Ժամանակին քննադատելով մեզ՝ այսօրվա իշխանությունները հաջողությամբ շարունակում են անել նույնը. Արմեն Աշոտյանը բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նոր կազմում չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը սոցցանցի իր էջում գրում է.

«Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 12-ի որոշմամբ հաստավել է Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը, որում ներառված չէ իմ անունը:

Ժամանակին քննադատելով մեզ, որ քաղաքականացնում ենք բուհերը, ներգրավում ենք պետական պաշտոնյաներ, կուսակցականացված մարդկանց՝ այսօրվա իշխանությունները հաջողությամբ շարունակում են անել նույնը՝ մոռանալով իրենց երբեմնի տված խոստումները: Բավական է հայացք նետել նոր կազմին և նկատել, որ ՀՀ Կառավարության կողմից ներառված մարդկանց զգալի մասը կարկառուն ՔՊ-ականներ են:

Բայց գրառումս այդ մասին չէ:

Որպես ԵՊԲՀ կառավարման խորհրդի երկարամյա նախագահ ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ում հետ այս տարիների ընթացքում աշխատել եմ՝ կառավարման խորհրդի բոլոր անդամներին, բուհի նախկին և ներկա ռեկտորներին, իմ սիրելի դասախոսներին և ուսանողներին, բազմահազար շրջանավարտներին, ԿԳՆ աշխատակազմին, լրատվամիջոցներին:

Հաջողություն եմ մաղթում բուհի կառավարման նոր խորհրդին:

Մեծագույն պատիվ էր լինել իմ Alma mater-ի խորհրդի նախագահ, բուհի, որտեղ ստացել եմ կյանքի ուղեգիր, ստացել կրթություն և դաստիարակություն, որտեղ ձեռք եմ բերել բազմաթիվ հարազատ մարդկանց և ընկերներ:

Բժշկականը հասարակ բուհ չէ:
Բժշկականը աշխարհայացք է:

Որտեղ էլ լինեմ, ինչով էլ զբաղվեմ ապագայում, մշտապես շարունակելու եմ սրտացավ և ուշադիր լինել իմ հարազատ բուհի հանդեպ, փորձելով օգտակար լինել Հայաստանում և արտերկրում լավագույն համբավն ունեցող կրթօջախին»:




Լրահոս