Ռեյտինգայինների շքերթ. թեկնածուների անունները հայտնի են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` մինչ 18:00-ն, քաղաքական ուժերը պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերը: Այսօր կհրապարակվի կուսակցությունների համամասնական եւ վարկանիշային ընտրացուցակները, եւ հետաքրքիր է ուժերի դասավորվածությունը ընտրատարածքներում, թե որ ընտրատարածքում ովքեր են առաջադրվելու:

Թիվ 1 ընտրատարածքում, որն ընդգրկում է Ավան, Նոր Նորք եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները, հայտնի են ուժերի մի քանի թեկնածուների անուններ: Օրինակ` «Իմ քայլը» դաշինքի կողմից միանշանակ այս ընտրատարածքում առաջադրվելու են ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը (2620 ձայն էր ստացել 2017 թվականի ընտրություններում), Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանը (1639 ձայն), Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը:

ԲՀԿ-ից միանշանակ է, որ այս ընտրատարածքից կառաջադրվի Երեւանի ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանը, Արտյոմ Ծառուկյանը (5104 ձայն), պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը (1120 ձայն): ՀՅԴ-ից այս պահի դրությամբ հայտնի է երկու թեկնածուի անուն` Ռուզաննա Առաքելյան (271 ձայն) եւ Վահան Գեղամյան (1983 ձայն): ՀՀԿ-ում առաջադրվելու են ԱԺ իրավական փորձաքննության վարչության պետ Գարեգին Պետրոսյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի նախկին օգնական Սմբատ Ղահրամանյանը, Արա Ճորուխյանը, ով եղել է Երեւանի քաղաքապետարանի ապօրինի շինարարության դեմ պայքարի վարչության նախկին պետը եւ Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի սանիկը: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այս ընտրատարածքում առաջադրելու է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանին, ով նախորդ ընտրություններում ստացել էր 5110 ձայն:

Թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջաններ) շատ հետաքրքիր պայքար կարող է ծավալվել հենց «Իմ քայլը» դաշինքի ներսում: Մասնավորապես, այս դաշինքից ընտրատարածքում առաջադրվելու են Մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Սվինյանը, Տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, ավագանու նախկին անդամ Վահագն Հովակիմյանը:

Չի բացառվում, որ այս ընտրատարածքից առաջադրվեն նաեւ պատգամավորներ Լենա Նազարյանն ու Հայկ Կոնջորյանը: ՀՀԿ-ից այս ընտրատարածքից առաջադրվի կուսակցության երիտթեւի ղեկավար Հայկ Մամիջանյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանի որդին` պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը, պատգամավոր Մարգարիտ Եսայանը, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:

ԲՀԿ-ից այս ընտրատարածքում կառաջադրվի Տիգրան Ուրիխանյանը (3779 ձայն) Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանը, չի բացառվում, որ առաջադրվի նաեւ Վահան Կարապետյանը (8728 ձայն): «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից կառաջադրվի Գեւորգ Գորգիսյանը (3168 ձայն), իսկ «Մենք» դաշինքից` Արտակ Զեյնալյանը, Թեհմինա Վարդանյանը (1908 ձայն): ՀՅԴ-ից էլ կառաջադրվեն Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանն (1118 ձայն) ու Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանը (917 ձայն):

Թիվ 3 ընտրատարածքում` Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններ, եւս հետաքրքիր պայքար է սպասվում: Այստեղ ՀՀԿ-ի կողմից կառաջադրվեն պատգամավորներ Կորյուն Նահապետյանն ու Արայիկ Հովհաննիսյանը: «Իմ քայլը» դաշինքի կողմից այստեղ առաջադրվելու են Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, պատգամավոր Հրաչյա Հակոբյանը եւ չի բացառվում նաեւ` առաջադրվի առաջին փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: ԲՀԿ-ից այստեղ կառաջադրվի պատգամավոր Հակոբ Նազարյանը: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից այս ընտրատարածքում կառաջադրվի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը:

Թիվ 4 ընտրատարածքը (Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, եւ Նորք –Մարաշ վարչական շրջաններ) ամենաբազմազաններից մեկն է լինելու: Այստեղ «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրվում են Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը, Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, պատգամավոր Ալեն Սիմոնյանը, չի բացառվում նաեւ` առաջադրվի կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: ՀՀԿ-ից այս ընտրատարածքով կառաջադրվի պատգամավորներ Հարություն Կարապողոսյանը, Կարինե Աճեմյանը, Արմեն Աշոտյանը: «Մենք» դաշինքից կառաջադրվի ավագանու անդամ Անի Խաչատրյանը: ԲՀԿ-ից այս ընտրատարածքում կլինի Վահե Էնֆիաջյանը: «Սասնա Ծռեր» կուսակցությունից էլ կառաջադրվի Գարեգին Չուքասզյանը:

Մարզերում «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրվելու են բոլոր մարզպետները` բացառությամբ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի եւ ՔՊ քվոտայով նշանակված փոխմարզպետները: Մյուս ուժերի պարագայում կան հետաքրքիր անուններ: Օրինակ` Արարատի մարզում «Սասնա Ծռեր» կուսակցությունից առաջադրվելու է Գագիկ Եղիազարյանը, ՀՀԿ-ից` Մուրադ Մուրադյանը, ԲՀԿ-ից` Տիգրան Ստեփանյանը, չի բացառվում նաեւ` Արգամ Աբրահամյանը: «Մենք» դաշինքի պարագայում պետք է որոշում կայացվի. առաջադրվում է կա՛մ Արամ Սարգսյանը, կա՛մ նրա եղբայրը` Արմեն Սարգսյանը: Չի բացառվում, որ այս ընտրատարածքով եւ այս ցուցակով առաջադրվի նաեւ «Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանը:

Արմավիրի մարզում եւս ՔՊ-ական մարզպետը, փոխմարզպետը կառաջադրվեն: Նաեւ առաջադրվելու են Արմավիրի եւ Էջմիածնի համայնքների ղեկավարները: ԲՀԿ-ից կառաջադրվեն պատգամավորներ Արայիկ Աղաբաբյանն ու Հրանտ Դավթյանը, ՀՀԿ-ից` նախկին փոխմարզպետ Մովսես Քարտաշյանը, ՀՅԴ-ից` Արծվիկ Մինասյանը, «Սասնա Ծռեր» կուսկացությունից` Գեւորգ Սաֆարյանը:
Արագածոտնի մարզում ԲՀԿ-ի թեկնածուն նախկին պատգամավոր Արագած Ախոյանն է, ով առաջարկ է ունեցել նաեւ «Մենք» դաշինքից: Իսկ ահա այս դաշինքից կառաջադրվի ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը: ՀՀԿ-ից կլինի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խորհրդական Գեղամ Պետրոսյանը:

Գեղարքունիքի մարզում «Իմ քայլը» դաշինքի կողմից կառաջադրվի մարզպետ Գնել Սանոյանն ու փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանը, Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավար Աննա Կարապետյանը, «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը, Նիկոլ Փաշինյանի խորհրդական Վարազդատ Կարապետյանը, Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Հայկ Սարգսյանը: ՀՀԿ-ի կողմից այստեղ կառաջադրվեն փոխմարզպետ Կարեն Հակոբյանը, Մարտունու նախկին քաղաքապետ Բագրատ Հարությունյանը, պատգամավոր Կարեն Ավագյանի եղբայրը` Արմեն Հակոբյանը: «Սասնա Ծռեր» կուսակցությունից կառաջադրվի ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը, ՀՅԴ-ից` Իշխան Սաղաթելյանը, ԲՀԿ-ից` Հրանտ Մադաթյանը:

Լոռու մարզում եւս հետաքրքիր իրավիճակ է. ՀՀԿ-ից կառաջադրվեն Վահրամ Բաղդասարյանն ու Էդուարդ Շարմազանովը, «Սասնա Ծռեր»-ից` Արմեն Լամբարյանը, ՀՅԴ-ից` Արմենուհի Կյուրեղյանը: Բացի մարզպետից ու փոխմարզպետից «Իմ քայլը» դաշինքով կարող է առաջադրվել նաեւ շտաբի պետ Սուրեն Պապիկյանը, Արեն Մկրտչյանը: ԲՀԿ-ից էլ կլինի Վանիկ Ասատրյանը:

Շիրակի մարզում ԲՀԿ ռեյտինգային ցուցակում են Վարդան Ղուկասյանը, Վարդեւան Գրիգորյանը, Լեւոն Վահրադյանը, եւ այլք, «Իմ քայլը» դաշինքից` նախկին մարզպետ, այժմ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, գործող մարզպետ Կարեն Սարուխանյանը, ՀՀԿ-ից` Սահակ Մինասյանը: ԲՀԿ-ն Սյունիքի մարզ է գործուղել Նաիրա Զոհրաբյանին. այս ընտրատարածքը ներառում է Վայոց ձորի մարզպետին, եւ այստեղով կարող է առաջադրվել Սերգեյ Բագրատյանը: ՀՀԿ-ում հակակշռում են պատգամավորներ Շուշան Պետրոսյանով, Հերմինե Նաղդալյանով, Մենուա Հարությունյանով: «Իմ քայլը» դաշինքով էլ կառաջադրվի Կապանի ՏԻՄ ընտրություններում պարտված Նարեկ Բաբայանը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս