Դեռ չեն որոշել՝ ընդդիմություն են լինելու, թե ոչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը ավագանու իրականացրած աշխատանքների եւ գալիք խորհրդարանական ընտրությունների մասին խոսել է Երեւանի ավագանեւ «Լույս» դաշինքի անդամ Անի Սամսոնյանի հետ:

-Մի քանի ամիս է, ինչ ավագանու նոր կազմ է ձեւավորվել: Այնուամենայնիվ, ի՞նչ ձեռքբերումներ կնշեք:

-Ձեռքբերումն այն է, որ ավագանին դառնալու է ինստիտուցիոնալ հարթակ քննարկումների: Այսինքն` այստեղ արդեն ստեղծել են առողջ բանավեճերի հարթակ, եւ դա լավ է: Շարունակում ենք զբաղվել խնդիրներով: Ֆունդամենտալ փոփոխություններ եւ ձեռքբերումներ այս պահին չեն եղել, եւ դա ունի իր օբյեկտիվ հիմքերը. քաղաքապետարանը փոխում է իր աշխատակազմը, փոխվել է ավագանին, ինչ-որ չափով փոխվում են աշխատանքի բնյութն ու խաղի կանոնները, եւ մեզ որոշակի ժամանակ է պետք, որպեսզի այն հարցերը, որոնք կախված են եղել Երեւանի քաղաքապետարանից, այդ հարցերը ստանան արմատական լուծումներ: Պետք է լինեն բարեփոխումներ:

– «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունը միասին չեն մասնակցելու ընտրություններին: «Լուսավոր Հայաստան»-ը 5 եւ 7 տոկոսների հետ կապված խնդիր ունի՞:

-Այդպիսի խնդիր չկա: Եղել են շատ տարբեր առաջարկներ: Գլխավոր խնդիրը, որ մենք իրար հետ չենք մասնակցում, այն է, որ ստեղծվել են բարենպաստ պայմաններ, որ բոլոր կուսակցությունները իրենց հնարավորությունները փորձեն առանձին: Ես ուզում եմ նշել, որ շատերի մոտ տպավորություն է, որ երբ քաղաքական ուժերը դաշինք են կազմում եւ հետո բաժանվում են, ուրեմն համագործակցությունը վերանում է, այդ ուժերի մեջ սրվում են հարաբերությունները: Նման բան չկա, պարզապես փոխվում է քաղաքական գործընթացներին մասնակցելու գործընթացը: Այս պահին համագործակցում ենք Երեւանի ավագանիում, եւ որեւէ փոփոխություն դրա հետ կապված տեղի չի ունեցել:

-Ձեր կուսակցությունը գնում է խորհրդարան ընդդիմություն լինելո՞ւ:

-Դա մենք դեռ չենք որոշել: Դա մենք չենք որոշում, այլ որոշում է քաղաքացին իր քվեով: Կարծում եմ` հեղափոխական իշխանությունը լինելու է մեծամասնություն. դա նորմալ է: Այս դեպքում մեզ վստահվելու է ոչ իշխանական լծակներ ունենալու հնարավորությունը, այսինքն` լինելու ենք փոքրամասնություն: Ընդդիմություն ու իշխանություն լինելը քաղաքագիտական կանոն է, եթե չունես մեծամասնություն, ուրեմն ընդդիմություն ես:

-Կա՞ն բաներ, որ Ձեզ դուր չեն գալիս ներկայիս իշխանությունների աշխատանքներում:

-«Լուսավոր Հայաստան»-ը ունի ներկայացվածություն կառավարությունում: Մեր փոխնախագահ Մանե Թանդիլյանը, ինչպես գիտեք, նախարար է, հետեւաբար ես կարծում եմ` այս իշխանությունը ունի բարեփոխումների քաղաքական կամք: Եթե կա քաղաքական կամք եւ ցանկություն, ապա կարող ես առաջ տանել երկիրը: Մենք պետք է հասկանանք, որ 20 տարի եղել ենք հուսահատության փոսում, եւ այդ փոսը 6 ամսում անհնար է լցնել:

-Պարոն Շարմազանովը հայտարարեց, որ հիմա միայն ՀՀԿ-ն է ընդդիմություն, միայն իրենք են քննադատում Փաշինյանի կառավարությունը: Ի՞նչ կասեք այս մասին:

-Ընդդիմություն-իշխանություն գիծը տարրալուծված է հիմա: Սա հետհեղափոխական իրավիճակ է: Օրինակ, Երեւանի ավագանիում այդ գիծը կա, որովհետեւ ավագանին ձեւավորվել է ընտրություններում: Եթե դու ընդդիմություն ես, դա չի նշանակում, որ պետք է անիմաստ քննադատես իշխանություններին: Այս գիծը պետք է հանել քաղաքական ուժերի մտայնությունից: Եթե դու ընդդիմություն ես, պետք է պատրաստ լինես ե՛ւ քննադատելու, ե՛ւ համագործակցելու:

Լուսինե Մինասյան




Լրահոս