ԲԴԽ անդամի ընտրություններից հետո դատական համակարգում «կռիվ» է ընկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 8-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ եւ Դավիթաշենի նստավայրում կայացել է Բարձրագույն դատական խորհրդի նիստ, ընտրվել է ԲԴԽ նոր անդամ՝ Նախշուն Տավարացյանը: Ընտրությունից հետո դատական համակարգում «կռիվ» է ընկել, որից հետո Նախշուն Տավարացյանը հրաժարվել է ԲԴԽ անդամ լինելուց:

Այսպիսով, 2015 թվականի փետրվարի 5-ից ՀՀ Նախագահի հրամանագրով Ռուզաննա Հակոբյանը համարվում էր ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր, իսկ ահա 2018 թվականի մարտի 1-ին նա ընտրվեց ԲԴԽ անդամ: Ինչեւէ, տարին դատավորի համար նոր անակնկալ էր մատուցել, եւ այս տարվա հոկտեմբերի 4-ին ՀՀ նախագահը հրամանագիր էր ստորագրել Ռուզաննա Հակոբյանին վեց տարի ժամկետով նշանակել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին եւ 166-րդ հոդվածի 4-րդ մասերը, ինչպես նաեւ Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 27-ի ԲԴԽ-40-Ո-108 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Ռուզաննա Հակոբյանին նշանակել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ վեց տարի ժամկետով»:

Արդյունքում Ռուզաննա Հակոբյանը պետք է հրաժարվեր ԲԴԽ անդամ լինելուց եւ անցներ դատարանի նախագահի պարտականություններին:

Ուստի Բարձրագույն դատական խորհրդի անդամներից մեկի տեղը մնաց թափուր: Նոյեմբերի 8-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանի նստավայրում կայացել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության նիստ, որը անցել է բավականին թեժ: ԲԴԽ անդամ դառնալու համար իրենց թեկնածություններն են առաջադրել երեք դատավոր` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորներ Նախշուն Տավարացյանը, Ստեփան Միքայելյանը եւ Սուրեն Անտոնյանը :

Քվեարկության արդյունքում հայտարարվել է, որ ԲԴԽ անդամ է ընտրվել Նախշուն Տավարացյանը, սակայն թեկնածուներից մեկը` Սուրեն Անտոնյանը, չի հաշտվել քվեարկության արդյունքների հետ եւ պահանջել է կրկին վերջնահաշվարկ իրականացնել: Վերջինիս պահանջը չի մերժվել, եւ վերջնահաշվարկը կայացել է, որի արդյունքներից պարզ է դարձել, որ Նախշուն Տավարացյանը հավաքել է ընդամենը 22 ձայն, իսկ ահա Սուրեն Անտոնյանը` 72 ձայն: Ըստ էության, Սուրեն Անտոնյանը պետք է ընտրվեր ԲԴԽ անդամ , սակայն նրան բացատրել են, որ օրենքը պահանջում՝ ԲԴԽ երկու անդամ պետք է կին լինի, որպեսզի պահպանվի գենդերային հավասարությունը, ուստի անկախ նրանից` Սուրեն Անտոնյանը շատ ձայն է հավաքել, թե ոչ` միեւնույն է, նա չի կարող լինել ԲԴԽ անդամ:

Այս որոշումը դատական համակարգում խառնաշփոթ է ստեղծել, դատավորները սկսել են դժգոհել` ասելով, թե Նախշուն Տավարացյանը ընտրվեց ԲԴԽ անդամ, քանի որ Գագիկ Հարությունյանն է ցանկացել, որ այդպես լինի: Այս խոսակցություններն էլ ունեցել են իրենց հետեւանքները: Ընտրվելուց հետո Նախշուն Տավարացյանը ասել է, որ հրաժարվում է ԲԴԽ անդամ լինելուց. «գնացե՛ք, նոր ընտրություն արե՛ք», իսկ թե ինչու, չի պատճառաբանել: Ըստ էության, նա ցանկացել է այս քայլով ցույց տալ, որ ցանկանում է իր գործընկերների հարգանքը պահպանել եւ զերծ մնալ այն գնահատականներից, թե նա ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի «դաբրոյով» ընտրվեց:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել դատավոր Նախշուն Տավարացյանից, թե արդյոք նա ԲԴԽ անդամ լինելուց հրաժարվել է, որպեսզի դատական համակարգում պահպանի իր գործընկերների հարգանքը եւ զերծ մնա այն գնահատականներից, թե նա ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի «դաբրոյով» դարձավ ԲԴԽ անդամ, ի պատասխան` դատավորն ասաց .«Դա ուղղակի հերյուրանք է, դա զրպարտություն է, դա կապ չունի, հնարավոր չէ, որ դատական համակարգում նման լուրեր տարածվի, որովհետեւ դատավորնեը ականատես եղան, երբ հաշվիչ հանձնաժողովը հայտարարեց, որ օրենքով տրված իմ իրավունքից ես օգտվել էի, սկսեցին տարաբնույթ մեկնաբանություններ տալ, եւ դատական համակարգում ստեղծվեց անառողջ մթնոլորտ, անհամերաշխություն ստեղծվեց, սկսեցին տեղիք տալ տարբեր քննարկումների, ընդհուպ սկսեցին մինչեւ օրենքի մեկնաբանության հետ կապված անկարողության հասնել:

Ես, տեսնելով, որ անհամերաշխություն է, անառողջ մթնոլորտ է ստեղծվում, իսկ դա իմ ընտանիքն է, ես չէի կարող մարդկանց կամքին հակառակվել: Եթե ցանկանում են, որ Անտոնյանը հաղթի, խնդրեմ, թող Անտոնյանը անցնի, բացարձակապես ես բան չունեի: Իմ թեկնածությունը դրել էի` օրենքով տրված իմ իրավունքից օգտվելով, բայց եթե օրենքը տալիս է տարաբնույթ մեկնաբանություն, եւ այդ հողի վրա մեր դատական համակարգում կարող է առաջանալ անհամերաշխություն, անառողջ մթնոլորտ ձեւավորվել, ես, իհարկե, չեմ կարող դա ընդունել: Այդ ամենին ես, ականատես լինելով, դա իմ ընտանիքն է, ո՞վ կցանկանա, որ իր ընտանիքում անառողջ մթնոլորտ լինի, ասեցի` հանգստացե՛ք իմ գործընկերներ, ես հրաժարվում եմ, եթե իմ ընտրվելը ձեզ մոտ անհամերաշխություն է առաջացնում, ես հրաժարվում եմ: Ընդամենը այսքան բան, այլ բան չկա»:

Քնար Մանուկյան




Լրահոս