Թեժ է լինելու. ուղիղ եթերում նախընտրական բանավեճերի սպասելիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները մոտ են: Նախընտրական քարոզարշավը, որ մեկնարկելու է նոյեմբերի 26-ից, տեւելու է ընդամենը 12 օր, շատ ավելի կարճ, քան համապետական հերթական ընտրությունների պարագայում է: Քաղաքական ուժերը այդ կարճ ժամանակում պետք է ցանկություն ունենան օգտագործել բոլոր հնարավորությունները իրենց ծրագրերը ներկայացնելու Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում:

Նախօրեին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր նախընտրական քարոզարշավի ժամանակ ուղիղ եթերում բանավիճելու կարեւորության մասին: «Կարծում եմ` առաջիկա խորհրդարանական ընտրություններում պետք է հիմք դրվի մի կարեւոր ավանդույթի, որը հետագայում պետք է ամրագրվի նաեւ օրենսդրությամբ: Բանավեճ ուղիղ եթերում` ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ»,- մասնավորապես ասել է նա: Ի դեպ, Երեւանի ավագանու ընտրություններին նման առաջարկություն ներկայացրեց ԲՀԿ ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:

Բանավեճը կայացավ, սակայն ոչ ուղիղ եթերում, իսկ Նաիրա Զոհրաբյանը այդպես էլ չմասնակցեց դրան` պատճառաբանելով, որ ինքը կողմ է միայն ուղիղ եթերի ձեւաչափին:

Հետաքրքիր է նաեւ փաստը, որ ԱԺ ընտություններում հեռուստաբանավեճերը պարտադիր դարձնելու դրույթ նախատեսված էր կառավարության ներկայացրած, բայց խորհրդարանի կողմից մերժված ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծում: ՈՒ այս ամենը պատահական չէ. Հայաստանում նախընտրական բանավեճերի ինստիտուտ ներդնելը շատ կարեւոր է, մինչեւ հիմա բանավեճեր, որպես այդպիսին, տեղի չեն ունեցել:

Միայն 2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ բանավիճեցին երկրորդ փուլ անցած երկու թեկնածուները՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Դրանից հետո ընտրություններին մասնակից առանցքային դեմքերի միջեւ այդպես էլ որեւէ բանավեճ չի եղել:

Ինչպե՞ս են սրան վերաբերվում ընտրություններին մասնակցել ցանկացող ուժերը:

ՀՀԿ փոխնախագահ, արտահերթ ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը հենց ՀՀԿ նիստից հետո հայտարարեց. «Անպայման կմասնակցեմ բանավեճին: Ես շատ ուրախ եմ, որ վարչապետը եկել է այդ նույն համոզման, որը անցյալ ընտրությունների ժամանակ ես արտահայտել եմ»:

Փաշինյանի հայտարարությունից հետո Հանրային հեռուստաընկերությունը կարծես թե սկսել է բանավեճի կազմակերպման գործընթացը: Բայց պրակտիկան ցույց է տվել, որ բոլոր մասնակցող քաղաքական ուժերի առաջին դեմքերը չէ, որ կողմ են ուղիղ եթերում բավանավիճել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց զրուցել ընտրություններին մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչների հետ պարզելու համար, թե ով է կողմ Փաշինյանի առաջարկին:

«Ազատ Դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյան.

-«Մենք» դաշինքը բանավեճերից չի խուսափում: Ցանկացած բանավեճի առաջին դեմքերի մակարդակով կամ մեկ այլ ֆորմատով մենք մասնակցելու ենք, որովհետեւ բանավեճերը, եթերն ու, առհասարակ, լրատվամիջոցներն են, որոնք օգնելու են, որ հանրությունը լսի մեր ծրագրերը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյան.

-Մենք միշտ էլ պատրաստ ենք բանավեճերի: Բանավեճերը բոլոր մակարդակներում էլ մենք ողջունում ենք: Մենք միշտ լոբինգ ենք արել, որ բանավեճ լինի:

ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյան.

-«Դաշնակցությունը», անշուշտ, պատրաստ է առաջին դեմքի մակարդակով մասնակցել բանավեճի ուղիղ եթերում:

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ սկզբունքորեն դեմ չէ մասնակցել բանավեճին, բայց անձամբ այս կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասնակցության վերաբերյալ հարցին խոստացան պատասխանել ավելի ուշ, ու չպատասխանեցին:

Լուսինե Մինասյան




Լրահոս