ՊԵԿ-ը պայքարի մեջ է մտել. ով է թիրախը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն «պայքարի» մեջ է մտել «Վահրամ Առաջին» ընկերության հետ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՊԵԿ-ը դիմել է ՀՀ ֆինանսների նախարարություն ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում ներառելու պահանջով:

Ըստ «Վահրամ Առաջին» ընկերության ներկայացրած փաստարկների` իր եւ ՊԵԿ-ի միջեւ այս տարվա հունվարին կնքվել է Երեւանի Ահարոնյան 12/3 հասցեի ՊԵԿ մասնաշենքի վերանորոգման աշխատանքների կատարման պետական գնման պայմանագիր:

Հետագայում այս պայմանագրում փոփոխություններ կատարելու նպատակով հուլիսի 11-ին երկու կողմերի միջեւ կնքվել է համաձայնագիր, ըստ որի` ընկերությունը մոտավորապես 258 հազար դրամի կատարված աշխատանքների կատարողականն ուղարկել է ՊԵԿ-ին, սակայն այդպես էլ արձագանք չի ստացել: Ըստ «Վահրամ Առաջին»-ի` ՊԵԿ-ը «ինչ-ինչ պատճառաբանություններով ձգձգել եւ չի ստորագրել կատարողականը, որն էլ, ըստ էության, խոչընդոտ է հանդիսացել ընկերության համար պայմանագրով նախատեսված հետագա աշխատանքները կատարելու համար»:

Իսկ ահա ՊԵԿ-ն էլ իր փաստարկներն ու դիրքորոշումն ունի: Այսպես, ՊԵԿ-ն էլ իր հերթին պնդում է, որ «Վահրամ Առաջին» ընկերությունը պարտավոր էր մինչեւ այս տարվա սեպտեմբերի 21-ը կատարել 4 մլն 257 հազար 130 դրամի աշխատանքներ, սակայն մինչեւ նշված ժամկետը կատարել է ընդամենը 391 հազար 40 դրամի աշխատանք: Ըստ ՊԵԿ-ի` ընկերությունը խախտել է պայմանագրի էական պայմանները: Արդյունքում ՊԵԿ-ը ստիպված է եղել միակողմանի մասնակի լուծարել պայմանագիրը 3 մլն 866 հազար 90 դրամ չկատարված աշխատանքների մասով:

Բայց մյուս կողմից` ըստ ՊԵԿ-ի` ընկերությունը պարտավորվել է աշխատանքների 100 տոկոսը կատարել անձամբ, պայմանագրով նախատեսված կարգով եւ ժամկետներում, իր ուժերով, գործիքներով, մեխանիզմներով, ինչպես նաեւ անհրաժեշտ նյութերով ու պատշաճ որակով: Հակառակ դեպքում աշխատանքները սահմանված ժամկետում չկատարելու հետեւանքով ընկերության նկատմամբ տուգանքներ ու տույժեր են կիրառվել:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՊԵԿ-ը հոկտեմբերի 5-ին միակողմանի մասնակի լուծարել է երկու կողմերի միջեւ կնքված պայմանագիրը: Բացի այս, ՊԵԿ-ը պնդում է նաեւ, որ ընկերությանը դեռեւս սեպտեմբերի 17-ին նախազգուշացրել է պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարել, հակառակ դեպքում կկիրառվեն տույժեր ու տուգանքներ:

Ըստ կնքված պայմանագրի` կապալառուն, այս դեպքում` «Վահրամ Առաջին»-ը, պարտավորվում է սահմանված կարգով կատարել վերանորոգման աշխատանքները, իսկ պատվիրատուն` ՊԵԿ-ը, իր հերթին պարտավորվում է ընդունել կատարված աշխատանքը եւ վարձատրել դրա համար:
Ի դեպ, պատվիրատուն իրավունք ունի միակողմանի լուծարել պայմանագիրը եւ պահանջել հատուցելու իրեն պատճառված վնասները այն դեպքում, երբ կապալառուն ժամանակին չի սկսում աշխատանքի կատարումը կամ այն այնքան դանդաղ է կատարում, որ դրա ժամանակին ավարտը դառնում է ակնհայտ անհնար, կամ էլ խախտել է պայմանագրում նախատեսված ժամկետը:

Բայց ընկերությունը ընդամենը կատարել է 391 հազար 40 դրամի աշխատանք, որոնց համար ներկայացվել է կատարողական ակտ միայն 285 հազար 379 դրամի կատարված աշխատանքների մասով: Իսկ 105 հազար 661 դրամի չափով կատարված աշխատանքների համար կատարողական ակտ չի ներկայացվել: Արդյունքում գնումների բողոքարկման խորհուրդը որոշել է բավարարել ՊԵԿ-ի` «Վահրամ Առաջին» ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու պահանջը: Ի դեպ, ընկերությունը սեւ ցուցակում կմնա դեռ երկու տարի:

Ըստ ՀՀ պետական ռեգիստրի` «Վահրամ Առաջին» ընկերությունը ստեղծվել է 2014 թվականին, իսկ հիմնադիրն է Վալերիկ Վարդանյանը: Ըստ որոշ տեղեկությունների` ընկերությունը մի քանի անգամ մասնակցել է պետական գնումների գործընթացներում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել ընկերության հետ, սակայն անհաջող:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս