ՀՀ Վճռաբեկ դատարանում, քրեական պալատի դատավոր Արթուր Պողոսյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշում կայացվեց մասնակիորեն բավարարել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վճռաբեկ բողոքը և մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը: Այսպիսով` որոշում կայացվեց գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ դատարան՝ նոր քննության: Ռոբերտ Քոչարյանը դատարանի դահլիճում չէր:
Ինչպես հայտնի է` դատարանն այսօր քննել է սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վճռաբեկ բողոքները:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը բացասական է գնահատել առաջին տպավորությունը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-ի քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Օգոստոսի 13-ին վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը եւ բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը: Արդյունքում գործը հասավ ՀՀ վճռաբեկ դատարան: Գրել էինք, որ հարցի քննարկմանը մասնակցելու են ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի բոլոր անդամները, ինչպես նաեւ պալատի անդամների փորձագետները:
Օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորները Ռոբերտ Քոչարյանի կալանավորման միջնորդության գործով մեկ եզրակացության են եկել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` անգամ որոշում է կայացվել, որ այն դատավորը, որը քննելու է այս գործը, բողոքի ողջ էության մասին տեղեկությունները տրամադրելու է ՀՀ վճռաբեկ դատարանի պալատի բոլոր անդամներին, որպեսզի նրանք ամբողջությամբ ծանոթանան բողոքի բովանդակությանը:
Այսպիսով, ՀՀ Վճռաբեկ դատարանում շուրջ երկու ամիս տևած քննարկումներից հետո դատավորները, կարծես թե, գտան իրավիճակից դուրս գալու մեկ տարբերակ, որն, ըստ նրանց, ամենահարմարն էր: «Ժողովուրդ» օրաթերթի կանխատեսումը, թե ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորները կարծում են, որ ճիշտ կլինի Ռոբերտ Քոչարյանի մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը բեկանել և այն ուղարկել կրկին ՀՀ քրեական վերաքննիչ դատարան նոր քննության, հաստատվեց:
Բանն այն է, որ ուսումնասիրելով գործը` ՀՀ վճռաբեկ դատարանում արձանագրել են, որ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավորը, քննելով Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը, ընդամենը մեկ հանգամանք է հաշվի առել եւ մյուս հանգամանքների վրա ուշադրություն չի դարձրել:
Մասնավորապես, նկատել են, որ քննիչը միջնորդություն ներկայացնելիս ասել է, որ օրինակ Ռոբերտ Քոչարյանը անձեռնմխելի չէ, նա կատարել է հանցավոր արարք, նա կարող է խոչընդոտել գործի քննությանը, խուսափել քննությունից: Արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը գործը քննելիս ընդամենը մեկ հանգամանքի վրա է կանգ առել, որ Ռոբերտ Քոչարյանը անձեռնմխելի է ու վերջ, եւ մյուս հանգամանքները, որ նա կարող է իր դիրքն ու հեղինակությունն օգտագործելով` խոչընդոտել քրեական գործի քննությանը կամ խուսափել քննությունից, դատավոր Ազարյանը քննության առարկա չի դարձրել:
Արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանում կարծում են, որ ճիշտ կլինի Ռոբերտ Քոչարյանի կալանավորման գործը բեկանել եւ ուղարկել ՀՀ վերաքննիչ դատարան նոր քննության, ինչո՞ւ, քանի որ ՀՀ վճռաբեկ դատարանում գտնում են, որ Ռոբերտ Քոչարյանը անձեռնմխելի չէ եւ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը պետք է քննության առնի նաեւ գործով մյուս հանգամանքները, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանը կարող է խուսափել քննությունից եւ խոչընդոտել քննության ընթացքին: Ըստ էության, ՀՀ վճռաբեկ դատարանը եկել է այն եզրակացությանը, որ ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս բոլոր հանգամանքները պետք է քննության առարկա դարձներ, ուստի հավանաբար ճիշտ կլինի գործը ուղարկել նոր քննության բոլոր հանգամանքները հանգամանալից քննություն դարձնելու նպատակով: Սպասենք այս գործով նոր զարգացումներին:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: