Կառավարությունը կույրերի խնդիրներից անտեղյա՞կ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործազուրկների բանակը Շիրակի մարզում համալրել են նաեւ տեսողական խնդիրներ ունեցող քաղաքացիները: 270 հոգի Գյումրիում, 350-ն էլ ամբողջ մարզում ընդգրկված են «Կույրերի միավորում» հասարակական կազմակերպության մեջ։ Իրենց խնդիրների մասին նրանք հազվադեպ են բարձրաձայնում։ Ասում են, որ օգուտ չկա։ Նախկին կառավարության հետ վաղուց հույսեր չէին կապում, Բայց հեղափոխությունից հետո Շիրակի մարզում տեսողական խնդիրներով անձինք որոշել են միավորվել ու այսուհետ իրենց վերաբերող խնդիրներն առավել բարձր ատյաններում ներկայացնել։ Դա էր պատճառը, որ հանդիպում էին պահանջել «Կույրերի միավորում» ՀԿ կենտրոնական վարչության նախագահ Ռաֆիկ Խաչատրյանի հետ։

Արդեն 3 տասնյակ տարի Շիրակի մարզում տեսողական խնդիրներ ունեցողների համար չի լուծվում շենքային խնդիրը։ Երկհարկանի շինությունը, որ տրվել է միավորմանը, տարեց տարի քայքայվում է։ Միավորման անդամները մեզ հետ զրույցում պատմեցին, որ մասնակի փլուզումները շենքում սովորական երեւույթ են դարձել․ «Շենքային պայմանների բարելավումը մեզ համար առաջնային խնդիր է։

Պատուհանները փոխվել են, բայց պետք է կոսմետիկ վերանորոգում իրականացվի, որ շենքը չքայքայվի։ Ջեռուցում էլ չկա։ Այստեղ մի քանի ժամ մնալը գրեթե անհնարին է»,- մեր հետ զրույցում ասաց «Կույերի միավորում» ՀԿ-ի ուսումնաարտադրական ձեռնարկության տնօրեն Լեւոն Ափոյանը։ Միավորման անդամներից մեկն էլ ավելացրեց․ «Մենք զբաղվածության մասին ենք խոսում, երբ այս շենքն արդեն փուլ է գալիս։ Եթե չունենք տարածություն, ինչպե՞ս ենք այստեղ աշխատանքի խնդիր լուծելու»։

Իսկ զբաղվածության խնդիրը տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար կրկին լուծված չէ։ «Կույրերի միավորում» ՀԿ անդամներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ ցանկություն աշխատելու կա, նաեւ օրվա հացի խնդիրը լուծելու անհրաժեշտություն կա, սակայն ոչ մի կառույց չի համաձայնում աշխատանքի ընդունել քաղաքացիների, որոնք տեսողական խնդիրներ ունեն․ «Բոլորս կարող ուժ ենք, պարզապես մի քիչ աջակցության եւ օգնության կարիք ունենք։ Մենք չենք տեսնում, աչքի լույսից ենք զրկված, բայց եթե մեզ մի փոքր ուշադրություն դարձվի, մենք այդ բացը չենք զգա»։

Շիրակի մարզում տեսողական խնդիրներով անձինք ունեն նաեւ տրանսպորտի, անօթեւանության խնդիրներ։ Այժմ միավորումը նոր նախագահ ունի։ Նախկինների օրոք գործ չի արվել, իսկ կոնտորանական վարչության նախագահ Ռաֆիկ Խաչատրյանն ասում է` միավորումը ահռելի պարտքեր է կուտակել, ֆինանսական մուտքեր չկան, որ կարողանան որեւէ խնդիր լուծել․ «Մեր կառավարության գլուխը հիմա խառն է, նույնիսկ մտավախություն կա, որ փոխհատուցումների խնդիրն էլ չլուծվի։ Նախարարությունում որեւէ հեռախոս չի պատասխանում, եղած դիմումներն էլ մնում են անպատասխան»,-ասաց Ռաֆիկ Խաչատրյանը։

Հեղինե Մանուկյան




Լրահոս