Եղել եմ նաեւ Աժ պատգամավոր և 2 անգամ ավագանու անդամ. Արա Կետիկյանը` «Մենք»-ի ցուցակո՞ւմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ ցուցակով Երեւանի նախկին ավագանու անդամ, ԵԿՄ վարչության փոխնախագահ Արա Կետիկյանը պատգամավորի թեկնածու է առաջադրվելու «Հանրապետություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների «Մենք» դաշինքի ցուցակով: Այս հարցի, ներքաղաքական մի շարք հարցերի, ինչպես նաեւ Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի մասին խոսել ենք Արա Կետիկյանի հետ:

-Պարո՛ն Կետիկյան, ճի՞շտ է, որ դուք լինելու եք «Մենք» դաշինքի ցուցակում:

-Քանի որ ցուցակը դեռ չի հրապարակվել, չեմ կարող հստակ ասել: Ամենայն հավանականությամբ, այո:

-Ինչո՞ւ հենց այդ դաշինքը ընտրեցիք:

-Որովհետեւ ես «Հանրապետություն» կուսակցության հիմնադիր-անդամներից եմ եւ միշտ էլ շատ հարազատ կապերի մեջ եմ եղել կուսակցության հետ:

-Միաժամանակ, սակայն, Դուք ավագանու անդամ եք եղել Հանրապետական կուսակցության ցուցակով: Նախկին իշխանության օրոք եղել եք իշխող կուսակցության ավագանու անդամ, բայց եւ ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության անդամ: Չե՞ք կարծում, որ մեծ հակասություն կա:

-Ես որտեղ էլ լինեմ, ներկայացնում եմ երկրապահն ու երկրապահին հուզող հարցերը: Եղել եմ նաեւ Աժ պատգամավոր եւ 2 անգամ ավագանու անդամ եւ միշտ էլ երկրապահին եմ ներկայացրել: Այստեղ որեւէ հակասություն չկա, որովհետեւ ԱԺ-ում ազատամարտիկներին հուզող հարցերով պետք է մշտապես զբաղվել:

-Այսինքն` ցուցակում լինելը ընդամենը միջո՞ց է ԱԺ ամբիոնից ազատամարտիկների հարցերը բարձրաձայնելու համար:

-Այո, կարելի է նաեւ այդպես ասել: Այդ ցուցակում է նաեւ Արամ Սարգսյանը, որը երդվյալ ազատամարտիկ է:

-Թավշյա հեղափոխությունից հետո ի՞նչ առանցքային փոփոխություններ եք նկատում:

-Ամբողջ դաշտն է փոխվել: Ամենակարեւորն այն է, որ հեղափոխությունից հետո կազմակերպվում են նորմալ ընտրություններ: Ժողովուրդը զգում է, որ ինքն է որոշում` ով պետք է լինի իր ղեկավարությունը: Եւ այդ ավանդույթը ամեն կերպ պետք է պահել: Ժողովուրդը պետք է իրեն տեր զգա եւ հասկանա, որ ընտրած մարդկանց կողմից արվում են լավ փոփոխություններ:

-Թավշյա հեղափոխությո՞ւնը առիթ դարձավ, որ ուզում եք պատգամավոր դառնալ:

-Չէի ուզի կապել իրար հետ: Մենք միշտ էլ ձգտել ենք ազատամարտիկներ ունենալ ե՛ւ խորհրդարանում, ե՛ւ ավագանու կազմում:

Հեղափոխությունը շատերի մոտ իհարկե ոգեւորություն առաջացրեց: Ինչ-որ մեկը արդեն չի կարող ինչ-որ թվեր նկարել ընտրությունների հետ կապված: Կարծում եմ` ժողովուրդը հիմա իրեն արդեն տեր է զգում: Դա ձեռքբերում է, միայն մնում է պահպանել:

Թավշյա հեղափոխության արդյունքում իշխանության եկած ուժը Երեւանի ավագանու ընտրություններում ապացուցեց, որ ամեն բան անում է լավ արդյունքի հասնելու համար եւ նրա համար, որ իսկապես ընտրություններով իշխանություններ ձեւավորելու մշակույթ ամրանա մեր երկրում եւ դառնա անխախտելի, անբեկանելի գործընթաց:

-Ի՞նչ շանսեր ունեք խորհրդարանում հայտնվելու:

-Դատելով կազմից, դաշինքում գտնվող մարդկանցից, նրանց քաղաքական փորձից` մեծ շանսեր ունենք: Նաեւ գաղափարական առումով արեւմտյան արժեքներ կան այս դաշինքում:

-Իսկ նախկին իշխող կուսակցության` ՀՀԿ-ի մասին ի՞նչ կասեք:

-Ինձ համար ամենակարեւորն այն է, որ ընտրությունները անցնեն այնպես, ինչպես անցել են ավագանու ընտրությունները: Այդ դեպքում ժողովուրդը ինքը կընտրի եւ արժանի կլինի այն իշխանությանը, որին ընտրել է:

-Ներկայիս իշխանությունների գործելաոճը Ձեզ ամբողջությամբ գոհացո՞ւմ է:

-Իհարկե ամբողջությամբ չի գոհացնում: Շատ բաներ կան, որ բացարձակապես չի գոհացնում: Բայց գլոբալ առումով կարող եմ ասել, որ ամեն բան լավ է: Եթե այս իշխանությունը իրեն չարդարացնի, կփոխվի, կընտրվի նոր իշխանություն: Այս հիմքերը դրել են հենց այս իշխանությունները: Գոհացնում են պայքարը կոռուպցիայի դեմ, օրինական երկիր ստեղծելու համար տարվող աշխատանքները:

Այս իշխանությունը դեռ նոր է, շատերը դեռ անփորձ են, եւ, ընդհանրապես, շատ հարցեր կան, որ պետք է լուծվեն, բայց դրա համար ժամանակ է պետք: Ես միանշանակ ողջունում եմ այն բոլոր ջանքերը, որոնք դրա համար են թափվում: Մենք էլ մեր կողմից մեր ոլորտում փորձում ենք անել ամեն ինչ, որ համահունչ ընթանանք առաջ:

-Խոսեցիք կադրային քաղաքականության մասին: Մի քանի դեպք է եղել, որ երբ Փաշինյանը հին համակարգից կադրեր է նշանակել, հանրությունը դա լավ չի ընդունել: Ո՞րն է ավելի ընդունելի` բոլոր տեղերում նշանակել անփորձ մարդկա՞նց, թե՞ ներգրավվել նաեւ հին համակարգում աշխատող կադրերի:

-Պետք չէ գնալ ծայրահեղությունների: Ո՛չ պետք է ամբողջությամբ վստահել հին կադրերին, ո՛չ էլ նորերին: Յուրաքանչյուր հեղափոխություն իր հետ սերնդափոխություն է բերում: Որպես կանոն, որոշ ժամանակ հետո ամեն բան ընկնում է իր տեղը, եւ հենց այդ ժամանակ ընտրվում են նաեւ լավագույն հին կադրերը: Սա բնականոն գործընաց է: Այսպիսի համադրմամբ կարելի է ձեւավորել նորմալ իշխանություն:

-Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի մասին ի՞նչ կասեք: Հայտնի դեպքերից հետո խոսե՞լ եք նրա հետ:

-Պարոն Գրիգորյանի հետ խոսելու հնարավորություն ո՛չ ես, ո՛չ մեր ընկերները չենք ունեցել: Մենք չենք շտապում եզրակացություններ անել, որովհետեւ պարոն Գրիգորյանը դեռ չի խոսել այդ մասին, եւ, ի վերջո, դատարանը որոշում չի կայացրել: Մենք չենք խոչընդոտում: Սպասում ենք, որ այս իրավական գործընթացները ավարտվեն, գործը մտնի դատարան: Բոլորիս է հետաքրքում իրականությունը: Անձամբ ես չեմ հավատում, որ Մանվել Գրիգորյանը կարող է տուշոնկա գողանալ:

Լուսինե Մինասյան




Լրահոս