Տեղեր գյուղում 4 տարի առաջ է երեխա ծնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արագածոտնի մարզի Տեղեր գյուղում ո՛չ դպրոց կա, ո՛չ էլ աշակերտ: Տեղերի ՀՀԿ-ական գյուղապետ Գառնիկ Հովհաննիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ գյուղում ապրում է ընդամենը 40 բնակիչ: Տեղերի բնակիչների եկամտի միակ աղբյուրը խոտ հավաքելն է, որը նրանք վաճառում են որպես անասնակեր:

Մեզ հայտնի դարձավ, որ Տեղերի գյուղապետը նորանշանակ մարզպետ Դավիթ Գեւորգյանին ընդամենը մեկ անգամ է հանդիպել մարզխորհրդի նիստին, բայց դեռ չի հասցրել մարզպետին ծանոթացնել գյուղի խնդիրներին: Իսկ խնդիրները բազմաթիվ են:

Օրինակ՝ գյուղը ոչ միայն դպրոց չունի, այլեւ աշակերտ: Եւ այն ընտանիքները, որոնք դպրոցահասակ երեխաներ ունեն, բնակություն են հաստատել Պռոշյանում, Էջմիածնում կամ Երեւանում: «Ժողովուրդ» օրաթերթը գյուղապետից տեղեկացավ նաեւ, որ Տեղեր գյուղում վերջին անգամ 4 տարի առաջ է երեխա ծնվել: Այժմ գյուղում հիմնականում ապրում են ծերացող ընտանիքներ, երիտասարդներ գրեթե չկան: Բայց չնայած սրան` գյուղի բնակիչները անհամբեր սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին: «Ժողովուրդ» օրաթերթը գյուղապետից հետաքրքրվեց` հնարավո՞ր է առաջիկայում անդամակցի ՔՊ-ին:

-Հնարավո՞ր է` դադարեցնեք անդամակցությունը ՀՀԿ-ին:

-Գիտե՞ք, ես կարծում եմ, որ գյուղապետը պարտադիր չէ, որ կուսակցական լինի: Ճիշտ չէ: Պետք չէ, որ կուսակցությանը ենթարկվես, քո ժողովրդի հետ եղի՛ր, իրեն էլ ծառայի՛ր…

-Այսինքն` շարունակելո՞ւ եք մնալ որպես ՀՀԿ-ական:

-Ո՞ւր է, ՀՀԿ-ական կա՞ հիմա (ծիծաղում է-Ս.Հ.): Չգիտեմ, եկեք կուսակցություններին դնենք մի կողմ, եթե կառավարություն ունենք, մենք պետք է իրեն ենթարկվենք:

-Հնարավո՞ր է` ՔՊ-ին անդամակցեք…

-Ըսենց թե ընենց, մենք` գյուղապետներս, իրենց հետ ենք աշխատում… հո դաշնակցության հետ չենք աշխատում: Մեր հարցերը իրենց հետ է լուծվում, մի բանի կարիք ունենք, իրենց ենք դիմում: Ի՞նչ անենք, որ այն ժամանակ էլ ՀՀԿ-ին էինք դիմում: Ես հիմա ՀՀԿ-ական եմ, դուրս չեմ եկել կուսակցությունից: Այսպես էլ մնացել եմ, ոչ էլ զբաղվել եմ այդ հարցով: Բայց մենք ՀՀԿ-ականների հետ ո՛չ հանդիպում ենք, ո՛չ խոսում եւ ո՛չ էլ պահանջ ենք դնում:

-Այնուամենայնիվ, ՀՀԿ-ից դուրս եք գալո՞ւ, թե՞ ոչ…

-Չգիտեմ` դուրս գամ, թե չգամ, դեռ չեմ որոշել: Սպասենք, տեսնենք` ինչ կլինի: Դեկտեմբերյան ընտրություններից հետո պարզ կդառնա ամեն ինչ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս