Բուժհիմնարկները անակնկալ դուրս են եկել հարկատուների ցանկից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ Հայաստանում առողջապահական համակարգը ամենաստվերային ոլորտներից մեկն է: Ավելին, առողջապահության ոլորտը պատշաճ վերահսկողության չի ենթարկվում, բայց առողջապահական հիմնարկների վճարած հարկերի ծավալով հնարավոր է որոշել, թե որ հիվանդանոցն է շատ քաղաքացու սպասարկել:

Վերջին տարիներին տարբեր բուժհաստատություններում ֆինանսական հոսքերի աճ է նկատվում, ինչը, ըստ մասնագետների, պայմանավորված է դիմողների ավելացմամբ: Այսպես, Հայաստանի հազար խոշոր հարկատուների ցանկում տեղ են գտել ոչ միայն մասնավոր, այլեւ պետական բժշկական կենտրոնները:

Պարզվում է` ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող որոշ բուժհիմնարկներ թեեւ նախորդ տարվա երրորդ եռամսյակում համարվել են խոշոր հարկատու, բայց այս տարվա նույն ժամանակահատվածում տեղ չեն գտել անգամ ցանկում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ պետական եկամուտների կողմից հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկում այս տարվա երրորդ եռամսյակում տեղ է գտել Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնը: Չնայած սրան` նախորդ տարվա երրորդ եռամսյակի համեմատ` զգալի նվազեցրել է հարկային վճարումները: Եթե այս տարվա երրորդ եռամսյակում ազգային կենտրոնը պետական բյուջե վճարել է 102 մլն 201 հազար դրամ հարկ, ապա անցած տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 142 մլն 289 հազար դրամ: Բացի այս, բուժհիմնարկներ կան, որոնք այս տարվա երրորդ եռամսյակում անգամ տեղ չեն գտել հազար խոշորների ցանկում: Ասել է թե` ԱՆ ենթակայության այս կառույցները հարկ չեն վճարել:

Դրանց թվում է նաեւ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը, որը այս տարվա երրորդ եռամսյակում տեղ չի գտել հազար խոշոր հարկատուների ցանկում: Բայց նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հիվանդանոցը կատարել է 79 մլն 754 հազար դրամի հարկային վճարումներ: Նույն կարգավիճակում է նաեւ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը. այս տարվա երրորդ եռամսյակում`ոչինչ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում`86 մլն 777 հազար դրամ հարկ ու տուրք: Ուշագրավ է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը այս տարվա երրորդ եռամսյակում եւս հազար խոշորների ցանկում տեղ չի գտել: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պետական բյուջե կատարել է 828 մլն 521 հազար դրամի հարկային վճարումներ:

Մյուս կողմից` Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը նախորդ տարվա երրորդ եռամսյակում տեղ չի գտել հազար խոշոր հարկատուների ցանկում, բայց այս տարվա նույն ժամանակահատվածում պետական բյուջե վճարել է 129 մլն 942 հազար դրամի չափով հարկ ու տուրք:
Իսկ ահա Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը, հակառակը, ավելացրել է հարկերը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նշված բուժհաստատությունը այս տարվա հունվար-սեպտեմբերին պետական բյուջե վճարել է 161 մլն 408 հազար դրամ հարկ ու տուրք` անցած տարվա 112 մլն 560 հազար դրամի դիմաց:

Ըստ ՊԵԿ-ի` հիվանդանոցներից ամենախոշոր հարկատուն «Էրեբունի» բժշկական կենտրոնն է, որը այս տարվա երրորդ եռամսյակում պետական բյուջե վճարել է 1 մլրդ 188 մլն դրամ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հարկային վճարումները կազմել են 1 մլրդ 124 մլն դրամ:

Մյուս խոշոր հարկատու համարվող բժշկական կենտրոնը «Նաիրի» ԲԿ-ն է, որը այս տարվա երրորդ եռամսյակում վճարել է 524 մլն 72 հազար դրամ հարկ ու տուրք, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ԲԿ-ն պետական բյուջե վճարել է 333 մլն 388 հազար դրամ հարկ: «Արմենիա» հանրապետական ԲԿ-ն հունվար-սեպտեմբերին կատարել է 326 մլն 88 հազար դրամի հարկային վճարումներ` անցած տարվա նույն ժամանակահատվածի 301 մլն 529 հազար դրամի դիմաց:

Ի դեպ, տեղեկացնենք, որ ՀՀ որոշ բժշկական կենտրոններում հիվանդներից գանձվող վճարների հիմնական մասը օրինական մուտքագրվում է դրամարկղ, իսկ վճարողները ստանում են ՀԴՄ կտրոն: Բայց կան նաեւ խոշոր հիվանդանոցներ, որոնք չեն կարող դրանով հպարտանալ:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում որոշ բժշկական կենտրոնների աշխատակիցներ հայտարարեցին, որ բուժհաստատությունների եկամուտներն աճել են ապահովագրական հատկացումներից ստացված միջոցների հաշվին: «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցից հետաքրքրվեցինք, թե ինչն է հազար խոշոր հարկատուների ցանկում չհայտնվելու պատճառը: Սակայն Դավիդյանցն ասաց, որ չի կարող այս հարցին հստակ պատասխան տալ. պետք է դեռ հաշվապահների հետ քննարկի: Բացի այս, երեկ ողջ օրվա ընթացքում առողջապահության նախարարության հետ փորձեցինք կապ հաստատել տեղեկանալու, թե ինչու ենթակայության տակ գտնվող որոշ բուժհաստատություններ հազար խոշոր հարկատուների ցանկից անակնկալ դուրս են եկել, սակայն ապարդյուն. առողջապահության նախարարությունում անգամ կենդանի վարորդ չկար:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս