ մեխանիզմներ` զարգացնելու երկկողմ գործընկերությունը և ներքին բարեփոխումները մեր երկրում: Նրա խոսքով՝ համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզն արդեն իսկ մշակվել է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից և փոխանցվել Եվրամիության քննարկմանը: Վարչապետի պաշտոնակատարը հավելել է, որ Հայաստանն այսօր գտնվում է պատմական փոփոխությունների շրջափուլում, իսկ բարեփոխումներն ուղղված են ժողովրդավարության, տնտեսության զարգացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, արդարադատության համակարգի արդիականացմանը, մարդու իրավունքների պաշտպանության ապահովմանը, խոսքի ազատության ամրապնդմանը և այլ ուղղություններին: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ բոլոր փոփոխությունները և բարեփոխումները հիմնված են հասարակական պահանջի վրա: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը կարևորել է ԵՄ-ի կողմից մեր երկրում ցուցաբերվող ֆինանսական և տեխնիկական աջակացությունը և համոզմունք հայտնել, որ դրանք նախանշված բոլոր ծրագրերը կդարձնեն ավելի արդյունավետ և առարկայական: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Նոր Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը և վերը նշված ուղղություններով բարեփոխումները կառավարության համար համարվում են առաջնահերթություն:

Անդրադառնալով առաջիկայում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ դրանք կարևոր նշանակություն կունենան մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման համար: «Նոր խորհրդարանը և կառավարությունը կառուցված կլինեն հանրային լայն աջակցության և վստահության վրա, ինչը կօգնի ավարտին հասցնել թավշյա հեղափոխությունից սկսած գործընթացը: Շնորհակալություն եմ հայտնում ընտրությունների կազմակերպման հարցում ԵՄ աջակցության համար: Մենք պատրաստվում ենք մեր քաղաքական և տնտեսական ինստիտուտների բարեփոխմանն ուղղված ծրագրերին: Սակայն, ձեր օգնությունը կօգնի մեզ լրացնել գոյություն ունեցող կարողությունները, որպեսզի բարեփոխումներն ավելի արդյունավետ լինեն: Պատահական չէ, որ այսօր, երբ մենք արդեն նշանակալի առաջընթաց ենք գրանցել ժողովրդավարության ամրապնդման գործում, մեր հասարակությունն եվրոպական գործընկերներից ակնկալում է ավելի մեծ աջակցություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարն ավելացրել է, որ Արևելյան գործընկերությունը ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության շարժիչ ուժն է ու մեր երկիրը պատրաստ է անել ամեն ինչ՝ փոխգործակցությունը հնարավորինս արդյունավետ դարձնելու համար: Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է առևտրաշրջանառության և ներդրումների ուղղությամբ համագործակցության ընդլայնումը և համապատասխան քայլերի իրականացումը: «Որքան ավելի արդյունավետ ենք մենք ամրապնդում իրավունքի գերակայությունը և տնտեսության ոլորտում հավասար պայմանների ստեղծումը՝ այնքան լայն հեռանկարներ են ստեղծվում երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման և ԵՄ երկրներից ներդրումների ներգրավման համար»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը՝ կարևորելով վիզաների ազատականացման ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացումը:

Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում ԵՄ ցուցաբերած հավասարակշռված դիրքորոշման և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին աջակցություն ցուցաբերելու կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Արցախի ժողովրդի կարիքներին ու ձգտումներին առավել մոտիկից ծանոթանալու կարևորությունը: Նա ուշադրություն է հրավիրել ԵՄ հետ կնքվող փաստաթղթերում համաձայնեցված՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշմանը համահունչ ձևակերպումների կիրառման անհրաժեշտության վրա, ինչպես նաև կարևորել տարածաշրջանը ռազմական էսկալացիայից և սադրանքներից զերծ պահելու ուղղությամբ Եվրոպական միության հետևողական ջանքերը:

Պյոտր Սվիտալսկին ընդգծել է Հայաստանում տեղի ունեցող դրական փոփոխությունների փաստը և համոզմունք հայտնել, որ դրանք նոր արդյունք կապահովեն Հայաստանի ժողովրդի համար: Դեսպանի խոսքով՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում կոնկրետ ուղղություններով ծրագրերի իրականացումը կնպաստի Հայաստանում համապարփակ և ինստիտուցիոնալ բարեփոխումների կյանքի կոչմանը, որոնք նոր թափ կհաղորդեն մեր երկրի զարգացմանն ու առաջընթացին: Պյոտր Սվիտալսկին կարևորել և ողջունել է կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարում նպատակային ու հետևողական ծրագրերի իրականացումը, կառավարման համակարգի արդիականացման, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության ամրապնդման, ներդրումային միջավայրի բարելավման ոլորտներում քայլերն ու ընդգծել, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը հայաստանյան գործընկերներին: Դեսպանը համոզմունք է հայտնել, որ ԵՄ օժանդակությամբ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կանցնեն ազատ, արդար, թափանցիկ: «Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին»,- ընդգծել է Պյոտր Սվիտալսկին:

Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը պատասխանել է դեսպանների տարբեր հարցերի, որոնք վերաբերվել են Հայաստանում ունեցող քաղաքական փոփոխություններին, բարեփոխումների ընթացքին, առաջիկա խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային նշանակության այլ հարցերի:




Լրահոս