Երեկ լրացավ դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետը: ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 ուժ` «Ազգային առաջընթաց» կուսակցություն, ԲՀԿ, «Իմ քայլը» դաշինք, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, ՀՅԴ, ՀՀԿ, «Մենք» դաշինք, «Սասնա Ծռեր» կուսակցություն, «Քաղաքացու որոշում» կուսակցություն, «Քրիստոնեա-դեմոկրատական վերածնունդ» կուսակցութուն եւ ՕԵԿ:
ՀՀԿ-ն հրապարակել է 125 հոգուց բաղկացած ցուցակ: Սպասելի էր, որ ցուցակում չեն լինի գործարար-պատգամավորները, սակայն ուսումնասիրելով ցուցակը` նկատեցինք, որ չկան նաեւ քաղաքական թիմի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի թիմակիցները: Օրինակ` ցուցակում չկան ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, պատգամավոր Կարեն Ավագյանը, ով օրեր առաջ նաեւ հեռացվեց կուսակցության երիտթեւի ղեկավարի պաշտոնից: Վերջինիս փոխարեն ցուցակում է նրա եղբայրը` Արթուր Ավագյանը: ՀՀԿ-ական պատգամավորներից ցուցակում չկան նաեւ Սամվել Նիկոյանը, Կորյուն Նահապետյանը, Սամվել Ֆարմանյանը, Հակոբ Հակոբյանը, Կարեն Բեքարյանը, Միհրան Հակոբյանը, Արման Սաղաթելյանը, Ջեմմա Բաղդասարյանը, Հովհաննես Սահակյանը եւ բոլոր լրագրողների սիրելի մաեստրոն՝ Գալուստ Սահակյանը, ում փոխարեն առաջադրվել է որդին՝ Արման Սահակյանը:
Նկատենք, որ ցուցակում չկան նաեւ Շուշան Սարդարյանն ու Անդրանիկ Հարությունյանը, ովքեր համարվում էին նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կադրերը: Իսկ ահա ցուցակում կան նախկին մարզպետներ` Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը, Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը, Արագածոտնից Սարգիս Սահակյանը, Արմավիրից Աշոտ Ղահրամանյանը, Վայոց ձորից Հարություն Սարգսյանը, Գեղարքունիքից էլ Ռաֆիկ Գրիգորյանը: Ցուցակում այնքան էլ շատ փոփոխություններ չկան, եւ, թերեւս, անակնկալներից մեկը Դավիթ Շահնազարյանի` եռյակում լինելն է, ով հետեւում է թողել նաեւ քաղաքական թիմի ներկայացուցիչներին: Նշենք, որ ՀՀԿ ցուցակում են նաեւ ռեֆորմիստներից Վահան Բաբայանը եւ Անահիթ Մութաֆյանը: Արտաշես Գեղամյանն ու Հայկ Բաբուխանյանը կրկին ցուցակում են, իսկ ահա Խոսրով Հարությունյանը` ոչ:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: