Ինչպես ազատ արձակվեց Դինա Ակոպովնան. ուշագրավ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ազատ է արձակվել հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը՝ նույն ինքը Դինա Ակոպովնան, որ հետախուզվում էր ինտերպոլի կողմից ԱՄՆ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում: Գրիգորյանը նոյեմբերի 6-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն. փետրվարի 2-ից Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից հետախուզվում էր, քանի որ ԱՄՆ-ում նրան մեղադրանք է առաջադրվել մուտքի արտոնագրերի հետ կապված խարդախություններ կատարելու եւ փողերի լվացման համար:

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է անդրադարձել այս թեմային` տեղեկացնելով, որ ԱՄՆ իրավապահները բացահայտել էին, թե ինչպես է ՀՀ քաղաքացիներին մուտքի վիզա ստանալու համար պարի կեղծ վկայագրերով տրամադրվել ազգային կոստյումներով բեմականացված լուսանկարներ: Գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել 47-ամյա Ստելլա Բոյաջյանին Նյու Յորքից, 30-ամյա Հրաչյա Աթոյանին: Ի դեպ, մինչեւ թավշյա հեղափոխությունը հաղորդավարուհին վստահաբար պնդում էր , որ այդ ամենի հետ կապ չունի եւ, առհասարակ, ԱՄՆ մուտքի արտոնագրից չի զրկվել, սակայն այսօր արդեն ինքնակամ ներկայացել է իրավապահներին:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից փորձեց պարզել, թե, ի վերջո, ինչ ավարտ ունեցավ հաղորդավարուհու ինքնակամ իրավապահներին ներկայանալու գործընթացը: «2018թ. նոյեմբերի 3-ին ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել եւ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի ՁՊՎ է տեղափոխվել ԱՄՆ իրավասու մարմինների կողմից հետախուզվող ՀՀ քաղաքացի Դիանա Հակոբի Գրիգորյանը: Դ. Գրիգորյանի ձերբակալման վերաբերյալ նույն օրը ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է ԱՄՆ իրավասու մարմիններին: Հիմք ընդունելով ԱՄՆ իրավասու մարմիններից ստացված պատասխանը` Դ. Գրիգորյանին կալանավորելու մասին միջնորդություն դատարան չի ներկայացվել, եւ նա ազատվել է արգելանքից»,- ասված է դատախազության պատասխանում:




Լրահոս