Ովքեր են գաղտնի պահում իրենց ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նույնիսկ նոր Հայաստանում կան պաշտոնյաներ, որոնք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով շարունակում են չներկայացնել իրենց գույքի եւ ունեցվածքի մասին հայտարարագրերը: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ամփոփել է 2018 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ պաշտոնեական պարտականությունները ստանձնելու եւ դադարեցնելու հայտարարագրեր չներկայացրած անձանց տվյալները: Օրենքով նախատեսված 30-օրյա ժամկետի ավարտից հետո պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագիր չի ներկայացրել 7 անձ, իսկ պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիր՝ 29 անձինք:

Պաշտոնեական լիազորությունները ստանձնելու հայտարարագրեր չեն ներկայացրել, օրինակ, ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը, Պետական պահպանության գլխավոր վարչության Իջեւանի պահպանության բաժնի պետ Արմեն Գեւորգյանը, Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Շիրակի տարածաշրջանային բաժնի Բավրայի բաժանմունքի պետ Լեւոն Շահնազարյանը եւ այլք: Իսկ 29 անձի մեջ են նախկին Գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը, որը հետախուզվում է մարտի 1-ի գործի շրջանակներում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով:

Հայտարարագիր չի ներկայացրել Մշակույթի նախարարի նախկին տեղակալ Արեւ Սամուելյանը, ում անվան հետ կապված եւս քրեական գործ կա, նաեւ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, որին մեղադրանք է առաջադրված թավշյա հեղափոխությունից հետո հարուցված քրեական գործի շրջանակներում, ԱԻՆ նախկին տեղակալ Էնրիկո Ապրիամովը եւ այլն: Հավելենք, որ վերոնշյալի առնչությամբ Հանձնաժողովի կողմից հարուցվել են վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի վարույթներ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասով:

Հ.Գ. ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն իր հայտարարագիրն արդեն ներկայացրել է:




Լրահոս