Ինչ փոփոխություններ են եղել ընտրացուցակներում. հետաքրքիր անուններ են ավելացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ լրացավ դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետը: ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 ուժ` «Ազգային առաջընթաց» կուսակցություն, ԲՀԿ, «Իմ քայլը» դաշինք, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, ՀՅԴ, ՀՀԿ, «Մենք» դաշինք, «Սասնա Ծռեր» կուսակցություն, «Քաղաքացու որոշում» կուսակցություն, «Քրիստոնեա-դեմոկրատական վերածնունդ» կուսակցութուն եւ ՕԵԿ:

Հիմնականում բոլոր ուժերը ներկայացրել են 100-ից ավել անձից բաղկացած ընտրացուցակներ եւ գրեթե բոլոր ուժերի պարագայում էլ համամասնական ցուցակում ընդգրկվածները նաեւ առաջադրվում են վարկանիշային ընտրակարգով եւ, իհարկե, առանց անակնկալներ հնարավոր չէ:

Օրինակ` «Իմ քայլը» դաշինքը բաղկացած է 183 թեկնածուներից, որոնք բոլորն էլ, բացի ցուցակը գլխավորող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, առաջադրվելու են նաեւ վարկանիշային ընտրակարգով: Այս ցուցակում անակնկալներ եւս կան, եւ մեծ թիվ են կազմում անկուսակցական թեկնածուները: Օրինակ` ցուցակի 36-րդ հորիզոնականում «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանն է:

Նախկին ՀՀՇ-ական պատգամավոր Հովհաննես Իգիթյանը եւ մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւս ցուցակում են` 47 եւ 46 հորիզոնականներում: Թերեւս շատերի համար զարմանալի էր մարզիկների` ցուցակում գտնվելը, մասնավորապես ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը եւ ծանրամարտիկ Առաքել Միրզոյանը համամասնական ցուցակում են: Ընդգծենք, որ վերջինս նախկինում Հանրապետական կուսակցության անդամ էր:

Մյուս ուժերի պարագայում այնքան էլ անակնկալներ չկան: ԲՀԿ-ի առաջին տասնյակի դասավորվածությունն է հետաքրքիր, եւ Գագիկ Ծառուկյանին հաջորդում են ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն ու Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախկին նախարար Արթուր Գրիգորյանը: Ցուցակում կրկին Տիգրան Ուրիխանյանն է, որի կուսակցության հետ 2017թ. ԱԺ ընտրություններում ԲՀԿ-ն «Ծառուկյան» դաշինքն էր կազմել: Բացակայում է Արարատ Զուրաբյանը: Առաջին տասնյակում նաեւ ավագանու անդամ Արման Աբովյանն է: ՀՅԴ-ի պարագայում էլ ցուցակում չկա Դավիթ Լոքյանը, նաեւ Անդրանիկ Կարապետյանը, ով վերջին շրջանում ՀՅԴ-ից տարբերվող դիրքորոշում էր հայտնում: ՀՅԴ-ի առաջին եռյակն է` Արմեն Ռուստամյան, Արսեն Համբարձումյան, Արթուր Խաչատրյան:

«Սասնա ծռեր» կուսակցության կազմում ընդգրկված են նաեւ անկուսակցականներ եւ այլ ուժերից ներկայացուցիչներ: Մասնավորապես, ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը: Ցուցակում է նաեւ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, «Սասնա ծռեր» խմբի որոշ անդամների փաստաբան Արայիկ Պապիկյանը եւ «Գալա» հեռուստաընկերության լրագրող, Գյումրիում գործող «Գալա» կուսակցության անդամ Հերմինե Մկրտչյանը, ով նաեւ կուսակցության մամուլի խոսնակն է: Սակայն ցուցակի վերին հորիզոնականում խմբավորման անդամներն են:

ՕԵԿ-ի դեպքում ամեն ինչ նույնն է, կուսակցության ցուցակը գլխավորում է իրենց անփոխարնելի առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, հետո Մհեր Շահգելդյանն ու Հեղինե Բիշարյանն են:

«Մենք» դաշինքն առաջնորդելու է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, հետո «Ազատ դեմոկրատների» ղեկավար Խաչատուր Քոքոբելյանն է, հետո նրա տեղակալ Անժելա Խաչատրյանը: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում Էդմոն Մարուքյանն է, Մանե Թանդիլյանն ու Արման Բաբաջանյանը եւ այսպես շարունակ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս